Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Հուլիս 01,2009 00:00

\"\"Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը մինչեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելը՝ ԵԽԽՎ-ում 1996-1998-ին ուներ հատուկ հրավիրյալի կարգավիճակ:

– Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջների վերաբերյալ քննարկումների փոխարեն՝ մեր գործիչների մեծ մասը նախընտրում է գնահատել Զարուհի Փոստանջյանի քայլը: Մի՞թե Հայաստանի վերաբերյալ այս նոր բանաձեւի մասին չկա ասելիք:

– Ինձ թվում է՝ սա հետեւանքն է դիլետանտության եւ քաղաքական խաղերի: ԱԺ մեծամասնության մեջ մարդիկ կան, որոնք չեն հասկանում Եվրոպայի խորհրդի իմաստը: Այս մարմինը տարբերվում է ԵԱՀԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից, որտեղ երկրները ներկայացված են պետական մակարդակով՝ պաշտպանելու պետական, ազգային շահերը: ԵԽ-ն այն մարմինն է, որտեղ պատվիրակներն էլի պաշտպանում են ազգային շահերը, բայց՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման միջոցով:

Սակայն ԵԽԽՎ մեր պատվիրակության մեծամասնությունն իր խնդիրը պատկերացնում է այսպես, որ եթե այդ կառույցի ամբիոնից չասվի, թե Հայաստանում ժողովրդավարության առումով խնդիրներ կան՝ ուրեմն, իրենք շահել են: Այստեղ երկու բացառություն կանեի՝ մեկը «Ժառանգության» ներկայացուցիչն է, որը փորձում է խոսել Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների մասին: Մյուս բացառությունը Դավիթ Հարությունյանն է, որն, իմ կարծիքով, լիովին հասկանում է, թե ինչ պիտի անի պատվիրակը Ստրասբուրգում, բայց դա գիտակցելով՝ անում է հակառակը, քաղաքական պատեհապաշտությունից ելնելով:

– Չե՞ք խտացնում գույները: ԵԽԽՎ-ում կոալիցիան ներկայացնող պատվիրակներն իրենց ելույթներում հայտարարում են, թե մեր երկրում կան ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ՝ ինչպես եւ անցումային փուլում գտնվող մնացած երկրներում, բայց կա քաղաքական կամք՝ լուծելու այդ խնդիրները, որի ապացույցը դարձավ համաներումը:

– Չկա՛ քաղաքական կամք: Դա դեմագոգիա է, որն օգտագործում են Հայաստանի նման բոլոր երկրները՝ մարդու իրավունքների ակնհայտ խախտումները բացատրելով անցումային փուլում գտնվելով: Իրականում ցանկացա՛ծ խնդիր, որը նշված է Հայաստանի վերաբերյալ ցանկացա՛ծ բանաձեւում՝ հնարավոր է լուծել մեկ օրում կամ առավելագույնը 2 շաբաթում:

– Այնուամենայնիվ, տպավորություն չունե՞ք, թե այս անգամ մեր իշխանական պատվիրակների մոտեցումները ԵԽԽՎ-ում ավելի ընկալելի էին: Սրա ապացույցն այն է, որ 1677 բանաձեւի վերաբերյալ նրանց առաջարկների մեծ մասն ընդունվեց, իսկ ընդդիմության 3 առաջարկներից չընդունվեց եւ ոչ մեկը:

– Նախ՝ սա աշխատաոճի հետեւանք է: Ի տարբերություն ընդդիմության, որն ուղղակի տեղեկացնում է խախտումների մասին՝ Հայաստանի իշխանությունը եւ պատվիրակության իշխանական մասն անում են լոբբինգ, որը կարող է բերել թվացյալ արդյունքներ, բայց չի լուծում հիմնական խնդիրը:

ԵԽԽՎ-ում մեր հարցի քննարկմանը հետեւելով համացանցով ուղիղ հեռարձակման միջոցով՝ զարմանալի փաստ արձանագրեցի, որ արարողակարգի խախտում էլ է եղել: Նիստը նախագահողը, ներկայացնելով բանաձեւի վերաբերյալ արված առաջարկը, պետք է հարցնի, թե արդյոք որեւէ մեկն ուզո՞ւմ է հանդես գալ տվյալ հավելման դեմ: Մինչդեռ Դավիթ Հարությունյանի մի քանի առաջարկներին չարվեց ընդդիմախոսելու դիմում: Բայց սա գուցե ոչ այնքան կարեւոր է:

Ավելի կարեւոր է, որ ներքին կանոն լինի մեր պատվիրակության համար՝ անել միայն այնպիսի առաջարկներ, որոնց ներքո կստորագրեն բոլորը: Այլապես խախտվում է հիմնական սկզբունքը, ինչին ուղղված են ԵԽԽՎ բոլոր բանաձեւերը, որոնք ի վերջո միտված են երկխոսության մղելու: Եթե պատվիրակության մի մասը չի կարողանում ներկայացնել առաջարկ, որն ընդհանուր կլինի բոլորի համար՝ սրանով միայն բարդացնում է քաղաքական այն խնդիրը, որն առկա է Հայաստանում: Այսինքն՝ պատվիրակության մի մասը փորձում է անցկացնել մի բան, որն ընդունելի չէ մյուսների համար:

Մինչդեռ Հայաստանի պատվիրակության մեծամասնությունը դեմագոգիայով է զբաղվում այնտեղ: Ահա մի օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց առաջարկ, որով ԵԽԽՎ-ն պիտի կոչ աներ Հայաստանի իշխանություններին օգտագործել առկա բոլոր իրավական գործիքներն ազատ արձակելու մարտի 1-ի գործերով այն մեղադրվողներին, որոնց նկատմամբ չկիրառվեց համաներում: Դավիթ Հարությունյանն ընդդիմախոսելով այս առաջարկին՝ ասաց, թե ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել նրանց, ովքեր անձնապես բռնություն չեն գործադրել, իսկ այս առաջարկով ենթադրվում է անել ավելին: Բայց արդյոք Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ այդ մարդկանց մեջ չկա որեւէ մեկը, որը բռնություն է գործադրել մարտի 1-ին: Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեքենաներ են այրել, պատուհաններ ջարդել եւ այլն՝ ազատ էին արձակվել ՀՀ նախագահի շնորհած ներմամբ: Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ բռնություններ գործադրելու՝ սպանության հրաման տալու ու իրականացնելու համար այդպես էլ որեւէ մեկին չեն մեղադրել ու չեն ենթարկել պատասխանատվության:

– Բայց կարծում եմ՝ Դավիթ Հարությունյանը գիտի, որ այն անձանց մեջ, որոնց նկատմամբ չկիրառվեց համաներում՝ 3-ը մարդիկ են, որոնք դատապարտվել են իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար:

– Այո՛, բայց Դավիթ Հարությունյանը երեւի նաեւ կարդացած կլիներ, որ այդ մարդկանց մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Եվ նրանցից մեկն, ասենք, ցուցմունքում նշել էր, թե ես նայեցի՝ տեսա, որ քար չկար Աշոտ Մանուկյանի ձեռքին եւ հասկացա, որ արդեն նետել է: 3-ից մեկն էլ Արամ Բարեղամյանն է, որին այնպես էին ծեծել ու մարմնական վնասվածքներ հասցրել, որ հիվանդանոց էր ընկել: Եվ իշխանությունը ստիպված էր նրան ներկայացնել նման մեղադրանք, որ արդարացնի իր գործած բռնությունները: Օրինակները կարելի է շարունակել:

– Բանաձեւում համազեկուցողների առաջարկած հավելման շնորհիվ ԵԽԽՎ-ն հետեւելու է մնացած գործերի զարգացումներին: Իրակա՞ն եք համարում հեռանկարը, որ նաեւ այս գործերի վերաբերյալ լինեն մեղմացումներ:

– Շվեդ պատվիրակ Մարիետա դե Փուրբե-Լունդինն իր ելույթում շատ ճիշտ բնորոշեց, թե Հայաստանի իշխանությունը քայլեր է իրականացնում միայն այն ժամանակ, երբ կա ճնշում եւ պատժամիջոցների վտանգ: Ես հավելում եմ. եթե իշխանությունը նման վտանգ տեսնի՝ նրանք մի քանի հոգու էլ ազատ կարձակեն սեպտեմբերին: Բացի այդ՝ հաշվի առնելով, որ «ծանր հրետանին» այս անգամ Հովիկ Աբրահամյանն էր, չեմ բացառում, որ անձամբ Սերժ Սարգսյանը կամ կաթողիկոսն էլ գնան ԵԽԽՎ: Մնաց երկու քայլ:

– Ջոն Պրեսկոտն այս քննարկման ընթացքում Հայաստանի քաղաքական ուժերին այնուամենայնիվ խորհուրդ տվեց համագործակցել՝ արդյունքների հասնելու համար. «Ժողովրդավարական գործընթացի էական մասը միասին աշխատելն է»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խորհրդին:

– Չեմ ուզում քննադատել համազեկուցողներին: Չնայած գտնում եմ, որ լավագույն քաղաքական գործիչները չեն ընտրված որպես Հայաստանի հարցով զեկուցողներ: Պրեսկոտի խորհրդի առնչությամբ, որը համահունչ է ԵԽԽՎ բանաձեւերին՝ միայն պետք է ասեմ, որ համաձայն եմ, թե Հայաստանի խնդիրներն ի վերջո լուծվելու են երկխոսության միջոցով՝ այլ կերպ հնարավոր չէ: Եթե նույնիսկ Եվրոպայի խորհուրդը՝ ՄԱԿ-ի հետ միասին, զորք մտցնի այստեղ կամ պատժամիջոցներ կիրառեն՝ հնարավոր չէ լուծել խնդիրը, քանի որ ի վերջո՝ քաղաքական ուժերը պետք է նորմալ, քաղաքակիրթ ձեւով բանակցեն իրար հետ: Սակայն Պրեսկոտի սխալն այն է, որ ինքը գտնում է, թե բանակցությունների բացակայությունն ինչ-որ ձեւով կապված է ընդդիմության լեքսիկոնի, համառության կամ պահանջատիրության հետ: Բայց իրականում դա նույնն է, ինչ Սովետական Միության կամ դիկտատորական այլ երկրի բանտում նստածներին մեղադրելը, որ նրանք չեն գնում երկխոսության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել