Օրերս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ գիտության ամենաարդիական մեթոդները ծառայել են Քրիստոսի փառքին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերով, այժմ ոչ մի կասկած չկա, որ հինավուրց քարադագաղում, որը հայտնաբերվել է իտալացի հնէաբանների կողմից, գտնվում են Պողոս առաքյալի մասունքները: Քարադագաղը հանելու որոշումը կայացվել է 2000 թվականին, երբ նշվում էր կաթոլիկ եկեղեցու հոբելյանը: Այդ ընթացքում ուխտավորները բողոքում էին, որ չեն կարող մոտենալ առաքյալի գերեզմանին եւ շոշափել այն: 2007 թվականին քարադագաղը դրվել է մատուռում եւ հավատացյալները հնարավորություն են ստացել երկրպագել այն: Սակայն ով է այնտեղ հանգչում՝ այդ մասին դեռ կասկածներ կային: Բենեդիկտոս 16-րդի որոշմամբ, քարադագաղում փոքր անցք էր փորվել եւ հանվել էին ոսկորների մասնիկներ: Բարդ եւ երկարատեւ փորձագիտությունից հետո պարզվել է, որ այն մարդը, որի աճյունը գտնվում է քարադագաղում, ապրել է մեր թվարկության 1-ին կամ երկրորդ դարում: Ինչպես հայտնի է, Պողոս առաքյալը գլխատվել է Հռոմում, Ներոնի հրամանով՝ 64, 65 կամ 68 թվականին: Այնուամենայնիվ, մասնագետները գտնում են, որ գիտականորեն ապացուցել, որ աճյունը պատկանում է հենց Պողոս առաքյալին, գործնականում հնարավոր չէ: Այնպես որ, այն, ինչ ասում է Հռոմի պապը, ընդամենը նրա եզրահանգումներն են: