Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ

Հուլիս 01,2009 00:00

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումներն է արել

Այս անգամ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հաշվետվությունը վերաբերում էր մշակույթի նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին եւ համայնքներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Սահմանադրական դատարանին եւ ՀՀ դատախազությանը: Ի տարբերություն բոլոր ուսումնասիրված կառույցների, ՎՊ-ն Սահմանադրական դատարանի փաստաթղթերը որքան էլ փորփրել է՝ ոչ մի խախտում չի արձանագրել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անգամ զարմացած եւ հիացած էր Սահմանադրական դատարանի անթերի աշխատանքով: Դատախազությունում, ճիշտ է, թեթեւ խախտումներ հայտնաբերվել են, սակայն դրանք ֆինանսական խախտումներ չէին, այլ, ինչպես պարոն Զաքարյանն ասաց՝ ընթացակարգային:

Նշենք, որ ՎՊ-ի ստուգումները վերաբերում են 2007-2009 թվականներին:

Իսկ այն, ինչ ապշեցրել է ՎՊ նախագահին, դա մշակույթի նախարարության գործունեությունն է. ՎՊ-ն ուսումնասիրել է նախարարության 7 ծրագիր, եւ, ինչպես պարոն Զաքարյանն է ասում՝ ամենատխուր պատկերը հուշարձանների վերականգնման ծրագիրն է: Այս ծրագրի հաշվետվությունից մի եզրահանգում կարելի է անել. այն, ինչ մեր պատմամշակութային հուշարձանների հետ չարեցին արաբներն ու թուրքերը, արեց «Գուգարք» ընկերությունը, որը պետք է վերականգներ 10-րդ դարի Լոռվա մարզում գտնվող Քոբայրավանքն ու Հնեավանքը: Ճիշտ է, «Գուգարքը» հիմնահատակ չի ավերել այս վանքերը, բայց վերականգնել է այն շինանյութերով, ինչ ընկել է ձեռքի տակ, արդյունքում՝ հուշարձանների տեսքն ամբողջովին խեղաթյուրել է: Պարոն Զաքարյանը նախ ցույց տվեց «վերականգնված» Հնեավանքի լուսանկարներն ու ասաց. «4-5 գույնի քարերով վերականգնել են համալիրը, սկսած հղկված տրավերտինից, բազալտից, տուֆից: Մի այլանդակ պատկեր է ստացվել, ամբողջ համալիրը աղավաղել են: Հուշարձանի վերականգնում նշանակում է՝ վերականգնել պատմական արժեքները, այլ ոչ թե սա»: Ըստ հաշվետվության՝ «Գուգարքը» 321 մլն դրամ է ստացել աշխատանքներն իրականացնելու համար, 57 մլն դրամը չհիմնավորված ծախս է. «Այս ծախսը ոչ մի տեղ չի երեւում: Մենք ուզում էինք դատախազություն ուղարկել փաստաթղթերը, բայց մշակույթի նախարարությունը մի ամիս առաջ դիմել է, դրա համար սպասենք՝ տեսնենք ինչ կլինի: Բայց 57 մլն դրամը ենթակա է վերականգնման՝ պետբյուջե»

Նշենք, որ օրեր առաջ վարչապետի հրամանագրով աշխատանքից ազատվել էր մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը։ ՎՊ խորհրդի նիստին ներկա ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե փոխնախարարի աշխատանքից ազատվելը կապ ունե՞ր վերահսկիչի բացահայտման հետ, պարոն Զաքարյանն ասաց, որ որեւէ գերատեսչությունում պաշտոններ նշանակելու եւ ազատելու հետ իրենք ոչ մի կապ չունեն:

Մեկ այլ խախտում էլ էր բավականին զարմացրել Ի. Զաքարյանին՝ նույն նախարարության իրավական ակտերը կազմելու համար 19 մլն 960 հազար դրամ է փոխանցվել ինչ-որ «Օմեգա ֆայնեյշն սերվիս» ընկերության երեւանյան «Ինօրինետ» մասնաճյուղին: Ի. Զաքարյանի խոսքերով՝ «այս կազմակերպությունը գտնվում է Վիրջինյան կղզիներում: Պարզվել է՝ դա ապահովագրական խորհրդատվական ընկերություն է, ոչ թե իրավական ակտեր կազմող: Չենք հայտնաբերել կազմակերպությանը, որպեսզի ճշտենք փաստաթղթային ծախսերը»:

Նախարարության մնացած 5 ծրագրերում եւս խախտումներ են արձանագրվել, եւ որոշակի գումարներ ենթակա են վերականգնման՝ պետբյուջե:

Ընդհանուր առմամբ, գյուղական համայնքներում կատարվում են տարաբնույթ խախտումներ, սակայն ամենակլասիկը՝ համայնքային հողերը ինքնարժեքից էլ ցածր գներով վաճառելն է: Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դեպքեր են արձանագրել, որ 10 հա հողը վաճառվել է մոտ 360 հազար դրամով, սակայն մեկ օր հետո նույն հողը վաճառվել է 3 մլն 900 հազար դրամով, 40 հա-ն՝ 850 հազարով, 20 օր հետո՝ 21 միլիոնով: Պարոն Զաքարյանի վստահեցմամբ՝ հողեր կան, որ վաճառվել են 1 քմ-ն 6 դրամով. «Փարաքարի խաղատների եւ կահույքի խանութների մասին է խոսքը: Մյուս արտառոց դեպքը՝ դա հանքավայրի հողերը աննպատակ վաճառելն է: Մարգարայում «Արաքս ավազան» ՍՊԸ-ն եւ «Վինեկա» ընկերությունը 4-ական հեկտար հող են ձեռք բերել: Պայմանագրում հստակ գրված է, որ հողը գյուղմթերքներ արտադրելու համար վաճառվել է 1 հա-ն 25 հազար դրամով, սակայն պարզել ենք, որ գյուղմթերք չի արտադրվել, այլ սեւ ավազի հանքավայր է եղել եւ ավազ է արդյունահանվել: 1 մեքենա սեւ ավազն արժե 25-30 հազար դրամ: Հողը վարձակալության են տվել ու սա շատ շահավետ բիզնեսի աղբյուր է իրենց համար»:

Ընդհանուր առմամբ, այս մարզում խախտումները բազմաթիվ են՝ սկսած բնակչությունից ջրի ու հոսանքի գումար գանձելուց ու բյուջե չվճարելուց, համայնքի համար ուռճացված գներով 20 տարվա հնության սարքավորումներ գնելուց, մինչեւ գյուղապետարանի շենքի վերակառուցման համար գերծախսեր անելը: Այս համայնքում էլ կան միլիոններ, որոնք ենթակա են վերականգնման պետական բյուջե:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2007-2008 թթ. կատարած ֆինանսական գործունեությունն էլ ստուգելուց հետո ՎՊ-ն արձանագրել է 444 մլն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե մուտքագրվող գումարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել