Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է»

Հուլիս 02,2009 00:00

Պատմում է համաներված քաղբանտարկյալ, գնդապետ Աշոտ Զաքարյանը

\"\"1 տարի 4 ամիս Վարդաշենի քրեակատարողականում անցկացրած Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետի կարծիքով, Հայաստանն այս հարցում եւս չի կատարում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները՝ անտեսում ու արհամարհում է միջազգային նորմերը, կոնվենցիայի այն պայմանները, որոնց տակ գաղութների մասով եւս ինքնակամ ստորագրել է: «Կարելի է մեկ բառով բնորոշել քրեակատարողական հիմնարկների վիճակը՝ խայտառակ: Եվ սա ոչ թե կապված է անձնակազմի հետ ունեցած հարաբերություններով, այլ՝ այսօր այդ հիմնարկներում առնվազն նախատեսվածից 2 անգամ ավելի մարդ է գտնվում: Եթե միայն անդրադառնանք այն \"\"հարցին, որ բոլոր կացարաններում առնվազն 2 անգամ ավելի մարդ կա, չանդրադառնանք սոցիալական, կենցաղային պայմաններին, կարելի է հետեւություն անել, թե ինչ վիճակում է այդ համակարգը»,- ասում է Աշոտ Զաքարյանը: Ըստ նրա, անտանելի է նաեւ այն, որ գաղութներում մարդկանց զգալի մասը հանիրավի անազատության մեջ է, իսկ իրեն անկախ «հորջորջող» հանձնաժողովը առիթը բաց չի թողնում դատապարտյալներին զրկելու իրենց Սահմանադրական իրավունքից՝ վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից:

«Այն հիմնարկը, որտեղ մենք մեկ տարուց ավելի գտնվել ենք եւ որոշակի պատկերացում ձեւավորվել է մեր մեջ, միանշանակ կարելի է արձանագրել. եթե մենք փորձենք համեմատության մեջ դնել էն մարդկանց, ովքեր ներսում են, ինչ հանցանք կամ ինչ զանցանք են կատարել եւ էն մարդկանց, ովքեր ազատության մեջ են եւ ամեն օր մեր աչքի առաջ ինչ-որ մեկին սպանեցին, ինչ-որ մեկին պայթեցրին, ապա, երեւի գաղութում գտնվող մարդիկ ուղղակի հրեշտակներ են: Էդ կոնտեքստում ես կուզենայի նայել, թե չէ, բնականաբար, մարդիկ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարել են, որ հայտնվել են անազատության մեջ: Բայց վստահ եմ նաեւ, որ էդ մարդիկ վաղուց արդեն պետք է դուրս եկած լինեին, էդ անկախ հանձնաժողով կոչվածը, որը անհասկանալի բան է, ուղղակի մարդկանց զրկել է օգտվելու իրենց Սահմանադրական իրավունքից՝ վաղակետ ազատվելուց: Աբսուրդը ուր է հասել. մարդը կալանքի տակ է ինչ-որ ժամանակահատված, եւ հիմնարկի ղեկավարությունը գտնում է, որ էդ մարդը ուղղվել է՝ նորմալ վարքագիծ է դրսեւորել եւ ենթակա է վաղակետ ազատման: Ներկայացնում են էդ հանձնաժողովին, էդ հանձնաժողովը գալիս մերժում է, էդ հանձնաժողովը ի՞նչ իմանա, թե մարդն ի՞նչ վարքագիծ է դրսեւորել: Այսինքն, սա եւս կոռուպցիոն դրսեւորում է, ինչի արդյունքում էսօր անազատության մեջ էն մարդիկ են, որոնք ուղղակի վաղուց արդեն պետք է դուրս եկած լինեին: Եվ էնտեղ որպես կանոն հայտնվում է խեղճուկրակը, հատկապես էն հատվածը, ովքեր էս կամ էն ճանապարհով իրենց հարցերը լուծելու հնարավորություն չեն ունեցել եւ վերջին հաշվով հայտնվել են անազատության մեջ»,- դատապարտյալների վիճակը այսպես է բնութագրում քաղաքական հայացքների համար գաղութում հայտնված գնդապետը:

Գուցե նրա գնահատականը փոքր-ինչ սուբյեկտիվ հնչեր, եթե մի քանի օր առաջ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ չայցելեինք Արթիկի քրեակատարողական հիմնարկ ու անձամբ դատապարտյալներից բողոքներ չլսեինք այդ նույն «անկախ» հանձնաժողովի «քմահաճ» գործունեությունից: Գողության համար 5 տարի ազատազրկման դատապարտվածներից մեկը, մեզ տեսնելուն պես՝ դժգոհեց. «Եթե համաներում են անում, բայց մեկին ներում են, մյուսին չէ, ո՞ւմ է պետք էդ ներումը, անելուց թող մարդավարի անեին, դա իմիտացիա ա, հեչ չեմ զգում, որ էս իշխանությունները ուզում են խելքի գալ, իրենք չգիտե՞ն, որ գաղութի պայմանները էն չեն, ոչ մի կալանավորի վրա կարգին ուշադրություն չեն դարձնում, վաղաժամկետ էլ չեն ազատում, օրինակ՝ մեր գաղութում 100-150 հոգի վաղաժամկետ ազատվող կա, հլա ներս չմտած՝ ասում են. «դուրս եկեք, կտրված եք». ոչ պատճառն են ասում, ոչ՝ պատճառաբանությունը: Ես էստեղ 2 տարի 4 ամիս եմ գտնվում, իմ հերթը օգոստոսին է հասնելու, բայց վստահ եմ, որ նույն ձեւի ասելու են՝ հելի ռադդ քաշի: Եթե 20 հոգի իջնում են վաղաժամկետին ներկայանալու, ապա էդ 20 հոգուց երեւի մի հոգին անցնի, էն էլ կասկածելի ա՝ անցավ, թե չանցավ: Բայց մարդ ենք, չէ՞, ասենք թե ժամանակին սխալվել ենք, ծանր հանցագործություն չենք կատարել, հիմա էլ մեր սխալն ընդունում ենք»: Գաղութի պայմաններից խոսելիս, որոշ բանտարկյալներ նաեւ փաստում էին, որ անցած տարիներին այս գաղութում շունը տիրոջը չէր ճանաչում, իսկ վերջին 1 տարում՝ պետի փոփոխությունից հետո, «մի քիչ սկսել են շունչ քաշել»: «Առավոտը» Արթիկի քրեակատարողականի նորանշանակ պետ Արամ Խաչատրյանից եւս հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են վաղաժամկետ ազատվելը դարձնում մեծ խնդիր: «Ես չէի ասի, էդ երեւի դատապարտյալներն են այդպիսի բնութագիր տվել, դե, բնական է, բոլորն էլ ձգտում են շուտ ազատվել, բայց էդպես չի, չափանիշներ կան: Եվ հասարակությունն է երեւի պահանջում, որ ամեն մեկի ուզելով ազատում չլինի, վերջը մարդիկ ինչի՞ համար են մեկուսացված, ովքեր հասարակության համար վտանգ են ներկայացրել: Վաղաժամկետ ազատմանը չի կարելի մատների արանքով նայել, ընդամենը, ասենք, խախտում չի թույլ տվել, որ պարտադիր ազատեն, էդպես չի»,- հանձնաժողովի գործողությունները արդարացնում է քրեակատարողականի պետը, որի անաչառությանը, սակայն, դատապարտվածները չեն հավատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել