Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ»

Հուլիս 01,2009 00:00

Տնտեսագետ, «Կոնվերս» բանկի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանի կարծիքով, առաջիկա ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկումը կհասնի 30%-ի:

– Պարոն Նասիբյան, թեեւ տարեսկզբին մեր ԿԲ-ն կանխատեսել էր տնտեսության 5,4% անկում, օրերս պարզվեց, որ այդ թիվը շատ ավելի մեծ է՝ 15,7%: Ու չնայած իշխանությունները հայտարարեցին, որ դա իրենց անակնկալի չի բերել, եւ իրավիճակը միանգամայն վերահսկելի է, որոշ տնտեսագետներ կարծիք հայտնեցին, որ Հայաստանի նման երկրի համար 15,7% անկումն արդեն իսկ նշանակում է տնտեսության փլուզման սկիզբ: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Ես էլ կարող եմ ասել՝ արտառոց բան չկա, ինչպես տեսնում եք՝ այսօր մեր սրճարաններում այցելուների թիվը չի պակասել:

– Մեր երկրում սրճարանների հաճախելիությո՞ւնն է տնտեսության ցուցանիշը:

– Ոչ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ առայժմ հետեւանքները նկատելի չեն, մինչդեռ արդեն իսկ տեղի է ունեցել սպառման մակարդակի, փոքր առեւտրի, ապրանքաշրջանառության 30-40% կրճատում: Այդ ամենը զգալի կդառնա այն ժամանակ, երբ մեծ թվով սնանկացումներ կամ բիզնեսների փակումներ կլինեն: Իմ սպասումներով, առաջիկայում կգրանցվի ՀՆԱ-ի 30 % անկում:

– Այս իրավիճակում, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային քայլերն արդյունավետ:

– Հայաստանը, ցավոք կամ բարեբախտաբար, այն երկրների շարքին է դասվում, որտեղ որեւէ իշխանության կամ տնտեսական պատասխանատուների գործունեությունից շատ քիչ բան է կախված:

– Ուզում եք ասել, որ եթե անգամ մեր կառավարությունը ոչինչ չձեռնարկի, միեւնույն է՝ դրանից շատ բան չի՞ փոխվի:

– Իմ կարծիքով՝ այո, որովհետեւ նախկինում Հայաստան մտնող, շրջանառվող ու տնտեսական աճն ապահովող փողերի ծավալին համարժեք փոխհատուցում գտնելն այսօր շատ դժվար է: Ուստի, կառավարության միջամտել-չմիջամտելու ազդեցությունը շատ քիչ է լինելու:

– Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, մոտ $1,3 մլրդ հակաճգնաժամային վարկեր են տրամադրել Հայաստանին: Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ են այդ միջոցներն արդյունավետ օգտագործվում:

– Ցանկացած դեպքում էլ կարելի է քննադատել, ասել, որ այդ միջոցները կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: Սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այդ վարկերը բավարար են: Եթե վերցնենք այն միջոցները, որոնք ներարկվում էին մեր տնտեսության մեջ 2007-2008 թվականներին, ապա դրանք շատ ավելի մեծ գումարներ էին՝ 3-4 միլիարդ կազմում էին տրանսֆերտները, 1,5 միլիարդի չափ ներդրվում էր անշարժ գույքի մեջ, 1-2 միլիարդ էլ բերում էր տուրիզմը: Ահա այդ բոլոր խողովակներով մոտ $6-7 միլիարդ էր մտնում Հայաստան: Հիմա այդ բոլոր հոսքերն էլ կրճատվել են. տուրիզմը՝ շուրջ 30%-ով, 30-40%-ով՝ տրանսֆերտները, մոտ 70 %-ով էլ նվազել են անշարժ գույքի մեջ կատարվող ներդրումները: Այսինքն, այսօր 3-4 միլիարդ է մուտք գործում նախկին 6-7-ի փոխարեն, ու այդ 1,3 միլիարդը, որ տրվեց վարկերի տեսքով, չի փոխհատուցի այն գումարները, որոնք կային նախկինում: Այս ամենին էլ ավելացնենք նաեւ մեր հանքային արդյունաբերության, կոնյակագործության անկումը: Այսինքն, մեր արտահանումն ապահովող բոլոր հիմնական ճյուղերը, որոնք Ռուսաստանում ունեին սպառման լայն շուկա եւ ապահովում էին մեր արտարժութային մուտքերը, միջազգային գների անկման հետեւանքով եւս կրճատվել են, եւ այդտեղից էլ ենք մենք կորցրել եւս մեկ միլիարդի մուտքեր: Ահա այս ամենը հաշվի առնելով՝ կրկնում եմ, այսօր մեր կառավարությունը շատ սահմանափակ քայլեր կարող է ձեռնարկել, որոնք դասագրքային ճշմարտությունների մակարդակի են. հնարավորինս քիչ խոչընդոտել փոքր բիզնեսի զարգացմանը եւ մեղմացնել հարկային բեռը:

– Իսկ գոնե այդ դասագրքային ճշմարտությունների մակարդակի քայլերն արվո՞ւմ են:

– Իմ կարծիքով՝ ոչ: Վերցնենք թեկուզ ՀԴՄ կտրոնների գաղափարը, որը միգուցե աճող տնտեսության ժամանակ կարող էր արդյունավետ լինել, սակայն երբ դա արվում է հիմա՝ ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ՝ անօգուտ: Այդ մեխանիզմը կարելի է կիրառել միայն ընդհանուր տնտեսական դաշտը մաքրելուց հետո:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության ներկայացրած հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչների նշանակում:

– Դա ինձ համար ուղղակի անհասկանալի է, ինչպես ցանկացած բան, որի վերջնական նպատակն անհայտ է: Եթե խնդիր է դրված այլ լծակներ ունենալ ձեռնարկությունների վրա, ապա դրանք առանց այդ էլ շատ են:

– Իբրեւ նպատակ նշվում է ձեռնարկությունների ստվերային շրջանառության վերահսկողությունը:

– Այդ ողջ տեղեկատվությունն արդեն կա համապատասխան վերահսկող մարմիններում, հստակ, թե այս կամ այն ձեռնարկությունը որքան շրջանառություն ունի, այդ թվում եւ՝ ստվերային: Ուստի, այս նոր փաթեթով լրացուցիչ լծակներ ստեղծելն ինձ համար անհասկանալի է: Առավել եւս հիմա, երբ նկատելի է Հայաստանից ֆինանսական միջոցների լուրջ արտահոսքի միտում եւ ներդրումների կրճատում: Այսօր Հայաստանում շատ քիչ գործարարներ կան, որոնք ուզում են այստեղ ընդլայնվել եւ նոր գործունեություն ծավալել: Մարդիկ պարզապես կգերադասեն գնալ այլ երկրներում ներդրումներ կատարել, որտեղ պայմանները շատ ավելի մեղմացված են, քան թե մնալ այստեղ եւ մնացած խնդիրներից բացի, նաեւ այս նոր վերահսկողությանը ենթարկվել:

– Իսկ ֆինանսական միջոցների արտահոսքի միտումը որքանո՞վ կարող է խորանալ առաջիկա ամիսներին:

– Ոչ միայն խոշոր գործարարները, այլեւ սովորական մարդիկ այստեղ, օրինակ, անշարժ գույք էին ձեռք բերում՝ մտածելով, որ հետագայում այն կթանկանա եւ իրենք դա կվաճառեն: Բնական է, որ երբ տեղի է ունենում անշարժ գույքի գների անկում, մարդիկ գերադասում են իրենց փողը պահել կամ կանխիկ, կամ ներդնել որեւէ տեղ, բայց ոչ արդեն այստեղի անշարժ գույքի մեջ: Օրինակ, շատերը գերադասում են բնակարաններ գնել ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ գնահատվում է, որ գների անկումը հասել է ներքեւի սահմանին: Հայաստանում գնահատական կա, որ դա դեռ անկման վերջնագիծը չէ, որ կարելի լինի գնումներ կատարել: Իմ կարծիքով, դեռ ժամանակ կա, որ մենք հասնենք այդ անկման հատակին, դեռ գործընթացը շարունակվելու է, մենք մի քիչ ուշացումով ենք արձագանքում ԱՊՀ մյուս երկրների եւ ԱՄՆ-ի համեմատ:

– Ձեր կարծիքով, ե՞րբ կհասնենք այդ վերջնագծին:

– Մեզ մոտ գործընթացները տեղի են ունենում մոտ մեկուկես տարի ուշացմամբ, ուստի, կարծում եմ, այս դեպքում էլ ժամկետը նույնը կլինի, սակայն ամեն ինչ ուղղակիորեն կախված է Ռուսաստանի վերականգնումից: Կարծում եմ, մենք դեռ կես տարի էլ կգնանք դեպի անկում, հետո արդեն՝ դեպի կայունացում: Սա, իհարկե, այն դեպքում, եթե Ռուսաստանում չլինի ճգնաժամի երկրորդ ալիքը: Իսկ այդ տարբերակը եւս հավանական է, քանի որ Ռուսաստանում կանխատեսվում է ժամկետանց վարկերի տեսակարար կշռի 20%-անոց աճ, ինչը, անշուշտ, հանգեցնելու է շղթայական ռեակցիայի՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի վրա: Սա, իհարկե, վատթար սցենարն է, որը կարող է եւ չլինել:

Իսկ, ընդհանրապես, Հայաստանն այսօր ինձ հիշեցնում է Ռ. Բրեդբերիի պատմվածքի ճամփեզերին ապրող եւ մեքենաներից նետված մնացորդներով սնվող հերոսին, որին աշխարհի կործանման մասին լուրը բոլորովին չի վերաբերում: Քանի որ դրա հետեւանքով անցնող մեքենաներն ու դրանցից նետվող մնացորդները շատանում են, ուստի նա ասում է՝ ի՞նչ է եղել որ, ինձ համար ամեն ինչ լավ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել