Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Հուլիս 02,2009 00:00

Ու գնաց ուղիղ Գլխավոր դատախազություն

Երեկ, կեսօրից մոտ 2 ժամ անց, կատարյալ «կոնսպիրացիայի» պայմաններում, բայց իր պաշտպանների՝ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արա Զաքարյանի, նաեւ սահմանափակ թվով լրագրողների ուղեկցությամբ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր եւ 2008թ. մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մեղադրվող ու արդեն 16 ամիս հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը ներկայացավ Գլխավոր դատախազություն: Իհարկե, նրան այստեղ սպասող չկար, իսկ շենքի ներսում՝ մուտքը հսկող ոստիկանի ու «անցագրայինում» նստած կնոջ աչքերը կլորացան, երբ Փաշինյանը հայտարարեց՝ «Բարեւ ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով. նախ՝ 2007թ. հոկտեմբերի 23-ին հանրահավաքի իրազեկման նպատակով խաղաղ երթին մասնակցելու համար, իսկ ըստ իրավապահների, «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու»՝ ՔՕ 316/1, 2008թ. հետընտրական 9 օրերի ընթացքում Ազատության հրապարակում «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու»՝ ՔՕ 225 պրիմ, նաեւ՝ «Մարտի 1»-ին «Զանգվածային անկարգությունների կազմակերպման» համար:

Փաշինյանին մեկ տարուց ավելի որոնող իրավապահներին ներկայացնող ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի 3-4 «օպերները» Նիկոլի ետեւից եկան ավելի քան 20 րոպե անց: Այդ ժամանակահատվածում նա լրագրողներին հարցազրույց տվեց, հեռախոսով խոսեց ՀՀ առաջին նախագահի, նաեւ իր զավակների հետ՝ հորդորելով լավ սովորել, չմոռանալ իր խորհուրդները եւ այլն, հետո դիմելով լրագրողներին՝ զարմացավ. «Ճիշտն ասած, չէի մտածում, որ շփվելու համար այսքան երկար ժամանակ կունենամ»:

Իսկ ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց հետեւյալը. «Միանշանակ վստահ եմ, որ իմ քայլը դրական է, որ դա մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու»: Ասաց, թե երկար է մտածել ընդդիմության այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտնվելու մասին, բայց չի ցանկացել տրվել այդ գայթակղությանը, որովհետեւ դա «կարող էր տպավորություն ստեղծել եւ շահարկվել, թե ես այդ քայլով փորձում եմ թաքնվել մեր բազմահազար կողմնակիցների թիկունքում: Ես մտքով իրենց հետ եմ, ես այս ընթացքում անընդհատ եղել եմ իրենց հետ»: Ասաց նաեւ, թե պայքարելու է մինչեւ վերջ, եւ կասկած չունի, որ «մեր շարժումը, ի վերջո, հանգելու է հաղթական ավարտի»:

Խոսելով ՀՀ քաղաքացիների ու իր կողմնակիցների մոտ առկա ու իր անվտանգության առնչությամբ եղած մտահոգությունների մասին՝ ասաց, թե այդ մասով որեւէ խնդիր չի տեսնում. «Ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի եւ քաղաքական տրամաբանության տեսակետից: Եթե անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչը զոհվի հանուն գաղափարների, ուրեմն պետք է զոհվի»: Իսկ հետո-ն նա պատկերացրեց այսպես՝ «ինձ շուտով կձերբակալեն, կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման», ու հավելեց, թե ինքը բանտարկությունից չի խորշում. «Քանի դեռ ես բանտում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, եւ ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության: Քանի դեռ ես բանտում եմ, ուրեմն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատության համար պայքարելու բան ունի»:

Ավելի ուշ նա նաեւ հավելեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ինձ հետ որեւէ բան լինել չի կարող: Սրանում ես վստահ եմ: Որեւէ մեկը՝ սկսած Սերժ Սարգսյանից մինչեւ ամենավերջին չինովնիկը, երազում է, որ ինձ հետ որեւէ բան տեղի ունենա: Ինձ հետ որեւէ բան տեղի չի ունենալու: Ես բանտից դուրս եմ գալու, եւ մինչեւ իմ բանտից դուրս գալը մենք հաղթելու ենք: Այս պայքարը իմ կյանքի գործն է: Ես ուրիշ անելիք չունեմ: Բանտին ես վերաբերվում եմ որպես իմ հերթական աշխատանքի: Ի՞նչ տարբերություն՝ այս բանտախցո՞ւմ ես նստած, թե՞ մյուս կամ երրորդ»:

Հնարավո՞ր է, որ վերադարձիդ որոշման համար զղջաս: Այս հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը արձագանքեց, թե՝ բացառվում է. «Խնդրում եմ, ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք: Համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ընթանում է միակ հնարավոր ճանապարհով: Միակ ցավն ու ողբերգությունն այն է, որ մենք տասը զոհ ենք տվել: Ցանկացած զրկանք, ցանկացած կորուստ, որը վերականգնելի է, դա նորմալ է, բայց այն կորուստները, որոնք վերականգնելի չեն, ուղղակի ողբերգություն են ինձ համար՝ եռակի, քառակի անձնական ողբերգություն է, եւ ես այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտից ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր տասը զոհերի հարազատներին, ուզում եմ դիմել բոլոր զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, որ մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ցանկացած եւ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»:

Ի դեպ, մինչեւ Կենտրոնի բաժնի ոստիկանների ժամանումը, դատախազություն եկած մի տարեց կին, տեսնելով Նիկոլին շենքի ներսում, մոտեցավ նրան, համբուրեց ու հորդորեց՝ Նիկոլ ջան, քեզ լավ պահի:

Իսկ ոստիկանության աշխատակիցները մոտենալով Փաշինյանին՝ ներկայացրին իրենց վկայականը եւ ասացին, թե գնում են Կենտրոնի բաժին, որտեղ նա մինչեւ ՀՀ ԱԱԾ մեկուսարան՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելը, մնաց շուրջ 2 ժամ: Այստեղ արձանագրություն էր կազմվել, Փաշինյանը ենթարկվել էր անձնական խուզարկության, բաժնի պետը հետաքրքրվել էր, թե Նիկոլը մինչեւ ներկայանալը որտեղ է եղել, բայց պատասխան չէր ստացել:

Պաշտպան Տ. Աթանեսյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե ոստիկանությունում փորձել էին արձանագրել, որ նրան, իբր, բերման են ենթարկել. «Չստացվեց: Արձանագրեցին, որ նա ինքնակամ է ներկայացել: Իսկ խափանման միջոցի մասին խոսելը դեռ վաղ է: Մենք նախ կծանոթանանք բոլոր փաստաթղթերին եւ կձեռնարկենք նրա պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները»:

Իսկ «մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը «Առավոտին» ասաց. «Նիկոլի քայլը հարգանքի է արժանի, եւ դա միայն ինքնազոհողություն չի: Դա նախադեպը չունեցող մի ապացույց է այն բանի, որ ՀՀ-ում չկան ո՛չ գրագետ գործող ոստիկանական ուժեր, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայություն: Էդ մարդը խոստացավ, որ իրեն չեն կարողանալու որսալ, եւ ապացուցեց դա»:

Խոսելով Փաշինյանի կալանավորման եւ ընդդիմության շարժման վրա դրա հնարավոր ազդեցության մասին՝ Դ. Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ «այն իմպուլսը, որը քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակումից հետո կտար շարժմանը, առնվազն կկրկնապատկվի, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ անազատության մեջ լինելը ուղղակի մեկուսացում չի հասարակությունից եւ շարժումից, որ դա եւս պայքար է»:

Նա դժվարացավ ասել՝ իշխանությունն այնքան խելամիտ կլինի՞, որ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չընտրի. «Իշխանություններին խելքով կամ տրամաբանությամբ չեն գնահատում: Գնահատում են նենգությամբ: Իհարկե, Նիկոլին անազատության մեջ պահելը մեր շարժմանը ավելի մեծ իմպուլս կտա»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի 5.3-րդ կետում Վեհաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է արել՝ «թույլատրել» մարտյան իրադարձությունների առնչությամբ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող անձանց, «որպեսզի նրանք նախքան 2009 թ. հուլիսի 31-ը իշխանություններին ներկայանալու դեպքում ազատ մնան մինչեւ իրենց գործերի դատական քննության ավարտը»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031