Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում՝ խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի ճանաչման քաղաքական ակտը որպես իրավաբանական ակտ ներկայացնելու Բաքվի քաղաքական գործիչների ցանկության մեջ: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Ուշագրավ է, որ անգամ նախորդ տարվա մարտին ՄԱԿ-ում ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը, ադրբեջանցիներն այնտեղ չեն նշել, թե հայերը «օկուպացրել» են իրավաբանորեն Ադրբեջանին պատկանող տարածքները: Հրաժարվելով վկայակոչել միջազգային իրավունքը՝ նրանք միայն խոսում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին, եւ դա շատ բանի մասին է խոսում»,- նշել է նա:
Մանասյանը նշել է, որ մշտապես սուր ճոճելով եւ պնդելով, թե Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի վրա, ցանկացած պահի կարող է «վերադարձնել» Ղարաբաղը, կրտսեր Ալիեւը նկատի ունի ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դրանում ասվում է, որ եթե որեւէ պետություն զավթում է հարեւան պետության տարածքը, ապա նա իրավունք ունի ի պատասխան ռազմական ուժ կիրառելու՝ ազատագրելով իրավաբանորեն իրենց պատկանող տարածքները: «Սակայն Ալիեւի պարագայում անմիջապես հարց է ծագում. իսկ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանն իրավաբանորեն պատկանում են Ադրբեջանին: Բնականաբար՝ ոչ, քանի որ, թեեւ ադրբեջանական քարոզչությունը վկայակոչում է, որ Ադրբեջանը ճանաչվել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, սակայն ճանաչումն իրավաբանական ակտ չէ: Եվ այն բանից, որ Հնդկաստանը, Ինդոնեզիան կամ ԱՄՆ-ը ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչել են Ադ. ԽՍՀ սահմաններում, իրավիճակը չի փոխվում: Միջազգային իրավունքի առաջին աղբյուրը միջազգային պայմանագրերն են, իսկ ճանաչումը ոչ թե իրավաբանական, այլ սոսկ քաղաքական ակտ է: Հենց այդ պատճառով հակամարտության պատմության իրավական թղթապանակում քաղաքական ակտերը տեղ չունեն»,- ամփոփել է Մանասյանը: