Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»

Հուլիս 01,2009 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ իշխանությունները առաջնորդվում են պետական շահով:

– ԵԽԽՎ հերթական նստաշրջանը հերթական բանաձեւով Հայաստանի իշխանություններին հասկացրեց, որ դեռ անելիքներ ունեն, եւ մոնիտորինգը շարունակվում է, չե՞ք կարծում, որ ի վերջո հարկավոր է այնպիսի քայլեր իրականացնել, որ այլեւս մոնիտորինգի կարիք չզգացվի:

– 1677-ը ես համարում եմ հավասարակշռված բանաձեւ, որովհետեւ նրանում հստակ ներկայացված են թե մեր երկրի ձեռքբերումները եւ թե այն թերությունները, որոնք կան: Ինչ վերաբերում է իշխանությունների աշխատանքին, ապա կարծում եմ՝ թե եվրոպացիները եւ թե մեր երկրի քաղաքացիները հստակ գիտակցում են, որ կա քաղաքական կամք՝ առաջ ընթանալ բացառապես ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան, եւ պատահական չէ, որ վերջին բանաձեւում հստակ նշված են առաջընթացին ուղղված քայլերի առկայությունը, քաղաքական կամքը, իրականացված համաներումը, Քրեական եւ Ընտրական օրենսգրքերի փոփոխությունների եւ այլնի հետ կապված քայլերը, եւ հստակ նշվում է, որ մեր պետությունը գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Ես, որպես իշխանության կուսակցության ներկայացուցիչ, եւս մեկ անգամ ասեմ, որ այս ուղին մեզ համար այլընտրանք չունի՝ նախագահի գլխավորությամբ: Եթե որոշ մարդկանց համար ժողովրդավարական ուղին ընդամենը դատարկ խոսք է, ապա, մեզ համար դա խոսք չէ, դա համոզմունք է: Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե՝ որքա՞ն կարելի է մնալ մոնիտորինգի տակ, ապա ասեմ, որ ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է, եւ երբեք ոչ ես եւ ոչ էլ իմ կուսակցության ղեկավարները չենք ասել, թե Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիր չկա, խնդիրներ կան անգամ ամենազարգացած երկրներում, եւ կարեւոր է, որ այսօրվա իշխանությունները աչք չեն փակում դրանց առաջ, չեն թաքցնում, որ ունեն քաղաքական կամք՝ այդ խնդիրները լուծելու: Բայց քանի որ գործընթացը զարգացման փուլում է, մենք դեռ անելիքներ ունենք: Չմոռանանք նախագահ Սարգսյանի հունիսի 1-ի ուղերձի խոսքը, որտեղ նա ասաց, որ մենք պետք է հասնենք այն բանին, որ ընտրությունները ոչ թե «հիմնականում» համապատասխանեն միջազգային չափանիշներին, այլ՝ ամբողջությամբ:

– Վաղը ընդդիմության հերթական հանրահավաքում ելույթ կունենան նաեւ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները: Արդյոք իշխանությունների շահերից չէ՞ր բխում ավելի վաղ անցկացնել համաներումը;

– Իշխանության շահերից մշտապես բխել է այն, ինչ բխում է պետության շահերից. դա հստակ է, եւ երբեք իշխանությունները չեն առաջնորդվում իրենց անձնական ամբիցիաներով: Ինչ վերաբերում է համաներմանը՝ համաներումը իրավական գործընթաց է՝ քաղաքական հետեւանքներով, եւ պատահական չէ, որ այն առնչվում է շուրջ 2 հազար մարդու: Համաներումը կապել միայն մեկ-երկու դեպքի հետ, մարտի 1-ի հետ, ճիշտ չէ: Մի մոռացեք, որ այս համաներումը իր ընդգրկվածությամբ ամենալայնամասշտաբն էր: Իշխանությունները իրենց անձնական կապրիզներով, անձնական սիմպատիաներով առաջ չեն շարժվում: Եթե Հայաստանում եղել են քաղաքական ուժեր, որոնք իրենց կառավարման ժամանակ գուցեեւ առաջնորդվել են անձնական սիմպատիայով կամ անտիպատիայով, դրանով են որոշել մարդկանց ճակատագիրը, ապա ի տարբերություն այդ կարգի ուժերի, այսօրվա իշխանությունները, ՀՀ նախագահի գլխավորությամբ, առաջնորդվում են միայն պետական շահի գերակայությամբ եւ օրենքի ուժով:

– Քաղաքական ուժերի եւ հասարակության մեջ բավականին տարակուսանք առաջացրեց այն, որ Ջավախքում կատարվող այս ամբողջ իրարանցման ֆոնին ՀՀ նախագահը շքանշանով պարգեւատրեց Վրաստանի նախագահին, մարդիկ հարց են տալիս՝ բայց ինչի՞ համար: Չե՞ք գտնում, որ իրոք, մի տեսակ անհասկանալի էր այդ պարգեւատրումը:

– Չէ, այդպես չեմ կարծում, մենք Վրաստանի հետ լավ հարեւաններ ենք. թե նախագահ Սարգսյանի այցը Վրաստան բավականին կառուցողական էր եւ թե Սահակաշվիլու այցը Հայաստան բավականին արդյունավետ էր եւ հուսադրող: Ավելին, նախագահ Սահակաշվիլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել առավել ուշադիր լինել թե միջպետական հարաբերությունների առումով, թե Ջավախքի խնդիրներին: Կարծում եմ՝ մեր հարաբերություններում դրականը ավելի շատ է, եւ պետք է համագործակցված աշխատել ի շահ երկու հարեւան պետությունների: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հավակնում է դառնալ տարածաշրջանային առաջնորդ, որ ինքը բաց է խաղում բոլոր հարեւանների հետ եւ ցանկանում է առկա խնդիրները լուծել բանակցությունների եւ երկխոսության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել