Նոյեմբերյանի կարիքավորներին օգնելու կոչված պետական կառույցն ինքը աջակցության կարիք ունի
Սամվել Բեգլարյանն արդեն 9 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը: Ու չնայած հիմնարկության անունը ստեպ-ստեպ փոխվում է (հիմա այն կոչվում է Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություն), գործի բնույթը չի փոխվում: Նոյեմբերյանի տարածաշրջանի 12 500 ընտանիքից ընտանեկան նպաստ է ստանում 920 ընտանիք, եւս 85 ընտանիքի ամեն ամիս տրվում է միանվագ դրամական օգնություն: Նոյեմբերյանի տարածաշրջանում ամսական 20,99 միլիոն դրամ ընտանեկան նպաստի եւ 920 հազար դրամ միանվագ կամ հրատապ դրամական օգնություն է բաժանվում: Հայաստանի գրողների եւ Թատերական գործիչների միությունների անդամ Սամվել Բեգլարյանը անկեղծ է «Փարոս» համակարգի բացթողումների վերաբերյալ մեր զրույցում: Նրա խոսքերով, չնայած կառավարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ջանքեր են գործադրում սոցիալական աջակցության հասցեականությունն ապահովելու համար, սակայն այս գործում էական հաջողություններ չկան: «Գործող կարգը, որով մենք առաջնորդվում ենք, ավելի շատ բարոյականության եւ ազնվության, քան իրականության վրա է ստեղծված: Քաղաքացին, գործակալություն ներկայանալով, պետք է ազնվորեն ներկայացնի իր ունեցվածքն ու եկամուտները: Սա հիմնականում տեղի չի ունենում… Համայնքների ղեկավարները, ովքեր սոցիալական ծառայություն ներկայացնելու համար բնակիչներին տեղեկանք են տալիս նրանց ունեցած անշարժ գույքի եւ եկամուտների մասին, մեծ մասամբ չեն ուզում կամ չեն կարող դրանցում ստույգ տեղեկություններ նշել: Որովհետեւ իրենք բնակիչներից կախյալ վիճակում են, քանզի, ում տեղեկանք են տրամադրում՝ կամ իրենց ընտրողն է, կամ էլ ակնկալում են նրա քվեն ստանալ առաջիկա տեղական ընտրություններում»,- ասում է տարածքային գործակալության պետը: Գործակալությունը համայնքապետերի տված տեղեկանքների տվյալների հավաստիությունը ստուգել կարող է, բայց, պարզվում է՝ ստուգումների գործը բարդ է: Նոյեմբերյանի տարածքային գործակալությունն ընդամենը 6 աշխատող ունի, որոնք սպասարկում են 19 համայնք: Ծառայությունը ավտոտրանսպորտ չունի: Գյուղեր կան, որ Նոյեմբերյան քաղաքից 25-30 կմ հեռու են, իսկ շրջանի տարածքում գործուղումների ծախսերի համար հատուցում չի տրվում: Ի հավելումն՝ ստուգումներով էլ հաճախ շատ բան հնարավոր չի լինում պարզել: «Բնակիչը կարող է հայտարարել, որ իր գոմում գտնվող անասունները իրեն չեն պատկանում՝ քեռու տղայինը կամ զոքանչինն են: Պարտավոր ենք հիմք ընդունել քաղաքացու հայտարարությունը: Մենք իրավունք չունենք նաեւ ստուգելու որեւէ գործատուի աշխատողների ցուցակը»,- վկայում է Սամվել Բեգլարյանը:
Բուժքույրը կամ հավաքարարը, ով ստանում է 30 հազար դրամ եւ սոցիալական ծառայություն ազնվորեն ներկայացնում իր եկամուտները, զրկվում է ընտանեկան նպաստից: Կամ քաղաքացին ազնվորեն ցույց է տալիս հորից կամ պապից մնացած հին ավտոմեքենան եւ նույնպես զրկվում ընտանեկան նպաստից: Իսկ նրանք, ովքեր ռուսական կամ արտասահմանյան նոր, շքեղ մեքենա ունեն, դրանք ձեւակերպում են այլ անձանց անունով եւ պնդում, որ դա իրենցը չէ եւ աղքատության նպաստ են ստանում:
Նոյեմբերյանում քիչ չեն մարդիկ, ովքեր Երեւանում կամ հանրապետության այլ քաղաքներում զբաղվածություն ունեն՝ հիմնականում շինարարության մեջ, մասնավոր գործատուի մոտ են աշխատում՝ առանց գրանցման: Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալության պետի աշխատասենյակում էի, երբ ներկայացավ Նոյեմբերյան քաղաքի մի բնակիչ, բազմանդամ ընտանիքի հայր: Ամիսներով Դիլիջան քաղաքում է լինում, որպես վարպետ՝ օգնում է տուն կառուցող իր հորեղբոր պաշտոնյա տղային: Սամվել Բեգլարյանը հիմքեր ունի կարծելու, որ նա ամիսներ շարունակ վարձատրվում է, սակայն դա դժվար է ապացուցել: Երբեմն մարդիկ ինքնակամ ազատվում են աշխատանքից, որպեսզի ընտանեկան նպաստ ստանան… եւ շարունակեն ստվերում զբաղվել նույնատիպ գործով: Գյուղացին երբ համոզվում է, որ միակ կովի պատճառով է ցածր իր ընտանիքի կարիքավորության գործակիցը, մորթում կամ վաճառում է անասունը եւ ամեն ամիս պետությունից երաշխավորված որոշակի գումար՝ ընտանեկան նպաստ ստանում: Նաեւ սրանով կարելի է պայմանավորել վերջին տարիներին Տավուշի մարզում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի էական կրճատումը:
Իսկապես, «Փարոս» համակարգը լիարժեք կայացած չէ: Ըստ գործող կարգի, քաղաքացին ծառայությունում գրանցվելու համար պահանջվող փաստաթղթերը անձամբ պետք է ներկայացնի: 80-ն անց միայնակ կինը, որ չի կարողանում տեղաշարժվել, ինչպե՞ս հեռավոր գյուղից Նոյեմբերյան հասնի: Օրենքը դրա համար էլ ելք ունի, զառամյալը պետք է դատարանի դիմի եւ որեւէ մեկին խնամակալ ճանաչի: Սոցիալական ծառայություն դիմողների մեջ բազմաթիվ են ծերերն ու հաշմանդամները: Ըստ ընդունված կարգի, սոցիալական ծառայության գրասենյակը պետք է երկրորդ հարկից բարձր չլինի: Նոյեմբերյանի տարածքային գործակալությունը քաղաքապետարանի շենքի երրորդ հարկում է տեղավորված: Քաղաքապետարանն էլ բարձունքի վրա է, ճանապարհից՝ 130 աստիճան: Ստացվում է, որ զառամյալ, հաշմանդամ քաղաքացին աստիճաններով 7 հարկանի շենքի բարձրություն է հաղթահարում: «Մարդն այդ պատճառով այստեղ է մտնում հոգնած, չգիտես ում վրա զայրացած»,- ասում է գործակալության պետը: Սա էլ պատճառներից մեկն է, որ երբեմն երրորդ հարկի միջանցքում բարձր լսվում է Սամվել Բեգլարյանի զայրացած ձայնը:
Արդեն բազում ամիսներ պարտքի պատճառով անջատված է տարածքային գործակալության միակ հեռախոսը: Անցյալ տարի էլ նույն վիճակն էր: Այդ պատճառով փոքր տեղեկություն ճշտելու համար մարդիկ հարկադրված են բավական գումար եւ ժամանակ ծախսել՝ Նոյեմբերյան հասնել: Գործակալության գրասենյակի տարածքն էլ կարծես ռմբակոծության ենթարկված լինի: Պատի ճեղքից «դուրս է պրծել» էլեկտրական վարդակը, առաստաղը քայքայվել է տանիքից հոսող անձրեւաջրերից եւ այլն: Գործակալության պետի աշխատասենյակում դրված են Նոյեմբերյանի կինոյի տնից բերված շատ հին աթոռները:
Կարիքավորներին սոցիալական աջակցություն տրամադրող այս պետական հիմնարկությունն ինքը կարիք ունի պետական աջակցության: