Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1 ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Հուլիս 01,2009 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կողմից հրապարակված վերջին՝ հունիսի 26-ի տեղեկատվության մեջ նշել էր, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրում: Մարդկանց շրջանում գրանցվել էր գրիպով վարակվածների 55 հազար 867 դեպք՝ 238 մահվան ելքով:

Մի քանի օրվա մեջ իրավիճակը բավականին սրվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ: Արդեն իսկ վարակը տարածվել է 112 երկրում, իսկ H1N1 վիրուսով հարուցված գրիպով վարակվել է 59 հազար 814 մարդ՝ 263 մահվան ելքով: Համաճարակից առավելապես տուժած երկրները, որտեղ հիվանդների թիվն անցնում է մի քանի հազարից, հետեւյալն են. Արգենտինա 1391 մարդ, Ավստրալիա՝ 3280, Կանադա՝ 6732, Չիլի՝ 5186, Չինաստան՝ 1089, Ճապոնիա՝ 1049, Մեքսիկա՝ 8279, Մեծ Բրիտանիա՝ 3597, ԱՄՆ՝ 21 հազար 449 մարդ: Վարակի տարածվածության աստիճանը մեծ է նաեւ Բրազիլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Իսպանիայում, Թաիլանդում:

Երեկ տեղական եւ արտասահմանյան մի քանի լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ H1N1 վիրուսից Իսպանիայում գրանցվել է առաջին զոհը: Նա եղել է 20-ամյա հղի կին:

Հայաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մեր երկրում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել