Փախստականների խնդրի առնչությամբ այս առաջարկն արել էր ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը՝ Ադրբեջանի իր գործընկերներին:
Ջոն Գրինվեյը՝ Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 5-ի
հանդիպման ընթացքում:
Արդեն հաղորդել ենք, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն քննարկեց «Մարդիկ, մոռացված Եվրոպայի կողմից. Երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը» զեկույցը, որը նախապատրաստել էր Ջոն Գրինվեյը: Քննարկման ժամանակ զեկույցի խիստ քննադատությամբ հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբեյլին: Ավելի ուշ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հրապարակվեցին այլ պատվիրակների՝ Ռաֆայել Հուսեյնովի եւ Գանիրա Փաշաեւայի ելույթները, որոնք հերթագրվել էին ելույթ ունենալու համար, սակայն ժամանակը չէր բավականացրել: Սակայն այդ ելույթները, ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանի խոսքը, որը նույնպես հերթագրվել էր ելույթի համար՝ ներառվել են ԵԽԽՎ պաշտոնական արձանագրության մեջ: Մինչ այդ ելույթներին համառոտ անդրադառնալը՝ ներկայացնենք, թե ինչ էր զեկույցում գրել Ջոն Գրինվեյը:
Զեկույցի բացատրական հուշագրում Ջոն Գրինվեյը հայտնում է, որ այս փաստաթուղթը նախապատրաստելու ընթացքում՝ 2009-ի մայիսի 4-8-ը, այցելել է Հայաստան եւ Ադրբեջան՝ պարզելու տեղահանված անձանց ու փախստականների իրավունքների պաշտպանության վիճակը: Եվ այս այցերի մասին իր հաշվետվությունը որպես հավելված կցել է զեկույցին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը մնում է դժվարամատչելի»,- հուշագրում արձանագրում է Ջոն Գրինվեյը: Եվ նշում է, որ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Հայաստանի կառավարությունը հույսը չէր դրել խաղաղ գործընթացի հեշտ լուծումներ գտնելու վրա, եւ առաջնահերթ նշանակություն էր հատկացրել ինտեգրացիային: «Հայաստանում չկա հատուկ օրենսդրություն տեղահանվածների իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,- նշում է զեկուցողը՝ մեջբերելով ՀՀ կառավարությունից ստացած պարզաբանումը, թե բոլոր տեղահանվածները՝ Ադրբեջանից փախստական հայերն ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները, ուստի կարիք չկա հատուկ օրենքի: Ջոն Գրինվեյը նկատել է, որ փախստականների եւ տեղահանվածների մի մասը վերաբնակվել է սահմանամերձ գոտում, շուրջ 900 փախստականների ընտանիքներ իրենց բնակարանային խնդիրները կարգավորել են բնակարանների գնման վկայագրերի ծրագրի միջոցով, որը Հայաստանի կառավարությունն իրականացնում է 2005-ից:
Վերոհիշյալ հավելվածում Ջոն Գրինվեյը մեջբերում է տվյալներ, որոնք ստացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունից, թե շուրջ 70 հազար մարդ է տեղահանվել սահմանամերձ շրջաններից, երբ 1992-1994-ին դրանք ռմբակոծվում էին ադրբեջանական ուժերի կողմից: Հենց այս տվյալն էր խիստ զայրացրել Գյուլթաքին Հաջիբեյլիին: Նույն վերաբերմունքին արժանացել էր նաեւ զեկուցողի նշած փաստը, թե ավելի շատ հայեր (շուրջ 360 հազար հոգի) բռնի տեղահանվել են Ադրբեջանից հակամարտության ընթացքում:
Ջոն Գրինվեյը նշել է, թե շուրջ 150 հազար փախստականներ ու ներքին տեղահանվածներ արտագաղթել են՝ մեծամասնությունը Ռուսաստան, բայց նաեւ Եվրոպա եւ ԱՄՆ: Ըստ նրա՝ Հայաստանում մնացած նախկին փախստականների կենսապայմանները չեն բարելավվել: Սակայն նաեւ նշում է, թե նրանց բնակարանային պայմանների բարելավումն առաջնահերթ խնդիր է կառավարության համար: Հայաստանը 45 մլն դոլարի կարիք ունի՝ փախստականների համար նոր շենքեր կառուցելու նպատակով, եւ Գրինվեյն առաջարկում է, թե հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական դժվարությունները՝ «Այս խնդիրը լուծել միջազգային դոնորի աջակցությամբ: Կոչ ենք անում Եվրոպական միությանը քննարկել այս ֆինանսավորման հարցը Արեւելյան գործընկերության կամ այլ ծրագրերի շրջանակում: Նաեւ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անդամակցել Եվրոպայի խորհրդի Զարգացման բանկին, որը կարող է առաջարկել նոր հնարավորություններ փախստականներին եւ տեղահանվածներին առնչվող ծրագրերը ֆինանսավորելու համար»: Սակայն հենց Երեւանում Ջոն Գրինվեյը տեղեկություն է ստացել, որ այսօր չկա միջազգային կազմակերպություն, որը աջակցություն կտրամադրեր տեղահանվածներին՝ դոնորները հոգնել են:
Այս հավելվածում ծավալուն անդրադարձ կա նաեւ Ադրբեջանին: Մասնավորապես նշված է, թե բնակչության թվին տեղահանվածների համամասնության առումով՝ Ադրբեջանում ամենամեծ խտությունն է Եվրոպայում՝ կան 573-603 հազար տեղահանվածներ. «Շատ տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձգտել է վերադարձնել նրանց իրենց բնակության վայրերը, փոխանակ առաջնահերթ նշանակություն տար տեղական ինտեգրմանը: Ընդգծելով տեղահանվածների իրավունքը՝ ինքնակամ, անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնալ իրենց նախկին տները՝ զեկուցողը ողջունում է վերջին շրջանում կառավարության քաղաքականության փոփոխությունը, ըստ որի՝ տեղահանվածներին տրամադրվելու են համարժեք կենսապայմաններ»: Ըստ Ջոն Գրինվեյի՝ տեղահանվածների վրանային վերջին ճամբարները փակվել են 2007-ի դեկտեմբերին: Զեկուցողն իր այցի ժամանակ տեղեկացել է նաեւ, որ կառավարությունը «Մեծ վերադարձի» ծրագիր ունի. «Այս փաստաթուղթը նախատեսում է հակամարտության կարգավորումից հետո էթնիկ ադրբեջանցիների վերադարձ եւ ծախսերի փոխհատուցում, որը գնահատվում է շուրջ 60 միլիարդ դոլար»: Ու թեեւ Ջոն Գրինվեյը նշել է, որ Ադրբեջանը հարստանում է՝ այնուամենայնիվ, միջազգային հանրությանը կոչ է արել չնվազեցնել աջակցությունը տեղահանվածներին ու փախստականներին առնչվող խնդիրների կապակցությամբ:
Այն ելույթում, որը ժամանակի սղության պատճառով չէր հասցրել ունենալ Ադրբեջանի պատվիրակ Հուսեյնովը՝ նա նշել էր, որ թեեւ ԵԽ անդամ 47 երկրներից 11-ն ունեն փախստականներ ու տեղահանվածներ՝ «Ադրբեջանը նրանց շարքում ամենաունիկալն է: Ադրբեջանը Եվրոպայում եւ աշխարհում միակ երկիրն է, որտեղ իր բնակչության 1/8-րդ մասն ապրում է փախստականի եւ տեղահանվածի կյանքով»: Եվ շարունակությունը մեղադրանքներ են Հայաստանի հասցեին. «Ադրբեջանի 1 մլն բնակիչներին այդ վիշտը պատճառել են Հայաստանը եւ այն խոշոր տերությունները, որոնք իրենց հովանու տակ են առել այդ երկիրը»:
Համահունչ ելույթ էր նախապատրաստել նաեւ Գանիրա Փաշաեւան. «Հայաստանի առաջնորդները 1988-ին իրականացրին էթնիկ զտման քաղաքականություն, որի հետեւանքով 300 հազար ադրբեջանցիներ բռնությամբ ու դաժանությամբ տեղահանվեցին իրենց պատմական բնակավայրերից»: Նաեւ նշեց, որ եթե Հայաստանը նման բան չաներ՝ հայերը մինչ այժմ էլ հանգիստ կապրեին Ադրբեջանում. «Ո՞վ է մեղավոր: Իհարկե՝ Հայաստանը եւ այդ երկրի առաջնորդները»: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց. «Մենք կոչ ենք անում, որ ԵԽԽՎ-ն լուրջ միջոցներ ձեռնարկի եւ ճնշում գործադրի Հայաստանի վրա, որ հնարավորություն տրվի ադրբեջանցի փախստականներին ու տեղահանվածներին վերադառնալ իրենց տները»:
Մի մեջբերում էլ անենք Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ դահլիճում չհնչած, բայց պաշտոնական արձանագրության մեջ ներառված ելույթից. «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվեցին ոչ միայն հարձակման, ու պատերազմի միջով անցան, այլեւ էթնիկ զտման ողբալի հանցագործության զոհ դարձան, մասնավորապես՝ Ադրբեջանի Բաքու, Կիրովաբադ եւ Սումգայիթ քաղաքներում: Բայց ի տարբերություն մեր հարեւանների՝ Հայաստանն արել է կարեւոր քայլեր ու հասել կարեւոր առաջընթացի ներքին տեղահանվածների ինտեգրման եւ իրենց նոր կյանքի կառուցմանն աջակցելուն»: Ըստ նրա՝ «Մենք դեռ շատ բան ունենք անելու, բայց մենք կարող ենք առաջնորդել ու սովորեցնել մեր հարեւաններին եւս անելու ավելին՝ իրենց ներքին տեղահանվածների համայնքին օգնելու հարցում»: