Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ

Հուլիս 01,2009 00:00

2009-ի հունիսին, մայիսի համեմատությամբ,ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,3% գնանկում: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած տվյալների, պարենային ապրանքների գները նվազել են 1,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2%-ով: 0,4%-ով աճել են նաեւ ծառայությունների սակագները: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,5% գնանկում, ինչը, ըստ վիճծառայության, հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:

2009-ի հունիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 12% գնաճ, իսկ մայիսի համեմատությամբ՝ 10,5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ լոբու՝ 50,4%, կանաչ պղպեղի՝ 43,6%, կաղամբի՝ 42,7%, վարունգի՝ 31,3%, լոլիկի՝ 30,3% գնանկումով: Նվազել են նաեւ հացահատիկի, ալյուրի, ոսպի, մակարոնեղենի սակագները:

2009-ի հունիսին, մայիսի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, մսամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի եւ կակաոյի 0,2-0,3% գնաճ:

2009-ի հունիսին, 2008-ի հունիսի համեմատությամբ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 17% եւ 32,5%-ով, իսկ 2008-ի դեկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է բենզինի 15.2% գնաճ եւ դիզելային վառելիքի 2.3% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նշված ժամանակահատվածում արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,6-2,7% գնաճ:

Հայաստանում 2009-ի հունիս ամսին, մայիսի նկատմամբ, սպառողական գների անկումը ուղեկցվել է ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ տեղի ունեցող 1,4% արժեզրկմամբ: Նշենք նաեւ, որ Հայաստանում արտահանումը հունվար-մայիս ամիսներին կրճատվել է 47,8, իսկ ներմուծումը՝ 29,9%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել