Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Երեկ Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ» խանութի մոտ, Հայ ազգային կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաքի իրազեկման թերթիկներ բաժանող երիտասարդների վրա հարձակվել է մոտ տասը հոգուց բաղկացած մի խումբ, որը ուժի գործադրմամբ նախ՝ փորձել է խլել բարձրախոսը, հետո խլել է թռուցիկներն ու դաժան ծեծի ենթարկել երիտասարդներին, որոնց թվում եղել են նաեւ անչափահասներ: Տուժածներից երեքին՝ Սահակ Մուրադյանին, Հերբերտ Գեւորգյանին եւ Տիգրան Առաքելյանին, տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ըստ որոշ տեղեկությունների, տուժածներից մեկին հարվածել են ատրճանակի խզակոթով, եւ նա գլխի ցնցում է ստացել: Հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին այցելել են ոստիկանության աշխատակիցները: Բժշկական կենտրոն են այցելել նաեւ ՀԱԿ-ի անդամները եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:

Ի դեպ, այսօրվա միջադեպին, երիտասարդների ասելով, ներկա է եղել նաեւ ընդամենը օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը փորձել է պաշտպանել երեխաներին: Երիտասարդների վրա հարձակվողները հասցրել են պատռել նաեւ նրա հագուստը: Ի դեպ, երիտասարդների վրա հարձակված եւ նրանց նկատմամբ ուժ գործադրածները, ըստ ամենայնի, եղել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները: Համենայնդեպս, նրանց թվում ոմանք ճանաչել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով անցնող եւ այդ բաժնում աշխատող ոստիկան վկաներից մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել