Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը
Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մշտապես էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց չի գոհացնում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց սեփական մարտավարական մոտեցումների մի մասը՝ համաժողովրդական շարժման նպատակակետին հասնելու համար: Այս համատեքստում անդրադառնալով «Ժառանգություն»-ՀՅԴ-ՀԱԿ ֆորմատով համագործակցությանը՝ նա իր վերապահումներն է բարձրաձայնում. «Այդպիսի ձեւաչափերն իրենք իրենց արդեն սպառել են, քանի որ մեր երկրում, դասական իմաստով, քաղաքական գործընթացներ չեն գնում: Առկա է ժողովուրդ, նրա շահերը պաշտպանող ուժերի միավորում՝ ընդդիմությունը, եւ ժողովրդին կեղեքող համակարգը՝ ի դեմս իշխանության. նման դեպքերում ոչ թե պետք է մտածել քաղաքական դաշինքներ ձեւավորելու, այլ, ասենք, հայրենիքի փրկության կոմիտեի բովանդակությամբ ինչ-որ կառույցներ ձեւավորելու մասին»: Հարցին՝ ի՞նչ պիտի անեն այդ կոմիտեներն արդեն ոչ քաղաքական հարթությունում, զե՞նք վերցնեն՝ հանուն հայրենիի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք, որ մշտապես ընդդիմությանը հորդորել ենք ավելի վճռական քայլեր կատարելու, չգիտես ինչու, բոլորը դա հասկանում են «Բաստիլի գրավումը»: Այդպես չէ: Մեր պատկերացրած պայքարի ոճն ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարության փիլիսոփայության եւ տրամաբանության ծիրում: Ժողովուրդն իրավունք ունի հեռացնելու իրեն կեղեքող համակարգը: Մինչեւ մարդիկ ոտքի չկանգնեն եւ չպարտադրեն այս ռեժիմին հեռանալ՝ ոչինչ էլ չի ստացվի: Ընդդիմության առաքելությունը լինելու է ժողովրդի ոտքի կանգնելու ընթացքը կազմակերպելը»:
Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլերում ընդդիմությունն՝ ի դեմս առաջին նախագահի, կազմակերպեց դա, եւ բոլորս ականատեսը եղանք այդ գործընթացների ողբերգական ավարտին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք առաջարկում ենք շարունակել հենց այդ կիսատ թողած գործը: Ինչ պետք է անեինք մենք 2008-ի մարտի 2-ին, որ չարեցինք՝ հիմա անենք: Ժողովուրդը պետք է հավաքվի եւ խաղաղ հանրահավաքներում, փողոցում կանգնելով, ինչքան որ պետքն է, ասի՝ դուք այս երկրում գործ չունեք, պարոնայք»: Մարտյան իրադարձություններից հետո արկածախնդրություն չէ՞, արդյոք, մարդկանց եւս մեկ անգամ փողոց հանելը՝ հարցի պատասխանը եղավ. «Ամեն օր որ ուշացնում ենք այս ռեժիմի հեռացումը՝ հենց դա է ամենամեծ արկածախնդրությունը: Եթե այսօր մեզ վրա չեն կրակում, դա չի նշանակում, որ մեր երկրի, հայրենիքի ու ազգի ընթացքը լավ է: Մենք հետընթացի մեջ ենք ամեն իմաստով: Իսկ մեր ժողովրդին պետք չէ վախեցնել կրակոցներով. եթե իրոք ուզում ենք հայրենիք կերտել ու հայրենիքին տեր կանգնել, ապա աչքի առաջ ամեն ինչ պետք է ունենանք, քանի որ հակառակորդն ամեն ինչի ունակ է: Պետք չէ զարմանալ, որ նա կարող է երկրորդ անգամ էլ կրակել, սակայն եթե ռեժիմի պարագլուխները համարձակվեն երկրորդ անգամ էլ ուժ կիրառել՝ այս անգամ ժողովուրդը պետք է պաշտպանվի: Մեր կարծիքով՝ արդյունքի բերող միակ ճանապարհը սա է»:
Պարոն Սեֆիլյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչո՞ւ առաջին նախագահն ընդառաջ չի գնում իրենց առաջարկություններին, միայն ասաց, որ այս առիթով ընդդիմության ներսում խմորումներ գնում են, եւ հնարավոր է, որ առաջիկայում ամեն ինչ հստակեցվի: Միաժամանակ կարեւորեց այն, որ առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալով ձեւավորվել եւ մինչ օրս պահպանվում է ընդդիմության միակամությունը: Նա չցանկացավ անդրադառնալ ՀԱԿ որոշ անդամների դժգոհություններին առ այն, որ առաջին նախագահը միանձնյա որոշումներ է կայացնում. «Նման քննարկումներ ՀԱԿ-ում լինում են: Եթե անհրաժեշտություն լինի՝ կհրապարակայնացնենք դրանք»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ ընդհանրապես ցանկացած ֆորմատով համագործակցությանը, նախկին դաշնակցական մեր զրուցակիցն այս պահին «լուրջ» չի վերաբերվում եւ փաստում է, որ ՀՅԴ-ն դեռ պետք է ընդդիմություն դառնա: Իսկ դաշնակցական առաջնորդների՝ գրեթե ամեն օր հնչող հայտարարություններին՝ այն մասին, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է՝ Սեֆիլյանը հակադարձում է. «Խոսելով չի, դա գործով է: Ես չեմ ցանկանում փակագծերն ավելի բացել, բայց մի բան գիտեմ, որ մեր ժողովրդին հերթական անգամ խաբել հնարավոր չի լինելու, ինչպես նախագահական ընտրությունների նախօրեին հաջողեց Արթուր Բաղդասարյանը: Նա այսօր այլեւս չի կարող այս երկրում որեւէ լուրջ քաղաքական քայլ կատարել: Նույնն էլ՝ այս պարագայում: Ժողովրդին պետք չէ ոչխարի տեղ դնել։ Ժողովուրդը լավ տեսնում է՝ ով է ընդդիմություն, ով՝ չէ: Տա Աստված, բոլորն էլ դարձի գան, հայտնվեն ընդդիմադիր ճամբարում, եւ օր առաջ ռեժիմից ազատվենք: Սակայն այսօր ես չեմ համարում, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է»:
Ընդհանրապես, Սեֆիլյանը վտանգ է տեսնում վերջին շրջանում մեր տարածաշրջանում արագ զարգացող գործընթացների մեջ, քանի որ գտնում է՝ մենք այս պահին պետություն չունենք, ուստի ոչ ժողովրդի, ոչ երկրի սահմանների ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ: Նա գտնում է, որ գնալով ավելի մշուշոտ է դառնում մեր ապագան, ու նաեւ դրանով է պայմանավորում այս իշխանությանն օր առաջ հեռացնելը եւ լուրջ պետության վերածվելը: Նրա համոզմամբ՝ այս «ապիկար ռեժիմի» կատարած բազում սխալ քայլերը ավելի են բարդացնում մեր վաղվա գործերը, նույնիսկ ամենաազգային իշխանությունից մեծամեծ ջանքեր կպահանջվեն միջազգային հանրությանն ինչ-որ բաներում վերահամոզելու հարցում: