Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2009 00:00

ԴԻԱԿԸ՝ ԼՃՈՒՄ

Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը լճից դուրս է բերել Հոկտեմբեր գյուղի 15-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանի դին:

«ԲԵԼԱՋԻՈՅԻ» ՔԱՐԵՐԸ՝ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ

Երեւանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանին հարակից տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Մյասնիկյան պողոտայի երթեւեկելի մասում ընկել էր մեկ, իսկ հետիոտնային հատվածում՝ մի քանի քարաբեկոր:

ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ

Օձի խայթոցով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչ Թելման Թովմասյանը:

ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՈՐՈՒՄ

Լոռու մարզի Ձորագետն էր ընկել «ՎԱԶ-2121» մակնիշի 36 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան:

ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, գազից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի 21-ամյա բնակչուհի Սեդա Գրիգորյանը: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

ՀԱՋՈՐԴԸ Ո՞Վ ԿԼԻՆԻ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ առաջիկայում լայնամասշտաբ ստուգումներ կիրականացվեն Հայաստանի պետական պատկերասրահում: Այն անցյալ դարի 60-ական թվականներից հետո չի ստուգվել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարը հանձնարարական տալուց առաջ կասկած է հայտնել, որ պատկերասրահում կան նկարներ, որոնք բնօրինակ չեն: Իր առաջին քայլը նախարարը սկսեց Հրազդանի մասնաճյուղից, որտեղից 18 գեղանկար էր գողացվել՝ ոչ պատահականորեն: Առայժմ մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենի դեմ, եւ աշխատանքից ազատվել է մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

ՆՈՏԱՐՆԵՐԸ ԿԳՆԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին, ժամը 10-17-ը ՀՀ արդարադատության նախարարության շենքում (Հալաբյան 41/ա) տեղի կունենան նոտարի թեկնածուների քննություններ: Քննության ընթացքին կհետեւի քննական հանձնաժողովը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանի ղեկավարությամբ:

Մասնակիցների թիվը 15-ն է: Քննությունը հաղթահարածները գրանցվում են նոտարների պիտանիության ցուցակում եւ թափուր տեղ առաջանալու դեպքում կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնը:

ԲՌՆԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ

Մոսկվայում «Փախլավա» կոչվող ռեստորանում երկու օր առաջ ձերբակալվել է ԱՊՀ երկրներում ընդունված 48-ամյա օրենքով գող Կամո Սաֆարյանը: Իրավապահները նրա մոտից հայտնաբերել են 11 գրամ հաշիշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել