Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Սովորաբար, մրցագորգն առաջինը տրամադրվում է ազատ ոճայիններին, որոնց պայքարի ավարտից հետո հերթը հասնում է հունահռոմեական ըմբիշներին: Բայց այս անգամ կազմակերպիչները որոշել են փոխատեղություն կատարել:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի, որն արդեն մրցավայրում է, ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հավաքագրել է ամբողջական թիմ, որի կազմում են երեւանցիներ Սարգիս Խաչատրյանը՝ 50 կգ քաշային կարգ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 60 կգ, Արամ Ջուլֆալակյանը՝ 66 կգ, Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ, Վաչիկ Եղիազարյանը՝ 120, գյումրեցիներ Ալեքսան Միքայելյանը՝ 55 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 74 կգ եւ Արթուր Ալեքսանյանը՝ 84 կգ:
Մեր երիտասարդ ազատ ոճայինները Թբիլիսի պետք է մեկնեն հուլիսի 2-ին, իսկ պայքարի մեջ ներգրավվելու են հաջորդ օրվանից: Ավագ մարզիչ Արամ Մարգարյանի գլխավորած թիմում հանդես կգան Երվանդ Թադեւոսյանը՝ 50 կգ քաշային կարգ, Նարեկ Սանոյանը՝ 60 կգ, Սերգեյ Խաչատրյանը՝ 84 կգ (բոլորն էլ՝ Երեւան), Օհան Գիքինյանը՝ 55 կգ (Վանաձոր), Մերուժան Զադոյանը՝ 74 կգ (Գյումրի) եւ Անդրանիկ Գալստյանը՝ 96 կգ (Ապարան):
Երկու ոճերի հավաքականներն էլ լիարժեք ուսումնամարզական հավաքներ են անցկացրել, ինչը հույս է ներշնչում, որ Թբիլիսիում մեդալներ անպայման կլինեն: Իրազեկ մասնագետներն էլ, խոսելով մրցավայր մեկնած ըմբիշների մասին, նշում են, որ նրանցից յուրաքանչյուրն էլ հանգամանքների ցանկալի զարգացման դեպքում ի վիճակի է մեդալ նվաճել: Այդուհանդերձ, սպասելիքներն առավել մեծ են ազատ ոճայիններ, Եվրոպայի պատանիների չեմպիոն եւ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Օհան Գիքինյանից, Եվրոպայի անցած տարվա երիտասարդների առաջնության երրորդ մրցանակակիր Նարեկ Սանոյանից, Եվրոպայի պատանեկան առաջնությունում 5-րդ տեղ զբաղեցրած Սերգեյ Խաչատրյանից, ինչպես նաեւ հունահռոմեական ըմբիշներ, Եվրոպայի պատանիների արծաթե մրցանակակիր Արամ Ջուլֆալակյանից եւ աշխարհի երիտասարդական առաջնությունում 5-րդ տեղ զբաղեցրած Սարգիս Խաչատրյանից:
Մեր հանրապետությունը Թբիլիսիում իր ներկայացուցիչներն ունի նաեւ Եվրոպայի առաջնությունը սպասարկող մրցավարական կորպուսում: Նրանք են. միջազգային կարգի մրցավարներ Սամվել Հարությունյանը, Գեւորգ Ալեքսանյանը եւ Աշոտ Խաչատրյանը: