«Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնությամբ օրերս աշխարհի ամենահեղինակավոր հեռուստածրագրերից մեկին՝ հանրահռչակ «Ֆորտ Բոյար»-ին մասնակցած Հայաստանի 30 հոգուց կազմված թիմում իրենց ուրույն տեղն են ունեցել եւ հաջող մասնակցության գործում արժանի ներդրում ունեցել նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչները:
Արեւիկ Կարապետյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը
հանգստանում են պայքարից հետո:
Հեռուստաընկերությունում ներկայումս զբաղված են նկարահանված հարուստ նյութի մոնտաժման աշխատանքներով եւ խոստանում են արդեն վերջնական տեսքի բերված սյուժեները ցուցադրել սեպտեմբեր ամսին:
Երեկ «Առավոտը» զրուցեց մեր թիմի անդամներից մեկի՝ սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունների չեմպիոն եւ մրցանակակիր Արեւիկ Կարապետյանի հետ:
– Ինչպե՞ս հայտնվեցիր «Ֆորտ Բոյար» մեկնող թիմում:
– Շատ անսպասելի: Զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից եւ առաջարկեցին: Ես էլ համաձայնեցի: Գուցե դեր խաղաց այն, որ ժամանակին ակտիվորեն մասնակցել եմ նրանց կազմակերպած մարզական ուղղվածության հեռուստամրցումներին: Հրավերի եւ Լա Ռոշելում անցկացրած վեց օրերը հիանալի կազմակերպելու համար շնորհակալություն եմ հայտնում «Արմենիա»-ի ղեկավարությանը:
– Մարզաշխարհից է՞լ ովքեր կային:
– Օլիմպիական չեմպիոններ Լեւոն Ջուլֆալակյանն ու Յուրի Վարդանյանը, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, թենիսիստուհի Աննա Խաչատրյանը, «Միկայի» մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը, կարատեիստ Գոռ Վարդանյանը:
– «Ֆորտ Բոյարում» ձեզ՝ մարզիկներիդ, ի՞նչ առաջադրանքներ էին տալիս:
– Օրերն այնքան հագեցած էին՝ մրցույթներին մասնակցում էր վեց թիմ, յուրաքանչյուրում՝ հինգ հոգի: Օրական հերթով պայքարի մեջ էր մտնում մոտ երեք թիմ: Հավատացեք, որ այդ լարված ռեժիմի պայմաններում մեկս մյուսից տեղեկություն չէինք ունենում: Կարող եմ խոսել իմ մասին: Ես մասնակցեցի մի քանի խաղի, եւ ինձ հանձնարարում էին հիմնականում ուժային, սպորտին մոտիկ պայքարը, որտեղ պետք էր ունենալ համապատասխան ֆիզպատրաստվածություն, ճարպկություն եւ ամուր նյարդեր: Օրինակ, մեկ անգամ ամրոցի արտաքին պատով մագլցեցի մոտ 25 մետր: Հետո ցատկեցի հատուկ ցանցի վրա ու երկու անգամ էլ կատարեցի առաջադրանքը: Իսկ խորանարդիկներով խաղում հաղթեցի, ասես, նյարդերը հանած «տանտիրոջը»: Ճիշտ է, մեկ անգամ էլ հանուն թիմի ընդհանուր հաջողության «զոհաբերվեցի»: Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին, շատ բան չգիտեմ: Ու երեւի լավ է: Թող պահպանվեն կանոնները, եւ հեռուստադիտողն իր աչքով տեսնի: Ավելացնեմ միայն, որ իմ իմացածով Ջուլֆալակյանը նույնպես հաջողությամբ՝ հիմնականում ուժային արգելքներ է հաղթահարել, իսկ Յուրի Վարդանյանը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ միասին մոտ 30 մետրից ցատկել է ծովը եւ հատակից բանալին հանել:
– Մեկնելուց առաջ մոտավորապես գիտեի՞ք, թե ձեզ ինչ փորձություններ են սպասվելու:
– Բացարձակապես՝ ոչինչ: Հետո հասկացանք, որ հետաքրքրությունը հենց դրանում է: Նույնիսկ խաղի ժամանակ չգիտեինք, թե հերթական փորձության ում են ուղարկելու: Ամեն բան հենց տեղում որոշում էր «Ամրոցի տերը», որը, ճիշտ է, նախապես քաջածանոթ էր բոլոր մասնակիցներին:
– Այսինքն՝ այստեղ չե՞ք նախապատրաստվել:
– Ինչի՞ն, երբ չգիտես, թե ինչ ծրագիր է կազմված: Անձամբ ես, համենայնդեպս, Երեւանում մարզվում էի, փորձում հնարավորին չափ լավ մարզավիճակ ձեռք բերել:
– Բարձրությունից, ամրոցի տանիքից ցատկելուց չէի՞ր վախենում: Կարո՞ղ էիր հրաժարվել:
– Իհարկե, վախի զգացում կար, քանի որ նման փորձության կյանքումս առաջին անգամ էի ենթարկվելու: Բայց ինչպե՞ս հրաժարվեի, ու իմ պատճառով ամբողջ թիմը տուժեր: Անհնարին էր, չէր կարելի, չէի կարող: Բացի դա, մարզական հետաքրքրությունս էր բորբոքվում: Հաջորդ անգամ էլ ե՞րբ ինքնաբացահայտման այդպիսի եզակի առիթ կընձեռվեր: Ու այսպես մտածում էին բոլորը: Դրա համար էլ հաղթեցինք՝ զարմացնելով «Ֆորտ Բոյարի» բնակիչներին: Եվ նրանք իրենց հիացմունքը չէին թաքցնում: