Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՔՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ»

Հուլիս 02,2009 00:00

\"\"Սահակաշվիլիին պարգեւատրելու մեջ Ստեփան Գրիգորյանը «սուպեր քայլ» չի տեսնում

Չնայած նրան, որ վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում բավականին ակնառու անհարթություններ կան՝ սկսած Ջավախքում զարգացող իրադարձություններից ընդհուպ մինչեւ ՀՀ ԱԺ պատգամավորին Վրաստան մուտք գործելու արգելքը եւ այդ առիթով ՀՀ արտաքին գերատեսչության անարձագանք մնացած բողոքի նոտան, ՀՀ նախագահի ձեռամբ Վրաստանի նախագահին հանձնված բարձրագույն պարգեւով՝ Պատվո շքանշանով պարգեւատրելու մեջ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը առանձնահատուկ ոչինչ չի տեսնում: «Եթե Հայաստանի նախագահին Վրաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում շնորհել են բարձրագույն շքանշան, ընդունված է, որ Վրաստանի նախագահի՝ Հայաստան այցելության ժամանակ նրան էլ բարձր պարգեւ հանձնեն: Դա ընդունված է, փոխադարձության սկզբունքն է»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Նա նաեւ հիշեցնում է, որ ժամանակին ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովն էլ, ով հայտարարել էր, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա, եկավ Հայաստան, եւ մեր համալսարանում նրան շնորհեցին պատվո պրոֆեսորի կոչում՝ «բայց դա նրան չտվեցին ԼՂՀ հարցում իր դիրքորոշման համար, այլ՝ արարողակարգ գոյություն ունի»:

Այդ պարգեւատրման առիթով վերջին օրերին ռուսաստանյան մամուլում նույնպես հակահայկական հրապարակումներ են եղել: Հայ տարատեսակ կոմունիստներն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անելուց, իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նորմալ է համարում Ռուսաստանի ցավոտ արձագանքը՝ «Սահակաշվիլիին այնտեղ չեն սիրում, նա իրենց համար անցանկալի անձ է, բայց Հայաստանն անկախ երկիր է, ինչքան էլ որ Ռուսաստանից կախվածության մեջ լինի: Բացի այդ, կան միջազգային նորմեր, որոնցից մեկը պետությունների միջեւ փոխադարձության սկզբունքն է»: Քաղաքագետը խորհուրդ է տալիս առանձնակի ջանքեր չգործադրել եւ այս քայլում Ռուսաստանին հարվածելու դիվանագիտություն չփնտրել: Իսկ հարցի՝ ռուսաստանյան շահարկումները այսպես է մեկնաբանում. «Գուցե Հայաստանի ինչ-ինչ քայլերից դժգոհ են, ինչ-ինչ հարցերում մենք ինքնուրույնություն դրսեւորեցինք, հիմա էլ կպել են այդ չնչին հարցից ու փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել»:

Քաղաքագետը չի կիսում տեսակետը, որ այդ պարգեւատրումը ռուս-ադրբեջանական վերջին շրջանի մերձեցումների պատասխանն էր: Բայց ՌԴ նախագահի այցն Ադրբեջան նա բնութագրում է որպես «շատ կարեւոր» իրադարձություն: «Վրացական պատերազմից հետո աշխարհում շատ բաներ փոխվեցին, նաեւ, կոպիտ ասած, ավելի պրիմիտիվ դարձավ արտաքին քաղաքականությունը: Այսօրվա իրադարձությունները շատ նման են 1921 թվականի իրադարձություններին, երբ այդպես ակնհայտ համընկնող շահերի ռեալիզացիա է կատարվում: Օրինակ՝ Ադրբեջանը նավթ տվեց բոլշեւիկյան Ռուսաստանին, իսկ վերջինս համաձայնեց օտարել Ղարաբաղն ու Նախիջեւանն Ադրբեջանին: Նմանատիպ բաներ այսօր էլ են նշմարվում. Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանին գազ տալ՝ փոխարենն ակնկալելով Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծում»,- ասում է քաղաքագետը: Միաժամանակ նա այդ հարաբերություններում մի մեծ խնդիր է նշում. «ՌԴ-ի եւ Ադրբեջանի ռազմավարությունը չի համընկնում: Ի վերջո, Ադրբեջանն, այդուամենայնիվ, գնում է դեպի Արեւմուտք, եւ նրա բոլոր ծրագրերը կապված են Արեւմուտքի հետ, ուստի այդ «մերձեցումը» զուտ մարտավարական քայլ է: Մի կետում նրանց շահը համընկել է, եւ 21 թվականի նման փորձում են իրենց հարցերը լուծել Հայաստանի տարածքների հաշվին: Ադրբեջանը ստորագրեց փաստաթուղթը, բայց եթե կարճ ժամանակ անց ՌԴ-ն չկարողանա անել պատասխան քայլը՝ իրականություն դարձնելով իր խոստումը, ոչ մի գազ էլ չի ստանա»: Հարցին՝ որտեղի՞ց է վստահությունը, որ ՌԴ-ն չի կարողանալու կատարել իր խոստումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ՝ Հայաստանը 21 թվականի Հայաստանը չի. ցեղասպանությունից հետո սոված ու տկլոր երկիր չենք՝ եւ քաղաքական ուժեր կան, եւ բանակ կա, եւ Ղարաբաղում բանակ կա: Իսկ դրանք գործոններ են, որոնք Ռուսաստանին թույլ չեն տա այդպես պրիմիտիվ կերպով իրականացնել իր ցանկությունները: Սրանք ներքին գործոններն են, իսկ արտաքինն այն է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը՝ կապված Հարավային Կովկասի ապագայի հետ, ուղղակիորեն չեն համընկնում, եւ մոտ ժամանակներս, կարծում եմ, չեն էլ համընկնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել