Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2009 00:00

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Նրանք, ովքեր ցանկանում էին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր ձեւավորվելիք հասարակական խորհրդի մեջ ընդգրկվել, կարող էին մինչեւ երեկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն:

Հասարակական հերթական խորհրդի անդամ կարող են դառնալ գիտության, մշակույթի, սպորտի, թատրոնի՝ 1-ական ու ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կամ հասարակական կազմակերպությունների 2-ական ներկայացուցիչներ:

Նրանք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն, երաշխավորագիր ու կանոնադրությունն այն կազմակերպության, որի կողմից իրենք կգործուղվեն ՊՆ հասարակական խորհուրդ: Երեկվա դրությամբ պարզ չէր, թե քանի անձից բաղկացած կլինի խորհուրդը եւ կոնկրետ ինչ խնդիրներ կիրականացնի այն:

ԿԱՊ ԿԱ՞

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց գնդակահարվել է Գավառի հրապարակագիր, «Գեւորգ Մարդպետունի» գրական կեղծանունով հայտնի 47-ամյա Գեորգի Բիձյանը: Հրազենային վնասվածքով սպանված Բիձյանի գործով նախաքննություն է իրականացվում եւ գործի վարույթը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Հայրապետյանի մոտ էր: Գ. Բիձյանն իր բանավոր եւ հրապարակախոսական հոդվածներում անդրադառնում էր նաեւ տեղի «մաֆիայի», Գավառի մականունավորների բարքերին:

Հունիսի 25-ին Երեւանի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտում, այդպես էլ գիտակցության չգալով, հրազենային վնասվածքներից մահացավ հանցաշխարհում հայտնի հեղինակություն Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրան Գավառի Բոշնաղյան փողոցում ծեծի էին ենթարկել զինված անձինք, որոնք դիմել էին փախուստի: Տարօրինակ զուգադիպությամբ, 45-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին՝ «Պալ Անդոյին», Գ. Բիձյանն ամենից հաճախակի էր անդրադառնում, նրան հիշել էր իր վերջին «Քաղաքական օրագրում», որը ոստիկանությունն առգրավել է մեզնից:

Իսկ կապ կա՞ այս երկու սպանությունների միջեւ՝ դեռեւս պարզված չէ:

ԻԱԿ-Ը՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնից (ԻԱԿ) երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք դիմել են ՀՀ վարչական դատարան՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի, «Օրինաց երկիր» եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու հայցապահանջով:

ԻԱԿ-ը դեռ ապրիլին դիմել էր վերոնշյալ քաղաքական ուժերին՝ խնդրելով տրամադրել:

1. Տվյալ կուսակցության 2008 թ. ֆինանսական հաշվետվության պատճենը:

2. Տվյալ կուսակցության ստացած՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:

«Օրինաց երկիր» կուսակցությունը պատասխանել էր ժամկետների խախտմամբ եւ թերի, իսկ ՀԱԿ-ն ու ՀԱՍԿ-ն ընդհանրապես չէին պատասխանել:

Նշենք, որ նույն հարցմամբ ԻԱԿ-ը դիմել էր ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ԺԿ-ին ու ստացել սպառիչ պատասխաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել