«Ուրախ ենք մեր մշակույթը ներկայացնել մի երկրում, որի հետ ունենք բարեկամական լավ հարաբերություններ: Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը կնպաստեն ոչ միայն երկու պետությունների հարաբերությունների սերտացմանը, այլեւ երկու երկրների մշակույթի գործիչների փորձի փոխանակմանը»,- Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի առիթով երեկ Ազգային պատկերասրահում ասաց Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղան: Երկու երկրների մշակույթի նախարարները բարձր գնահատեցին իրենց երկրների վաղեմի բարեկամությունն ու մշակութային նմանությունները: Նրանց համոզմամբ, հենց մշակույթն է կամրջում երկու պետություններին: Հայաստանի մշակույթի նախարարի խոսքով, Հայաստանի ու Սիրիայի մշակութային հարաբերությունների առանձնահատկությունը պատմական ու մշտապես անխզելի հիմքի վրա լինելն է:
Մշակույթի օրերի կապակցությամբ պատկերասրահում ներկայացվեցին արաբական գեղանկարչության, նրանց ձեռագրերի, Սիրիայի դիտարժան վայրերի եւ հնագիտական վայրերի լուսանկարներ, ինչպես նաեւ ձեռագործ գորգեր: Գեղանկարչական աշխատանքների պատասխանատու Ֆադիա Աֆաշի խոսքով, մշակույթի օրերը լավ հնարավորություն են՝ հայերին ցուցադրելու սիրիական արվեստի տարբեր շրջանների՝ 1940-1950 թթ., ինչպես նաեւ դրանից հետո զարգացում ապրող արվեստի գործեր: Մինչեւ հուլիսի 3-ը կցուցադրվի գեղարվեստական 5 ֆիլմ, հունիսի 30-ին նախատեսվում է նաեւ հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսություն ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում, իսկ հուլիսի 1-ին Գրողների միությունում՝ «Հայ-արաբ գրողների առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն: Մշակույթի օրերին ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ սիրիական ազգագրական համույթներ: Երեւանից բացի, սիրիական մշակույթը կներկայացվի նաեւ մարզերում: Հայաստանի ողջ տարածքում հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը կթեւածի սիրիական շունչը: