Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պատգամավորին ցուցակից «ջնջել» են

Հուլիս 01,2009 00:00

Թե ինչպես՝ պարզաբանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը

Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, ի թիվս ՀՀ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի՝ ՀՅԴ, Արա Բաբլոյանի՝ ՀՀԿ, Հովհաննես Մարգարյանի՝ ՕԵԿ եւ Արմեն Մելիքյանի՝ ԲՀԿ, ընդգրկված է նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Բայց երեկ Ստ. Սաֆարյանը անակնկալի է եկել, երբ պարզել է, որ իր անունը բացակայում է Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու մեկնող պատգամավորների ցուցակից, որ իր համար ինքնաթիռի տոմսեր չեն պատվիրվել, նախատեսված չեն նաեւ հյուրանոցի եւ գործուղման ծախսեր, որոնք հատկացվում են ԱԺ նախագահի հրամանի հիման վրա: Մինչդեռ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարվել են ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Արմեն Մելիքյանի համար: Իսկ որ իր՝ Փարիզ մեկնելու հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, Ստ. Սաֆարյանը ենթադրել է դեռ մեկ շաբաթ առաջ՝ մինչեւ հայաստանյան պատվիրակության Ստրասբուրգ մեկնելը: Հենց այդ ժամանակահատվածում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին զանգել է ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի մի աշխատակցուհի եւ տեղեկացրել, թե Ստ. Սաֆարյանը դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի պատվիրակության կազմից, եւ որ Ա. Մարտիրոսյանը պատրաստվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ հայկական պատվիրակության հետ միասին մեկնելու Փարիզ՝ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Սա այն դեպքում, երբ Ստ. Սաֆարյանի ասելով, ինքը պատվիրակության կազմից դուրս չի եկել եւ խմբակցությունն էլ նրան ետ կանչելու առաջարկ չի արել:

Ի պատասխան Ա. Մարտիրոսյանի հարցին՝ աշխատակցուհին ասել է, թե վերջինս ոչ թե փոխարինում է Ստ. Սաֆարյանին, այլ ԱԺ նախագահն է ցանկանում, որ «Ժառանգության» ղեկավարն իրեն ուղեկցողների թվում լինի: Ա. Մարտիրոսյանը մերժել էր առաջարկը, իսկ խմբակցությունն էլ հայտարարել էր, թե ինքը որեւէ մեկի համար ուղեկցողներ կամ ուղեկցորդուհիներ չունի: Ավելին, Ստ. Սաֆարյանն ինքն էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին խնդրել՝ ԱԺ նախագահին փոխանցել, որ ինքը պատրաստակամ է մեկնել Փարիզ ու մասնակցել Վեհաժողովի նիստին:

Ստ. Սաֆարյանը մեզ հետ զրույցում, առանց աղբյուրը մատնանշելու, ասաց, որ իրեն շշուկներ են հասել, թե իր անունը պատվիրակության կազմից հանելը Հովիկ Աբրահամյանը բացատրել է գլոբալ տնտեսական ճգնաժամով: Ստ. Սաֆարյանն ու «Ժառանգությունը», թերեւս, հույս են ունեցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եւ կշտկվի, բայց՝ ոչ: ՀՀ ԱԺ արարողակարգի վարչությունում երեկ պատգամավորին պարզաբանել են, որ իրենք ինքնաթիռի տոմսերը պատվիրելիս եւ գնելիս առաջնորդվել են ՀՀ ԱԺ նախագահի հրամանով, որտեղ Ստ. Սաֆարյանի անունը բացակայել է: Ստ. Սաֆարյանն էլ նամակով դիմել է Հ. Աբրահամյանին՝ որպես ի պաշտոնե խորհրդարանի բնական գործունեության երաշխավորողի, խնդրել է պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված նրա հանձնարարականը, նաեւ ակնկալել, որ Հ. Աբրահամյանը «արագ միջոցներ» կձեռնարկի եւ առաջիկա երկու օրերին կհանձնարարի ապահովել իր՝ Փարիզ մեկնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Պատրաստակամ ենք հրապարակել նաեւ ԱԺ պատասխանատուների պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել