Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՍԿԶԲԱՆԵ ԳՈՐԾՆ ԷՐ

Հուլիս 01,2009 00:00

Երբ Մարդը հավատաց, որ ստեղծվել է Աստծո նմանությամբ, սկսեց հարգանք տածել իր, շրջապատի, բնության ու տիեզերքի հանդեպ, եւ Երջանկություն զգաց, երբ իր արածը սիրեց ու գնահատեց «լավ»։

1989-91թթ. ամենահաճախ տրվող հարցն այսպիսին էր. «Բա սովետից որ դուրս գանք, ո՞ւմ միանանք… Ամերիկայի՞ն, Ֆրանսիայի՞ն, Պարսկաստանի՞ն…»։ Այս ապշեցուցիչ տգիտության դեմ ռացիոնալ կամ էմոցիոնալ ասելիք չկար։ Մեզ թվում էր, թե ժամանակի ընթացքում հայ քաղաքական միտքը կգտնի Հայաստանի զարգացմանն առնչվող հարցերի պատասխանները, բայց այդպես չեղավ։ Հայի սրտում վախն աշխարհի հանդեպ դեռ կա։ Եվ այդ պատճառով նույն կարծր հարցը կրկնվում է նաեւ այսօր. «Բա ռուսական զորքերը որ դուրս գան Հայաստանից, տեղն ովքե՞ր են գալու. ամերիկացինե՞րը, ֆրանսիացինե՞րը, երիտթուրքե՞րը, Բյուզանդիայի կա՞յսրը, Նադիր շա՞հը, Անգլիայի թագուհի՞ն…»։

Ցանկացած կողմնորոշման այլընտրանքն առողջ ինքնաճանաչումն ու ինքնավստահությունն է, որը կարող է Հային դարձնել իրավունքի սուբյեկտ եւ հարցը վերաձեւակերպել այսպես. «Հայաստանն ի՞նչ միտք-գաղափար կարող է առաջարկել գործընկեր Աշխարհին, որը մեզ նման է»։ Թուրքերը մեզ նման են, պարսիկները, ադրբեջանցիները, արաբները, վրացիները, ռուսները, ճապոնացիները, հրեաները, ամերիկացիները մեզ նման են։ Արեւելքի ժողովուրդները մեզ նման են, եվրոպացիները, ասիացիները, բոլոր հավատացյալները մեզ նման են։ Ազատ մարդիկ եւ իրենց ազատության համար պայքարողները նման են։ Վերջապես՝ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են, եւ սա բավարար հիմք է խաղաղ, փոխշահավետ համագործակցության համար։

Մեր թաղում մի տղա կար՝ ճպռոտ-սառած աչքերով, օսլայած, բայց յուղոտ օձիքով, ատելությամբ-վախով լցված գլխով, ծռմռվող բերանով։ Նրա հետ գործ չէին բռնում, ավելին՝ նույնիսկ որպես հավաքարար աշխատանքի չէին ընդունում։ Տղան թունավորվեց թմրափոշուց ու մեռավ։

Ժողովրդով վերականգնվող օրինական իշխանությամբ քաղաքականության սահմանն ու հայի ուղեղը զուլալելու խնդիրը Աշխարհի գործընկերը դառնալու ճանապարհն է։ Քաղաքացիական պայքար-պայքարի վերջն այդ Մաքուր վիճակն է։ Դա մարմինդ մաքուր պահելու պես կարեւոր է։ Աշխարհի ուշադրությունը, ինչպես անցած տարվա փետրվարին, կենտրոնացած է Հայաստանի վրա։ Եվրահանրության ներկայացրած պահանջները կատարել-չկատարելը հայ քաղաքական ճամբարների գործողությունները կանխատեսելի դարձնելուց զատ, Հայաստանի անկախության ու ժողովրդավարության համար ոչ մի խնդիր էլ չի լուծում. եվրաինտեգրացիայի ճանապարհին արձանագրված առաջընթաց կա՞, Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը պարզվե՞լ է։ Եվրոպայի վերջին փակ սահմանի (Կիպրոսը չհաշված) փշալարի մեկ օղակ հատվե՞լ է։ Ռուսական զորքերն ու բազաները Հայաստանից դուրս հանվե՞լ են, ՊԱԿ-ի արխիվները բացվե՞լ են, ավազակապետությունից մի քար պոկվե՞լ է։ Ղարաբաղի հարցում խաղաղության պայմանագիրը ստորագրելու գրիչը կա՞։

Մի հարեւան ունեինք՝ շատախոս, ծույլ, անբան։ Կնոջ հանդիմանանքին ի պատասխան՝ գոռում էր. «Ի՞նչ է, ուզում ես գողություն, շնություն անե՞մ։ Գործ չկա՜»։ Նրա երեխաները կրիմինալ դարձան, կինը՝ պոռնիկ։

Խոսքն ու միտքը գործն առաջ տանելուց զատ այլ նշանակություն եւ արժեք չունեն։ Անցնենք գործի, եւ նախասկզբի մասին թեզը վերաշարադրենք այսպես. «Ի սկզբանե գործն էր»։ Հնարավոր է, որ աշխարհը զարգանա, բայց Հայաստանը ետ մնա, եւ բացառված է, որ Հայաստանը զարգանա, բայց աշխարհը մնա տեղում։ Առաջնորդները (քաղաքացիական հասարակությունում առաջնորդները փոփոխական են) այսօր կամ վաղը պարզ կանգնելու են սարի վրա ու բաց ասելու են, թե Հայաստանի (ենթադրաբար եւ աշխարհի) զարգացման ի՛նչ գաղափար-ծրագիր ենք առաջարկում։ Գործնական առաջարկը հստակ ներկայացնելով եւ իրագործելու պատրաստակամությամբ է պայմանավորված պայքար-շարժումը ժողովրդին երջանկությո՞ւն կբերի, թե՞ ուշացումով գնահատված զոհեր։

Հայն Աստծո-Օրենքի-Ճշմարտության մեջ ապրելու եւ աշխարհի հետ ներդաշն զարգանալու իրավունք ունի։ Թող բանականությամբ եւ աստվածային ազատությամբ օժտված մարդիկ միավորեն ժողովրդին ու ազատեն սովորույթների եւ նախապաշարմունքների ճիրաններից, վերականգնեն Անկախությունն ու Ժողովրդավարությունը, հաստատեն Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն։

Հուլիսի 3-ին Պահպանողական կուսակցությունը կդառնա 20 տարեկան։ Նրա առաջին զինանշանը ազատությունը խորհրդանշող արծիվն էր` ուղիղ բացված թեւերով, գլուխն ուղղած արեւմուտք։ Այսօր Կապույտ խաչով նարնջագույն քառակուսին ուղեկցում է ազատ անհատին Հայաստան, որտեղ Մարդը կարող է երջանիկ լինել, անսահմանորեն զարգանալ եւ անփոփոխ պահել էությունը, աշխատել ու շահույթ բերել եւ Կյանքը բարեկեցիկ դարձնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել