Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է քիչ, բայց՝ լավ

Հուլիս 01,2009 00:00

Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը

\"\"2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարեւոր է համակողմանի ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացները, ըստ այդմ ամփոփել եւ արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները: 2008 թ. ՏԻՄ ընտրություններին չենք անդրադառնում միայն մեկ պատճառով. ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին այս ընտրություններին: Սա թերեւս մեկ անգամ եւս ապացուցում է, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները դեռեւս չեն գիտակցում, որ քաղաքական պայքարը սկսվում է տեղերից եւ ՏԻՄ ընտրությունները իրենց կարեւորությամբ չեն զիջում խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվում են միաժամանակ այն ծավալով, ինչը տեղի ունեցավ 2008 թ.: Անգլիայում, օրինակ, քաղաքական ուժերի՝ պառլամենտում ներկայացվածության վրա մեծապես ազդում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Ինչպես արդեն նշել ենք, հայաստանյան բոլոր համապետական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր քաղաքական ուժերը տարբեր դաշինքների անվան տակ նախաձեռնում են հասարակական-քաղաքական շարժումներ։ 2007-2008 թթ. Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսված շարժմանը նախորդող նմանատիպ շարժումներն իրենց արդյունավետությամբ աչքի չեն ընկել, քանզի չեն կարողացել անցնել ավելի կազմակերպված մակարդակի։ Սակայն ժողովրդավարական անցում ապրող պետությունների զարգացման տրամաբանությամբ պայմանավորված՝ պետական կառավարման համակարգի կայացումը ստիպում է փոխել նաեւ քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների բնույթը։ 2005 թ. Սահմանադրության բարեփոխումը հանդիսացավ այն հիմնական գործոնը, որը պետք է ստիպեր հայաստանյան քաղաքական ուժերին գնալ խոշորացման, քանի որ քաղաքական գործընթացների վրա իր ազդեցության մակարդակով գերիշխող դեր ստացավ ՀՀ Ազգային ժողովը։ Մինչ խորհրդարանական ընտրությունները աջ ազատական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը փորձ արեցին համախմբվելու եւ միասնաբար մասնակցելու ընտրություններին։ Սակայն այդ փորձը ձախողվեց։

2006 թ. Հանրապետական կուսակցության խոշորացումը եւ քաղաքական դաշտի պահպանողական բեւեռը ներկայացնելու հայտը, ինչպես ցույց տվեց ժամանակը, ստիպեց, որպեսզի քաղաքական դաշտում գործող մյուս կուսակցությունները եւս մտածեն իրենց ուժերը համախմբելու մասին։ Այս գործընթացին մեծապես նպաստեցին 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ Հանրապետական կուսակցությունը կարողացավ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ապահովել եւ իր հստակ ազդեցությունն ունենալ երկրի հետագա քաղաքական գործընթացների վրա։

2007 թ. խորհրդարանական ընտրություններում ձեւավորված «Իմպիչմենտ» դաշինքի հենքի վրա Լ. Տեր-Պետրոսյանը սկսեց իր շարժման ձեւավորումը, որի մեջ մտան «Հանրապետություն» կուսակցությունը, ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, եւ մի շարք այլ քաղաքական ուժեր։ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող շարժումը հստակ միտումներ ցույց տվեց բյուրեղանալու եւ վերաճելու ավելի կազմակերպված կառույցի։ Արդեն իսկ փաստ է «Հայ ազգային կոնգրես» անունը ստացած դաշինքի գոյությունը հայաստանյան քաղաքական դաշտում: ՀԱԿ-ը մասնակցեց նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին եւ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում այս դաշինքի ներսում, կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ի վերնախավում հստակ նպատակադրում կա այն վերածել քաղաքական կառույցի: Եթե դաշինք կազմած քաղաքական ուժերի ղեկավարները կարողանան մի կողմ թողնել սեփական անձնային եւ խմբային շահերը, ապա Հայաստանում կարող է ձեւավորվել նոր քաղաքական կուսակցություն՝ ազատական գաղափարախոսության հստակ հենքով:

2007 թ. միավորվելու հայտ ներկայացրին «Դաշինք», ՀՌԱԿ եւ «Ազգային Վերածնունդ» կուսակցությունները, որոնք գործընթացը հասցրին ավարտին եւ միավորվեցին ՀՌԱԿ-ի շուրջ։ Սակայն պետք է փաստել, որ ՀՌԱԿ-ը մինչ հիմա աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ: Սա թերեւս պայմանավորված է ոչ արդյունավետ ներկուսակցական կառավարմամբ, քանի որ հանդիսանալով Սփյուռքում գործող ավանդական կուսակցություններից մեկը՝ ՀՌԱԿ-ը տիրապետում է բավականաչափ ռեսուրսների:

Նախագահական ընտրությունների արդյունքում Վ. Մանուկյանին սատարող քաղաքական ուժերը եւս հայտարարեցին միավորվելու եւ Ազգային ժողովրդավարների ուղղությունը կայացնելու մտադրության մասին։ Իհարկե, բացի ցանկության արտահայտումը, դեռեւս այլ քայլեր այս ուժերը չեն իրականացրել։ Փաստենք, որ այս գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցավ թե Շ. Քոչարյանի կողմից ՀՀ փոխարտգործնախարարի, թե Վ. Մանուկյանի կողմից Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի ստանձնումը:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել