Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

Հուլիս 01,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ անդրադարձել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանն ու արձանագրել, որ մեր երկրում վատագույն սպասելիքները դեռ առջեւում են:

«Վարչախմբի վարած հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել: Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար-մայիս ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 15,7%-ով, շինարարությունը՝ 50, արդյունաբերությունը 10, արտահանումը 50 տոկոսով եւ այլն։ Հայաստանի տնտեսության անկումը 5,5 անգամ ավելի է, քան ճգնաժամի հետեւանքով համաշխարհային տնտեսության անկումը, եւ 2 անգամ ավելի, քան ԱՊՀ երկրներում անկման միջին ցուցանիշը։ Տնտեսության անկման ցուցանիշը գերազանցում է անգամ Հայաստանի համար ԱՄՀ-ի կանխատեսած 9-9,5%-ը։ Ընդ որում, ակնհայտ է, որ ճգնաժամի բացասական ազդեցությունը մեր երկրում դեռ չի հասել իր գագաթնակետին: 2009թ. առաջին 5 ամսվա կտրվածքով, անգամ նավթի գների եռակի անկման պայմաններում, Ադրբեջանից Հայաստանի հետ մնալը մեկ շնչին ընկնող հիմնական տնտեսական չափորոշիչներով ավելացել է ավելի քան 20%-ով»,- արձանագրել է Կոնգրեսը։ Հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը իր խայտառակ ձախողումներն ամբողջովին բարդում է հենց միջազգային տնտեսական ճգնաժամի վրա, ՀԱԿ-ը փաստում է, որ իրականում Հայաստանի տնտեսական այս աղետը մասամբ է միայն պայմանավորված հիշյալ օբյեկտիվ գործոնով, մինչդեռ մեծագույն մասով այն պայմանավորված է վերջին տասնամյակում ՀՀ իշխանությունների որդեգրած գիշատիչ, հակազգային տնտեսական քաղաքականությամբ, երկրի համակարգված կողոպուտով: Կոնգրեսի մատուցմամբ, Հայաստանը ԱՊՀ շրջանակներում մնում է միակ երկիրը, որը, ունենալով տնտեսական ամենամեծ անկումը, մինչ այժմ չի հաստատել հակաճգնաժամային ծրագիր եւ հակաճգնաժամային բյուջե, եւ, հիմք ընդունելով թեկուզ միայն պաշտոնական տվյալները, ՀԱԿ-ը կանխատեսել է, որ 2009թ. բյուջեի թերակատարումը կկազմի առնվազն 25%, թեեւ 2009թ. բյուջեով շարունակում է ամրագրված մնալ 9,2% տնտեսական աճի դրույթը: Իսկ բյուջետային ծախսերի հետաձգումը 4-րդ եռամսյակ, երբ ամենաանբարենպաստ վիճակն է ստեղծվելու, ՀԱԿ-ի գնահատմամբ, կործանարար հետեւանքներ է ունենալու տնտեսության համար։

Կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարել է, որ վերը թվարկված երեւույթների վերացմամբ եւ «իրական ու ակնհայտ հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ միայն հնարավոր է խուսափել տնտեսական աղետից, ինչի համար, սակայն, երկրին անհրաժեշտ է սրտացավ, օրինական, քաղաքական իշխանություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել