Ամերիկացիների եռօրյա նվերը
Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում այս տարի եւս ամառային արձակուրդների սկիզբը երեխաների համար առանձնահատուկ էր: Երեխաների եռօրյա ուրախությանն ու ոգեւորությանը չխանգարեց նույնիսկ գյուղի ավանդույթը, ըստ որի՝ համագյուղացու անպատեհ մահը՝ գրեթե ամբողջությամբ եզդիներով բնակեցված գյուղի մեծերին ու փոքրերին ստիպում էր առնվազն 40 օր սուգ պահել:
Արդեն երեք տարի է, ինչ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից ամերիկացի բարերարներն այցելում են Շենկանի եւ այնտեղ եռօրյա բակային ճամբարներ կազմակերպում:
Մասնագիտությամբ իրավաբան Էրիկ Դելլը Հայաստանի մասին լսել էր ամերիկաբնակ հայ, արմատներով ապարանցի իր մտերիմ ընկերոջից: «Տիգրանը միշտ պատմում էր Հայաստանում հեռավոր ու աղքատ գյուղերի մասին, եւ երբ առաջին անգամ նրա հետ այցելեցի Հայաստան, շրջեցինք մի քանի գյուղերով, չգիտեմ ինչու, բայց Շենկանին ինձ համար դարձավ ամենից հարազատը»,- մեզ հետ զրույցում խոստովանեց ճամբարի նախաձեռնող Էրիկը:
Որպեսզի Շենկանիում երեխաները գոնե 3 օր իրենց երջանիկ զգան, ճամբարի կազմակերպիչները երեք տարի շարունակ շուրջ $1000 են ծախսում:
Առավոտյան 10-ից սկսվող ճամբարը, նախաճաշից բացի, ապահովում է երեխաների հետաքրքիր ժամանցը: Ճամբարային ծրագիրը հագեցած է ձեռագործությամբ, խաղերով, նաեւ ծանոթության ժամով: Այս ժամը կազմակերպիչների համոզմամբ ճամբարի ամենակարեւոր բաղկացուցիչն է. հենց այդ ժամանակ են երեխաներն ընկերանում միմյանց եւ, որ ամենակարեւորն է՝ կազմակերպիչների հետ:
Ճամբարային օրերին գյուղում համախմբվում են ոչ միայն Շենկանիի, այլեւ հարակից գյուղերի երեխաները:
Այս տարի 8-14 տարեկան ճամբարականների թիվը հասնում էր 100-ի: Կազմակերպիչները փաստում են, որ տարեցտարի մասնակիցների աճ է նկատվում: «Մեզ համար մեծ հաճույք է ամեն տարի այցելել Հայաստան եւ հեռավոր ու աղքատ գյուղերում նման ճամբարներ անցկացնել, երեխաների ուրախությունն ու ոգեւորությունը մեզ պարտավորեցնում է՝ ամեն տարի նոր ծրագրով կազմակերպել ճամբարը»,- հավելեց ԱՄՆ-ից ժամանած Ջիլ Դելլը:
2009-ի ճամբարն այս տարի մասնակիցների խոսքով ավելի հետաքրքիր էր. այս տարի կազմակերպիչներն իրենց հետ բերել էին երեխաներին անծանոթ խաղեր. տարբեր էին նաեւ ձեռագործության դասերը: Օրինակ՝ 10-ամյա Խոդե Ուդոյանն արդեն երկու տարի շարունակ ամռան գալուն մեծ ոգեւորությամբ է սպասում. «Շատ եմ սիրում այս ճամբարը, ձեռագործության դասերը շատ հետաքրքիր են անցնում, նոր խաղեր ենք սովորում ու հետո էլ այդ խաղերը բակում ենք խաղում»:
Ալիկ Չոլոյանի համար էլ, հետաքրքիր ժամանցից բացի, ճամբարը նրան անգլերենը կատարելագործելու լավ հնարավորություն է ընձեռում. «Երբ մեծանամ՝ թարգմանիչ եմ դառնալու. ամեն տարի անհամբեր սպասում եմ, թե երբ են գալու ամերիկացիները, որ նրանց հետ անգլերեն խոսեմ»:
Ճամբարականների խաղերի պատասխանատու Ռենդի Շարփն էլ նշեց. «Ես հայերեն շատ քիչ գիտեմ եւ շատ եմ ուրախանում, որ ճամբարականների մեջ կան նաեւ անգլերեն իմացողներ. հաճելի է, երբ հաղորդակցվում եմ առանց թարգմանչի»: Պարզվում է, որ երեխաների պես ճամբարից ուրախ ու ոգեւորված են նաեւ նրանց ծնողները: Օրինակ՝ Ինգա Բլեյանը խոստովանեց, որ ճամբարին մասնակցող իր երեք երեխաների ուրախությունը նաեւ իրենն է. «Այդ օրերին երեխաներս առավոտ շատ վաղ են արթնանում ու այնպիսի մեծ ոգեւորությամբ են տուն գալիս, որ ես էլ եմ ուզում մասնակցել»:
Ճամբարի փակմանը երեխաներին անակնկալ էր սպասվում. հյուրերը նրանց համար պայուսակներ, գնդակներ եւ գլխարկներ էին բերել: Եվ, ինչպես ասացին Շենկանիի բնակիչները՝ աշխարհից կտրված այս գյուղում ամառն իսկական տոն է դառնում: