Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԵԼ ԵՆ 15 ԵՐԿՐՆԵՐ

Հուլիս 01,2009 00:00

Հունիսի 29-ից Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) եւ «Orange Tennis» ակումբի համատեղ նախաձեռնությամբ վերջինի կորտերում մեկնարկել են թենիսի պատանեկան միջազգային երկու մրցաշարեր՝ մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների համար:

Առաջինը արդեն 9-րդ անգամ անցկացվող «Երեւանի գավաթ» մրցաշարն է, որն այսուհետեւ կրելու է թենիսի հայկական դպրոցի կայացման եւ զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած՝ ճանաչված թենիսիստ, կյանքին անժամանակ հրաժեշտ տված Ալեքսանդր Ծատուրյանի անունը: Մրցաշարը շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը, որի ավարտի հաջորդ իսկ օրը կմեկնարկի մեր մեկ այլ երախտավորի՝ Արթուր Շիլաջյանի երկրորդ հուշամրցաշարը:

Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ վերոնշյալ երկու մրցաշարերն էլ, որոնք «Orange Tennis» ակումբի ժամանակակից համալիր մարզաբազայի շնորհիվ, ըստ էության, պատանի թենիսիստներին մեկ այցով միջազգային երկու մրցաշարի մասնակցելու հնարավորություն են ընձեռում, Հայաստանում միշտ կազմակերպվում են բարձր մակարդակով: Դրա համար էլ տարեցտարի ապահովվում է մասնակիցների ավելի մեծ թվաքանակ: Եվ որպես ապացույց, բերեց հետեւյալ թվերը: Այս անգամ Երեւան են ժամանել 15 երկրների՝ Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Սերբիա, Վրաստան, Իտալիա, Իսրայել, Ղրղըզստան, Թուրքիա, Ղազախստան, Մոլդովա, Կիպրոս, Կանադա, Լատվիա եւ ԱՄՆ, 130-ից ավելի պատանի մարզիկներ: Նրանք այս օրերին իրենց հարաբերություններն են պարզում միանգամից վեց ավազե կորտերում:

ՀԹՖ-ն նմանատիպ մրցաշարերի կազմակերպումը Երեւանում դիտում է նաեւ որպես հայաստանցի պատանիների համար, առանց նյութական լրացուցիչ ծախսերի, միջազգային մրցումների մասնակցության փորձի կուտակման եւ իրենց վարկանիշը բարձրացնելու լավագույն միջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել