Երեկ արցախյան ազատամարտի մասնակից քաղբանտարկյալները, ըստ էության, ի պաշտպանություն ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարություն են տարածել: Դրանում մասնավորապես ասված է. «Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձեւը: Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձեւի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնականապես կոծկել 2008թ. մարտի 1-ին իշխանությունների, նրա նախկին եւ ներկա ղեկավարներ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի եւ ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը:
Դավիթ Հարությունյանի եւ նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի եւ դրա հետեւանքով կալանավորված անձանց ազատ արձակմանը, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսմանը եւ մեղավորների բացահայտմանը:
Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց: Պատճառաբանելով, որ Զ. Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները Ստրասբուրգից եւ Երեւանից սկսեցին վայրահաչել ու մեզ հայրենասիրության դասեր տալ: Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զ. Փոստանջյանը: Մենք՝ արցախյան ազատամարտի մասնակիցներս, եւ ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի եւ նրա լավագույն զավակների պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել եւ ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները՝ օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են եւ անբարո՝ իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ եւ քծնող»:
Հայտարարությունը ստորագրել են թվով 13 ազատամարտիկներ, այդ թվում՝ նաեւ Հակոբ Հակոբյանը, որը հանդես է եկել նաեւ Զ. Փոստանջյանին պաշտպանող իր առանձին հայտարարությամբ՝ նկատելով, որ եթե պատգամավորին վարկաբեկել ցանկացողների ձեռքին հնարավորություն լիներ, նրանք «վաղուց մեր Հայրենիքը ծախած կլինեին: Դա իրենք ապացուցել են այս տարիների ընթացքում: Իսկ հիմա անհայրենիք մարդիկ լեզու են առել ու սկսել են խոսել հայրենիքից»: Հ. Հակոբյանը «հայրենասերներին» հիշեցրել է, որ բազմաթիվ ազատամարտիկներ իշխանության «երեսից» հանձնվել են, օտար երկրներում ապաստան խնդրել, որ իշխանության «շնորհքն» է, որ այսօր Սասուն Միքայելյանն ու մյուս ազատամարտիկները անմեղ տեղը դեռ բանտում են: