Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը քարը փոսն է գցում»

Հուլիս 02,2009 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում շատ ավելի մեղմ խոսեց արդեն հայոց հարցը դարձած Զարուհի Փոստանջյանի «մեղքի» մասին, քան մեր թերթին օրեր առաջ տված հարցազրույցում:

Ակնհայտորեն, իշխանական ուժերը հասկացել են, որ «պերեբարշիլի»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ ասաց, որ «ոչինչը «ինչ» դարձնել չի կարելի», եւ հերթական անգամ մեղադրեց լրագրողներին. «Մանավանդ լրագրողները պիտի էդքան հրաբուխներ չառաջացնեն այդ երեւույթի առումով, որովհետեւ դա, ըստ էության, որեւէ արժեքավորվածություն չունի քաղաքական դաշտի համար, եթե ինքը գտնում է, որ մեծագործություն է կատարել, թող այդ մեծագործություններով բարձր տրամադրությամբ ապրի»: Այն պահին, երբ ընթանում էր պարոն Սահակյանի մամուլի ասուլիսը, դեռ չէր հրապարակվել արցախյան ազատամարտի մասնակիցների եւ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի:

Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ Հայաստան-ՌԴ փոխհարաբերությունների մասին՝ Սահակաշվիլու այցից հետո: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սահակաշվիլուն ՀՀ նախագահի կողմից պարգեւատրելը արդյոք վատ ազդեցություն չի՞ ունենա ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում: Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասաց. «Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները Սահակաշվիլու այցի հետեւանքով որեւէ փոփոխություն չեն կրել, եւ, կարծում եմ, չէր էլ կարող նման բան լինել»:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ «20 տարի ի վեր ամբողջ քաղաքական ուժերը, իշխանության տարբեր թեւերը հենց ղարաբաղյան խնդիրը դարձրել են իրենց օրակարգի առաջնահերթ խնդիրը: Դա մեզ համար ամենակարեւորագույն խնդիրն է, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ տեսնում է, որ անընդհատաբար եւ հասարակությունը, եւ իշխանությունը, շեշտեմ՝ ցանկացած իշխանություն, որեւէ բանաձեւ չի փոխում Ղարաբաղի հարցով, առավել եւս՝ այսօրվա գործող իշխանությունը հենց ներարկված է այդ խնդիրները լուծելու համար, թուղթը չի կարող որոշել, դա մեր ազգային ամենակարեւորագույն խնդիրներից մեկն է, եւ դա մենք համարում ենք մեր պետության ամրացման հետագա գործոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել