Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԴԻ ԲԻԼԴԻՆԳԸ ՀԱՅԵՐԻՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Հունիս 30,2009 00:00

Այս սպորտաձեւով հետաքրքրվողները Հայաստանում շատ են, բայց դրանով լրջորեն զբաղվողները՝ քիչ

«Հայաստանում բոդի բիլդինգը դեռ անհասկանալի սպորտաձեւ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է բոդի բիլդինգի մարզիչ, շուրջ 22 տարի բոդի բիլդինգով զբաղվող Արթուր Մհերյանը:

Տարիներ առաջ բոդի բիլդինգի մասին կարելի էր լսել միայն հեռուստացույցով, կարդալ ամսագրերում եւ միայն երազանքներում պատկերացնել դրանով զբաղվողների պես՝ ուռուցիկ մկաններ, մեծ կուրծք, լայնաթիկունք մարմին ունենալու մասին… Ժամանակի ընթացքում բոդի բիլդինգը մուտք գործեց նաեւ Հայաստան, բայց երկար ժամանակ ներքնահարկերից չէր բարձրանում. մարզիչները պարապում էին գաղտնի, բոլորի աչքից հեռու: Շուտով բոդի բիլդինգը սիրվեց հայերի կողմից, սկսեց մեծ տարածում եւ մասսայականություն վայելել՝ դառնալով հայ տղամարդկանց առօրյայի մի մասը: Ըստ մարզիչ Արթուրի՝ որքան էլ բոդի բիլդինգը սիրվեց հայերի կողմից, այնուամենայնիվ, այս մարզաձեւի մասին պատկերացումները դեռեւս թերի են հայ երիտասարդների շրջանում: Թե ինչ տեղ ու դեր ունի բոդի բիլդինգը Հայաստանում, Ա. Մհերյանն ասաց. «Դեռեւս «հիվանդոտ». նման զարգացում մեզ մոտ չկա, չեն հասկանում, թե այն ինչի համար է: Ըստ հայերի, եթե ուռած մկաններ ունեն, ոչ մի վերնաշապիկ իրենց վրայով չի լինում, ուրեմն դա շատ լավ է: Բայց թե դրան ոնց են հասնում, ինչ ճանապարհով, որն է հիմքը եւ ճիշտը՝ դա չեն հասկանում: Այդ հասկանալու կուլտուրան մեզ մոտ դեռեւս չկա»: Ըստ Արթուրի, բոդի բիլդինգով զբաղվող երիտասարդ տղաները մի խնդիր ունեն, ինչն էլ իրենց խանգարում է պարտաճանաչ հաճախել պարապմունքներին. «Նրանք տեսնում են ամսագրում պատկերված նկարը եւ ասում՝ ես ուզում եմ այսպիսին լինել: Երբ բացատրում ես, որ դա մեթոդիկա է, դրան հասնելու համար տարիների աշխատանք է պետք, նա չի հավատում եւ չի հասկանում: Ուզում են մի քանի ամսում հասնել ինչ-որ չափազանցված արդյունքների: Օրինակ, բոլորիս հայտնի Առնոլդ Շվարցենեգերը 14 տարի աշխատել է իր մարմնի վրա: Իսկ 14 տարին դա 2 ամիս չէ… Խոսքը նորմալ պարապմունքների մասին է, այն պարապմունքների, որոնց հայերը չեն սիրում հաճախել, ալարում են եւ դեռ այդքանից հետո էլ ցանկանում Առնոլդի պես մարմին ունենալ»:

Մարզչի պարզաբանմամբ, բոդի բիլդինգի երկու ձեւ գոյություն ունի. «Բնական՝ նատուրալ, եւ արհեստական՝ դեղորայքով, ինչպես ընդունված է ասել՝ փչած: Արհեստական բոդի բիլդինգը իրականացվում է ներարկումների միջոցով, ինչն աշխարհում ընդունված երեւույթ է»: Արթուրը դեմ է արհեստական բոդի բիլդինգին: Նրա խոսքով, այն շատ վտանգավոր է եւ վնասակար առողջությանը:

Հարցին, թե ո՞րն է բոդի բիլդինգ սպորտաձեւի առաջնային նպատակը, մարզիչը մեկնաբանեց. «Մարմնի գեղեցկությունը: Դա՝ ըստ աշխարհի: Հայաստանում ուրիշ ձեւ են հասկանում այդ գեղեցկությունը: Քանի որ հայկական մենտալիտետն ամեն ինչով տարբերվում է աշխարհից, ապա, ըստ հայ երիտասարդների, եթե կուրծքը 70 սանտիմետր է, դա գեղեցկության չափանիշ է»:

Մարզիչ Մհերյանի ձեւակերպմամբ, բոդի բիլդինգը հայերի համար չէ. «Այս սպորտաձեւը մերը չէ: Հայերի համար բոդի բիլդինգով զբաղվելը նույնն է՝ ինչ ճապոնացիները քոչարի պարեն: Հայերի մեջ չկա այդ ջիղը, գուցե տեխնիկան, մեթոդիկան ճիշտ լինի, բայց կրկնում եմ՝ հայերի մեջ ջիղ չկա»: Իսկ թե երբ եւ ինչպես բոդի բիլդինգը մուտք գործեց Հայաստան, Ա. Մհերյանը պատմեց. «Արդեն 12-13 տարի է՝ բոդի բիլդինգը Հայաստանում է: Ամեն ինչ սկսվեց armwresling՝ ձեռքի ուժ սպորտաձեւից: Ժամանակի ընթացքում սպորտի սիրահարները հասկանալով, որ ձեռքի ուժը բավական բարդ է եւ դրանով լցնում են միայն ձեռքի մկանները, եւ իմանալով, որ բոդի բիլդինգի միջոցով կարող են լցնել նաեւ թիկունքը, ամբողջ մարմինը, թեքվեցին դեպի բոդի բիլդինգ: Բայց, ցավոք, բոդի բիլդինգը մեր գենետիկայի մեջ չկա: Պետք է գեներիդ մեջ լինի, չէ՞, որ դու էլ ունակ լինես դրանով զբաղվելու»: Մարզիչը նաեւ ասաց, որ մտահոգված է բոդի բիլդինգով զբաղվող երիտասարդներով. «Սխալ տեխնիկա են կիրառում: Շատ եմ անհանգստանում: Տղաները աշխատում են միայն մարմնի վերին հատվածի վրա, ինչը շատ սխալ է: Ահա թե ինչու. շատերին, որ կողքից դիտում ես, ասես հիվանդոտ լինեն. ինքը 150 կգ է, որից 70 տոկոս քաշը կրծքավանդակինն է: Սա եւս գալիս է մեր մենտալիտետից: Ինֆորմացիայի պակասը պատճառ չեմ բռնի, այդ առումով լավ ապահովված ենք՝ հեռուստացույց, մամուլ, ինտերնետ: Մի ժամանակ նեղվում էին, որ չկար ոչ մի աղբյուր»: Արթուր Մհերյանի խոսքով, բոդի բիլդինգով զբաղվելու համար նախ պետք է ունենալ կայուն առողջական վիճակ. «Ինձ մոտ հաճախող յուրաքանչյուր երիտասարդի երկու հարց եմ տալիս՝ ինչպե՞ս է առողջական վիճակդ եւ ո՞րն է պարապելու նպատակը: Առողջականի առումով ասեմ, որ սա մեծ խնդիր է հայության շրջանում եւ ոչ միայն բոդի բիլդինգի բնագավառում: Իսկ մասնավորապես բոդիբիլդինգիստներին իրենց առողջական վիճակը կարծես բացարձակ չի հետաքրքրում: Հաճախում են դասընթացների եւ մոռանում առողջության մասին. օրինակ՝ մեկ տարի շարունակ պարապում են, հետո պատահական հայտնաբերում, որ ճողվածք են ստացել ու ենթարկվում են վիրահատության: Բոդի բիլդինգ պարապելու համար պետք է ունենալ համապատասխան հնարավորություն, առողջական կարգավիճակ եւ, որ ամենակարեւորն է՝ սրտի հետ կապված ոչ մի խնդիր: Իմ հաջորդ հարցին, թե ինչո՞ւ եք որոշել բոդի բիլդինգով զբաղվել, ստանում եմ հետեւյալ պատասխանը՝ մարմինս սիրունացնելու համար: Կրկին շեշտում եմ՝ գենետիկան մեծ դեր է խաղում այս սպորտում: Մարդու մեջ պետք է հիմք լինի զբաղվելու, մկանները մեծացնելու համար: Եթե մարմնիդ կառուցվածքը թույլ չտվեց, ինչ ուզում ես արա, ինչ դեղորայք ներարկես, ինչպիսի սնունդ ընդունես, միեւնույն է՝ չի ստացվի»: Ինչ վերաբերում է այս սպորտաձեւով զբաղվողների ճաշացանկին, ապա. «Բոդի բիլդինգը ենթադրում է հատուկ, պարտադիր սննդակարգ: Հատուկ սնունդ ասելով նկատի ունեմ ուղղակի սահմանված չափից մի փոքր ավելի սնունդ: Իսկ միակ հատուկ ուտեստը «հերկուլեսի» ապուրն է»: Մարզիչ Արթուրի հավաստմամբ, մինչեւ բժշկի թույլտվությունը չի տեսնում՝ չի թողնում երիտասարդին պարապել բոդի բիլդինգ. «Ըստ այդմ էլ նշանակում եմ սննդակարգը, որովհետեւ, հակառակ դեպքում, եթե հանկարծ մարդու մոտ լինի թաքնված ցավ կամ հիվանդություն, ես գուցե իմ պարապմունքներով, իմ սննդակարգով խորացնեմ այն»:

Ըստ Արթուրի, բոդի բիլդինգը նաեւ նպաստում է առողջությանը. «Օրինակ, այն խթանում է ողնաշարի հետ կապված խնդիրների բարելավմանը, օգնում սրտանոթային համակարգի խնդիրներին»: Արթուրի ձեւակերպմամբ, բոդի բիլդինգը ազդում է նաեւ մարդու հոգեբանության վրա. «Տղաների ինքնագնահատականի վրա շատ է ազդում: Շատերը հայերի շրջանում ունեն թերարժեքության խնդիր, այս սպորտաձեւն ասես կարողանում է օգնել նրանց դառնալ ավելի ինքնավստահ, կայուն, աղջիկների շրջանում ավելի հաջողակ»:

Հարցին, թե որքանո՞վ է հայուհիներին հետաքրքրում բոդի բիլդինգը, մեր զրուցակիցն ասաց. «Բավականին… Հաճախողներն ու հետաքրքրվողները շատ են, բայց զուտ նիհարելու, մարմինը կոփելու նպատակով»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ վերաբերմունք ունի պրոֆեսիոնալ բոդի բիլդինգով զբաղվող կանանց մասին: «Չգիտեմ ով՝ ինչ կարծիք ունի, ես, համենայնդեպս, հավանություն չեմ տալիս: Կանացի չէ, աղջկան նման կեցվածքը չի սազում»: Հարցին՝ սեքսուա՞լ են արդյոք նման կանայք, Ա. Մհերյանն ասաց. «Ոչ, այդտեղ ոչ մի սեքսուալություն չկա: Ինչպես կարող է մի կին սեքսուալ երեւալ, երբ նրա հետ խոսելիս քեզ թվա, որ խոսում ես տղամարդու հետ, էլ ուր մնաց այդ կնոջ հետ սեքսի մասին մտածես…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել