Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ Ո՛Չ ՀԱՂԹԱՆԱԿ Է, Ո՛Չ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 01,2009 00:00

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ, մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը՝ այն մասին, որ 2008 թ. հունիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում ինքը եւ Ավետ Ադոնցը ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ նշված էր «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան» հասկացությունը, ասաց, որ իրենք չեն ստորագրել նման փաստաթղթի տակ: Իրականում ինքը եւ Ադոնցը բոյկոտել են այդ նիստը, քանի որ չեն ընդունվել իրենց առաջարկությունները. «Ստեփան Սաֆարյանն անտեղյակ լինելով՝ փորձում է ապակողմնորոշել հասարակությանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Առավոտը» նկատեց, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն մի տեսակ կարծես սերտաճել են ՀՀ իշխանությունների հետ, պարոն Հարությունյանը մեզ հետ համամիտ չէր. «Երբ նրանք դրական բան են ասում, իշխանությունները ասում են՝ շատ լավ է, բայց երբ բացասական են ասում՝ իշխանությունները նրանց քննադատում են, եւ՝ հակառակը: Երկուսի պարագայում էլ ինձ թվում է, որ երկուսն էլ ծայրահեղ օբյեկտիվ մարդիկ են, եւ հատկապես պարոն Պրեսկոտը շատ հմուտ քաղաքական գործիչ է եւ շատ ողջամիտ մարդ»: ԵԽԽՎ 1677 բանաձեւի մասին ասաց. «Ես չեմ ընդունում այն գնահատականները, թե սա հաղթանակ է կամ պարտություն: Սա ո՛չ հաղթանակ է, ո՛չ էլ պարտություն, սա իրավիճակի օբյեկտիվ գնահատական է, սա առաջնահերթությունների սահմանում է, որոնց մենք պետք է հետեւենք»: Նկատեց, որ ԵԽԽՎ անդամ 11 երկիր գտնվում են մոնիտորինգի փուլում, որ սա երկարատեւ գործընթաց է եւ չի ավարտվելու ոչ այսօր եւ ոչ էլ վաղը, ոչ մեկ եւ ոչ էլ երկու տարի հետո: Դավիթ Հարությունյանը ասաց, որ չի հասկանում Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե վերջինս տապալել է իր նախաձեռնությունը՝ մարտի 1-ի թեման ԵԽԽՎ օրակարգից հանելու մասին. «Մեր բոլոր առաջարկություններն ընդունվել են Վեհաժողովում, Զարուհունը չեն ընդունվել: Ես նորմալ չեմ համարում դիմել ադրբեջանցի եւ թուրք պատվիրակներին ստորագրության համար: Նրանք ոչ թե փորձում են ժողովրդավարության հաստատմանը նպաստել, այլ հակահայկական քաղաքականություն են վարում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել