Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հաճախ տուժողն է
ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ին կազմակերպելու է քննարկում՝ նվիրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողությանը, դատարաններում մեղադրանքի պաշտպանության վիճակին:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության՝ օրեր առաջ կատարած ուսումնասիրությունների, սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցատեսակի սուբյեկտ են դարձել առավելապես 20-30 տարեկանները (81,2%): Վերլուծությունը ցույց է տվել, որ նման հանցանք կատարողների 82,8%-ը չի աշխատել կամ որեւէ հանրօգուտ գործունեությամբ չի զբաղվել: Ինչ վերաբերում է նրանց կրթական մակարդակին, ապա նշված անձանց մեծամասնությունը՝ 98,4%-ը, ունի տարրական, ութամյա կամ միջնակարգ կրթություն: Նշված բնույթի դեպքերը կատարվել են «մեկուսի վայրերում, ինտիմ միջավայրում», հաճախ ինֆորմացիայի միակ աղբյուրը տուժողն է, որոնց, հանցանք կատարած անձինք կամ նրանց հարազատները «արագ միջամտություն են անում», ինչի արդյունքում տուժողները փոխում են իրենց դիրքորոշումը: 2008 թ. ժամանակահատվածում այդ անձանց նման վարքագիծը իրավական գնահատականի է արժանացել 16 դեպքով, նրանցից 15-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Բռնաբարության փաստով հարուցված 3 քրեական գործերով տուժողները դատի են տրվել:
Հարուցված քրգործերով մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու 20 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2-ը մերժվել է, իսկ 6-ով ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նախաքննության փուլում շատ հաճախ չի նշանակվում դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն: Օրինակ, Հրազդան քաղաքի ջրմուղկոյուղու աշխատող Ռ. Խ.-ն 2007թ. մարտի 8-ին այցելել է հանրակացարանում բնակվող Ն. Մ.-ին, հայտարարել, որ ջրի դիմաց ունեն մեծ պարտքեր, նաեւ հայտնել, որ հավանել է նրա դստերը՝ 12-ամյա Ն.-ին եւ ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Մի քանի օր հետո ջրմուղի աշխատողը դարձյալ այցելել է Ն. Մ.-ին, նրա եւ դստեր հետ օգտագործել են ալկոհոլ, որից հետո ցանկություն հայտնելով գիշերել Ն. Մ.-ի բնակարանում, սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած Ն. Զ.-ի հետ՝ վերջինիս համաձայնությամբ: Սակայն տուժողի դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն չի նշանակվել եւ մակերեսային քննված գործն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, եւ գործը վերադարձվել է՝ բացը լրացնելու նպատակով:
Հ. Գ. Ի դեպ, ուշադրություն է հրավիրվել երեկոյան ժամերին ոստիկանության պարեկային ծառայության ուժեղացման, լուսավորության ապահովման վրա: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննարկվող բնույթի հանցագործությունների տարածմանը մեծապես նպաստում են բռնություն եւ պոռնոգրաֆիա քարոզող նյութերի անարգել վաճառքը, զանգվածային լրատվամիջոցներով գռեհիկ սեքսի քարոզը՝ հատկապես, որ նման նյութերի տարածման համար ներկայումս նպաստավոր պայմաններ են ստեղծել ինտերնետ կապից օգտվելու տեխնիկական հնարավորությունների օրեցօր աճող ծավալները»: