Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԳԱՄ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ ԿԱՐ»

Հուլիս 01,2009 00:00

Վենետիկի բիենալեին մասնակցած հայ արվեստագետների կարծիքով՝ ամեն խելքից դուրս բան արվեստ չէ

\"\"
Հայ արվեստագետները՝ բիենալեում:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանը եւս մասնակցում է Վենետիկի 53-րդ բիենալեին՝ առանձին տաղավարով: Վենետիկից օրերս վերադարձած Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ, նկարչուհի Աննա Հարությունյանը եւ քանդակագործ Հայկ Թոքմաջյանը բիենալեի հետաքրքիր դրվագների մասին պատմեցին «Առավոտին»: Հիշեցնենք, որ կերպարվեստի ոլորտի այս խոշորագույն փառատոնը մեկնարկել է հունիսի 7-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 22-ը, այստեղ էլ գլխավոր մրցանակները ոսկե եւ արծաթե առյուծներն են, ինչպես համանուն կինոփառատոնում:

Ա. Հարությունյանը նշեց, որ հայկական տաղավարը, իրենից բացի, ներկայացնում էին 4 երիտասարդ գեղանկարիչ (Վահագն Գալստյան, Արթուր Հովհաննիսյան, Սուրեն Համբարձումյան, Նարեկ Աղաջանյան) եւ մեկ քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյանը: Իրենց ցուցահանդեսն էլ «Խաչմերուկ» նախագծի շրջանակներում էր: «Նույն նախագծի շրջանակներում մեզ հետ մասնակցում էին արվեստագետներ Մակեդոնիայից, Իտալիայից, նաեւ մեր Սփյուռքի նկարիչները»,- նշեց նա, հավելելով, որ առանձին տաղավարով ՆՓԱԿ-ն էլ ներկայացրել էր Գայանե Խաչատրյանի աշխատանքները: Հ. Թոքմաջյանը չէր մեկնել Վենետիկ, բայց ուղարկել էր իր երկու քանդակները: Հայկը փաստեց, որ նման փառատոների ու ցուցահանդեսների մեկնելը ենթադրում է դժվարություններ՝ հատկապես աշխատանքների տեղափոխման առումով, եւ հարկ է, որ պետական մակարդակով այս հարցը բարձրացվի: Հայ նկարիչներն ու քանդակագործները ստիպված են լինում փոքր աշխատանքներ ուղարկել արտերկիր՝ ավելորդ քաշքշուկներից ձեռնպահ մնալու նպատակով:

Աննան էլ հայտնեց, որ հայ երիտասարդ արվեստագետներից մի քանիսը, այցելելով Սուրբ Ղազար կղզի, իրենց գործերը նվիրել են տեղի թանգարանին: Նրանց ոգեւորել են բիենալեի մասշտաբները (ցուցահանդեսները ողջ Վենետիկով մեկ էին), կազմակերպվածությունը, պատվավոր հյուրերի, անվանի արվեստագետների ու պետական առաջին դեմքերի ներկայությունը: Հայկական տաղավար է այցելել նաեւ Իտալիայում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Կարինե Դանիելյանը:

Նկարչուհին պատմեց, որ հայ երիտասարդ արվեստագետները այցելել են այլ երկրների տաղավարներ: Ասում են՝ կար նաեւ ավանդական կերպարվեստ, բայց շատ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, հիմնականում վիդեոարտ եւ ինստալյացիա էին ներկայացրել: Աննայի պատմելով, ցնցող էր Եգիպտոսի տաղավարը՝ ծղոտի քանդակներով: Հայկը, որպես նման բազմաթիվ միջոցառումների մասնակից, փաստում է. «Ամեն տեղ ամեն ինչ էլ լինում է՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Դա էլ հենց բիենալեի առանձնահատկությունն է: Նպատակն է՝ զուգորդել եւ իրար հետ ցուցադրել թե՛ նորը, թե՛ դասականը: Բայց ամեն խելքից դուրս բան չի նշանակում նոր, նորը առաջին հերթին գեղեցիկն է, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը եւ այլն»:

Ա. Հարությունյանը, օրինակ, գոհ չէ Ռուսաստանի եւ հյուսիսային երկրների տաղավարներից. «Ռուսները մի քանի տաղավար ունեին, բոլորից էլ հիասթափված դուրս եկանք՝ ինչ-որ շարժվող տիկնիկներ էին, անկապ արվեստ… Ո՞վ է ասում, որ ինչ-որ բան տաս պատին-ջարդես՝ ուրեմն արվեստ է: Պիտի իմաստ եւ կոնցեպտ լինի մեջը: Ինքս վիդեոարտ չեմ սիրում, դա զուտ սուբյեկտիվ է, բայց, օրինակ, լեհական վիդեոարտն ուղղակի հրաշք էր, Լեհաստանի տաղավարում, ինտերիերից սկսած՝ ամեն ինչ քեզ գրավում էր: Դասական արվեստ, դասական գեղանկարչություն քիչ տեսանք այնտեղ: Մեր տղաներն էին այդպիսի գեղանկարչություն մաքուր ձեւով ներկայացրել, Հայկի աշխատանքները շատ աչքի ընկան: Մեր տաղավարից հեռանալիս բոլորը «կոմպլիմենտո», «բրավո» էին բացականչում: Մարդիկ կարոտ էին գեղեցիկ բաներ տեսնելու, բայց ոչ էսթետիկ երեւույթների էլ հանդիպեցինք: Օրինակ՝ Շվեդիան ու Նորվեգիան վիդեոարտ էին ներկայացրել՝ մերկ տղամարդիկ, մերկ կանայք, իսկ իտալացիների վիդեոարտը լրիվ պոռնոգրաֆիա էր: Բիենալեի կազմակերպիչը դրանից հետո մոտեցավ նկարչին ու ասաց, որ իրավունք չուներ նման բան ներկայացնելու, արդյունքում՝ բուռն ծեծկռտուք եղավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել