Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՊԻՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԷԼ ԻՄԱՆԱ

Հունիս 30,2009 00:00

Կարծում է պատանի ջութակահարուհի Զարուհի Ամիրաղյանը

Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի շրջանավարտ Զարուհի Ամիրաղյանն արդեն 17 տարի ջութակ է նվագում: Այժմ էլ կրթությունը շարունակելու է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի՝ Զարուհու ուսուցչի նախաձեռնությամբ, օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ջութակահարուհու մենահամերգը, որին երիտասարդ ջութակահարուհին կատարեց Բախի, Բեթհովենի, Արամ Խաչատրյանի, Բիզեի, Չայկովսկու, Պագանինիի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից: «Առավոտի» հետ զրույցում պարզվեց, որ պատանի ջութակահարուհու համար ջութակ նվագելը ոչ միայն մասնագիտություն է կամ ուղղակի որեւէ գործով զբաղվել, այլ իսկական երջանկություն: Մեզ հետ զրույցում Զարուհին պատմեց. «Փոքրուց սիրել եմ ջութակը, ու քանի որ եղբայրս էլ էր ջութակ նվագում, այդ գործիքի հանդեպ մի յուրահատուկ կապվածություն առաջացավ իմ մեջ: Այժմ ջութակն այնքան հարազատ է դարձել ինձ, որ նույնիսկ արձակուրդների ժամանակ մեկ շաբաթ չեմ կարող չնվագել»: Երիտասարդ ջութակահարուհու հետ զրուցեցինք նաեւ այն խնդրի մասին, որ այսօր հայաստանյան իրականության մեջ դասական արվեստը կարծես թե լայն մասսաների կողմից մղված է հետին պլան, ու հասարակության մեծամասնությունը տուրք է տալիս լայն տարածում ունեցող ոչ բարձրակարգ երաժշտությանը: Այս մասին զրուցելիս ջութակահարուհին ասաց. «Այժմ դասական արվեստին կարծես սկսել են մի փոքր ավելի ուշադրություն դարձնել, բարեբախտաբար կան մարդիկ, որոնք իրոք հակված են դասական երաժշտությանը: Հենց այդ լսարանն էլ իմ հանդիսատեսն է»: Հետագայում արտասահմանում կարիերա անելու մասին էլ Զարուհին ասաց. «Պարզ է, որ ցանկություն կա հետագայում կրթությունը շարունակել արտասահմանում, բայց հիմա դեռ իմ ուսուցչի հետ անելիքներ ունեմ»: Պատանի ջութակահարուհուն հիշեցրինք նաեւ այն ընդունված փաստը, որ մինչեւ հայ արվեստագետները դրսում հռչակ ձեռք չեն բերում, Հայաստանում նրանց ինչպես հարկն է՝ չեն գնահատում: Այդ կապակցությամբ էլ զրուցակիցս նշեց. «Ես պիտի անեմ այնպես, որ իմ հայրենիքում կայանամ, չնայած դա բավական դժվար է»: Հետո էլ Զարուհու հետ խոսեցինք նրա նախորդ հաջողություններից:

Պարզվում է՝ նա արդեն երեք տարի Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի թոշակառու է: Փարիզում մասնակցել է «Ֆլամ» միջազգային մրցույթին՝ գրավելով երկրորդ տեղը: Մասնակցել է նաեւ Վ. Սպիվակովի հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնին, որը կրում էր «Երեխաները՝ ընդդեմ ահաբեկչության» խորագիրը: Նույն հիմնադրամի կազմակերպած համերգների շրջանակներում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում եւ այլն: Երիտասարդ ջութակահարուհին համերգներով հանդես է եկել նաեւ հայաստանյան մանկատներում եւ մարզերում: Իսկ իր գործընկերներին Զարուհին մաղթեց հետեւյալը. «Թող շատ պարապեն եւ, ամենակարեւորը՝ ճիշտ մասնագետի մոտ: Միայն քրտնաջան աշխատանքով կարելի է հասնել բարձունքների: Ես հաճույքով եմ գնում դասերին, քանի որ ուսուցչիս մոտեցումը ինձ գրավում է, նաեւ նրա կողմից ստեղծագործությունների մեկնաբանությունն է օգնում ավելի լավ կատարել տվյալ գործը»: Հետաքրքրվեցինք՝ բացի երաժշտական տվյալներից, ի՞նչ է պետք ջութակահարին: Զարուհին ասաց. «Ցանկացած գործով զբաղվող մարդ պետք է լինի բազմակողմանի զարգացած: Ջութակահարը նաեւ պետք է լավ իմանա մաթեմատիկա, ֆիզիկա: Ֆիզիկայի օրենքները հաճախ են պետք գալիս»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Զարուհու ուսուցչի հետ: Պարոն Մկրտչյանն իր սանի մասին ասաց. «Նա խոստումնալից աղջիկ է, հետեւողական աշխատանքի շնորհիվ կարող է հրաշալի ջութակահար դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել