Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռուսական՝ $500 մլն վարկի միջոցներից 90 մլրդ դրամ ($250 մլն) գումարով երկրի տնտեսությունը վարկավորելու ծրագրին: Այս մասին այսօր «Արմինֆոյի» թղթակցին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում:
Նույն աղբյուրը տեղեկացրեց, որ ծրագիրը ուղղված է ՀՆԱ-ի աճի խթանմանը, մասնակիորեն բավարարելով տնտեսվարող սուբյեկտների վարկերի նկատմամբ ունեցած պահանջարկը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Միջոցների ամենամեծ բաժինը (60.5 մլրդ դրամ) կտրամադրվի երկրի ֆինանսա-բանկային համակարգի վարկավորմանը, 6.4 մլրդ դրամ՝ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը եւ 23.1 մլրդ դրամ՝ համակարգակառույց ձեռնարկություններին: Այս գումարից $44 մլն-ը կառավարության որոշմամբ կտրամադրվի լեռնաարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին՝ AMP մետալուրգիական ընկերությանը, «Զանգեզուր Մայնինգ» եւ Ագարակի մոլիբդենային կոմբինատներին: Ռուսական վարկի մնացած $250 մլն միջոցներով կստեղծվի կայունացման ֆոնդ: Այս միջոցները կառավարությունը մտադիր է օգտագործել ըստ անհրաժեշտության, նշեցին ֆինանսների նախարարությունում: