Այս կանխատեսումը երեկ արեց ԵԽԽՎ-ում աշխատանքի 10 տարվա փորձ ունեցող Արմեն Ռուստամյանը:
Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կանխատեսեց, թե քանի որ համաներումը մասնակի է կիրառվել՝ առիթ է դառնալու, որ ԵԽԽՎ-ում այս կապակցությամբ քննարկումները շարունակվեն. «Համաներման մեխը հենց մարտի 1-ն էր: Եվ սա դիտվեց բանաձեւում որպես շատ լուրջ ձեռքբերում: Բայց այստեղ էլ ենք կիսատ- պռատություն հանդես բերել, թողել ենք «պոչեր», որոնք հետագայում մեզ շատ լուրջ դժվարությունների առջեւ են կանգնեցնելու: Այսինքն՝ եթե մենք ելնում ենք նրանից, որ համաներումը պետք է առնչվի մարտի 1-2-ի իրադարձություններին՝ ուրեմն, վերապահումներ պետք չէր կատարել»:
«Առավոտի» խնդրանքով ներկայացնելով իր գնահատականը, թե ինչ քայլեր պետք է արվեն, որ կատարվի հակառակ մեր կոալիցիոն պատվիրակների առաջարկի՝ ԵԽԽՎ 1677 բանաձեւում վերահաստատված այն պահանջը, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրման հետ կապված տեխնիկական գործոնները չպետք է օգտագործվեն կապուղիների մրցույթի «անցկացումն անհարկի ձգձգելու եւ այդ կերպ «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը հետաձգելու նպատակով»՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես նախ համարում եմ, որ այդ պահանջը պետք է պահպանվեր, եւ անձամբ ես դեմ եմ քվեարկել կոալիցիոն գործընկերների ներկայացրած այդ առաջարկությանը, որ հանեն «Ա1+»-ին վերաբերող մասը»: Ի դեպ, նշենք, որ Դավիթ Հարությունյանն ինքն էլ էր դեմ քվեարկել, իսկ առաջարկի ներքո ստորագրած Նաիրա Զոհրաբյանը քվեարկել էր ձեռնպահ: «Ես չեմ միացել ո՛չ կոալիցիայի, ո՛չ էլ Զարուհի Փոստանջյանի առաջարկություններին: Ես ունեցել եմ իմ խնդիրը, որը լուծել եմ՝ մի առաջարկություն ներկայացնելով, եւ այն միաձայն ընդունվել է»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու վերադառնալով «Ա1+»-ի խնդրին՝ նշեց. «Կարծում եմ, այդ խնդիրը պետք է իսկապես լուծվի այն տրամաբանությամբ, որը սահմանում է բանաձեւի հենց այդ կետը: Եվ մենք սա պետք է ընդունենք որպես կատարման համար շատ լուրջ առաջարկություն եւ մտածենք դրա մեխանիզմների մասին: Ես չգիտեմ, թե թվայնացման ներդրումն ինչքան կտեւի՝ կարծում եմ, բավական երկար: Մրցույթները դադարեցվել են, բայց կա Եվրոպական դատարանի վճիռ, որը չի կարող մնալ օդում՝ այստեղ էլ մենք պրոբլեմներ կունենանք, եթե այդ վճռի կատարման գործընթացը դանդաղեցնենք, քանի որ իրենք այնտեղ ունեն համապատասխան ընթացակարգ»:
Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է 1999-ից: Եվ նրա այս փորձառությունը հաշվի առնելով՝ խնդրեցինք նաեւ կանխատեսել, թե արդյոք բանաձեւի նախագիծ կդառնա՞ ԵԽԽՎ-ում հունիսի 24-ին շրջանառության մեջ դրված առաջարկը՝ «նշանակել հատուկ զեկուցող Հայաստանում 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եղած փաստերի ամբողջական, անկախ եւ անկողմնակալ հետաքննության եւ, մասնավորապես, մարտի 1-ի ողբերգական դեպքերի այն հստակ հանգամանքների, ինչը 10 հոգու մահվան պատճառ է դարձել»: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի այս նախաձեռնության ներքո ստորագրել են ԵԽԽՎ բավական ճանաչված մի շարք պատվիրակներ, ինչպիսիք են՝ Գորան Լինդբլադը, Քրիստոս Պուրդուրիդեսը, Հոլգեր Հայբախը, Էգիդիջուս Վարեյկիսը եւ այլք: «Ես կարծում եմ՝ պատասխանն այս նախագծի հետ կապված շատ հստակ է լինելու,- կանխատեսեց Արմեն Ռուստամյանը:- Ասելու են, որ այդ գործն անում է Մոնիտորինգի հանձնաժողովը, կան նշանակված համազեկուցողներ, որոնք արդեն իսկ զբաղվում են Հայաստանին առնչվող ցանկացած հարցով: Հատուկ զեկուցող նշանակել կոնկրետ մի թեմայով, որն ընդհանուր թեմայի մի մասն է կազմում, իմ փորձն ունենալով, չեմ կարծում, որ ԵԽ-ն կգնա դրան»: Նկատեցինք, թե ԵԽԽՎ-ն նման քայլի գնացել է, ասենք, Ադրբեջանի դեպքում, որի պարտավորությունների կատարումը դիտարկող զեկուցողներից բացի, կա նաեւ հատուկ զեկուցող՝ քաղբանտարկյալների հարցով: Սակայն պրն Ռուստամյանը հակադարձեց, թե այդ նախաձեռնությունը ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովինն էր: Եվ քանի որ քաղբանտարկյալների քանակն Ադրբեջանում շատ է՝ «դրա համար նշանակվեց առանձին զեկուցող»: