Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԹՈՒՐ ԱՐՔԱՆ» ԱՍՊԵՏԱԲԱՐ ԽՆԱՅԵՑ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ

Հունիս 30,2009 00:00

\"\"Նա կարող էր արդեն հինգերորդ ռաունդում Օրալին նոկաուտի ենթարկել, սակայն ոչ միայն դա չարեց, այլեւ նրա մարտավկաներին հասկացրեց, որ նրանք վաղուց պետք է սրբիչ նետեին ռինգ:

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նույն ինքը՝ «Արթուր Արքան», հունիսի 27-ին Բեռլինի «Max Schmeling Halle» մարզադահլիճում տասներորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի իր գոտին՝ 10-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով թուրք բռնցքամարտիկ, չեմպիոնական տիտղոսի կամավոր հավակնորդ Մահիր Օրալին: Այս հաղթանակն անպարտելի Արթուրի համար կրկնակի հոբելյանական էր: Նա ոչ միայն տասն անգամ ապացուցեց, որ աշխարհում հավասարը չունի իր քաշային կարգում, այլեւ տոնեց պրոֆեսիոնալ ռինգում 30-րդ հաղթանակը: Աբրահամի այցեքարտն այսպիսին է. 30 մենամարտ, 30 հաղթանակ, որոնցից 24-ը՝ նոկաուտով:

Ճիշտն ասած, մենամարտի այսպիսի ելքը հայերիս համար սովորական երեւույթ է դարձել: Այնքան սովորական, որ երբ Աբրահամը հաղթում է ընդամենը միավորների առավելությամբ, արդեն ինչ-որ տեղ այնքան էլ բավարարված չենք լինում: Օրինակ՝ տխրահռչակ Էդիսոն Միրանդայի հետ առաջին հանդիպումը: Լեզվին չափ ու սահման դնելու անլուծելի խնդիր ունեցող կոլումբիացին այն ժամանակ բռնցքամարտիկին, առավել եւս՝ տղամարդուն ոչ վայել ամեն տեսակի արգելված գործողությունների դիմելով՝ փորձեց պոկել հաղթանակը, անգամ գլխով հարվածելով՝ Արթուրի ծնոտը կոտրելու գնով: Բայց, միեւնույն է, մրցավարների միաձայն որոշմամբ՝ միավորներով պարտվեց: Դա Աբրահամի ու նաեւ նրա երկրպագուների համար, թերեւս, առաջին ամենաթանկ հաղթանակն էր: Դրան հաջորդեցին եւս մի քանիսը: Բայց Արթուրի հաջորդ ու ավելի արժեքավոր, իսկ Միրանդայի համար՝ արդեն նվաստացուցիչ, հաղթանակը նրանց երկրորդ դիմակայությունն էր, երբ «Արքան» նոկաուտով վերջնականապես գետնին փռեց «Հովազին»:

Աբրահամ-Օրալ մենամարտը սկզբունքային էր ու Աբրահամ-Միրանդա պայքարից պակաս նշանակություն չուներ ոչ միայն մարզական, այլեւ հասկանալի հազար ու մի այլ նկատառումներով: Թուրք բռնցքամարտիկը նախապես հայտարարել էր, թե հաստատ խլելու է «Արքայի» գոտին ու թագը: Բայց «Առավոտը» գրել էր, թե դրա համար նա դեռ պետք է կարողանա հասնել մինչեւ 12-րդ ռաունդ:

Աբրահամի եւ Օրալի մենամարտին, համոզված ենք, բոլորն են հետեւել: Դա հար եւ նման էր մկան հետ կատվի խաղին, որի վերջաբանը բոլորին է հայտնի: Աբրահամը կարող էր պայքարը եզրափակել արդեն 5-րդ ռաունդում: Սակայն, հավանաբար, հաշվի առնելով, որ երիտասարդ տարիքում Գերմանիա տեղափոխվելու առաջին վեց ամիսներին միասին են մարզվել, որ Օրալը Միրանդայի պես լեզվին զոռ չի տվել, նրան անընդհատ ռինգում իրեն առավելագույնս դրսեւորելու հնարավորություն էր տալիս: Այդպես շարունակվեց ամբողջ 10 ռաունդ: Սակայն նրանց մակարդակները չափազանց տարբեր էին: Թուրք բռնցքամարտիկը 4-րդ եւ 6-րդ ռաունդներում արդեն խորը նոկդաունի մեջ էր հայտնվել: Իսկ 10-րդում, երբ եւս երեք անգամ նա ստիպված եղավ լսել ռինգի մրցավարի հաշվարկը, Աբրահամը, տեսնելով, որ Օրալի օրհասական վիճակը նրա մարտավկաներին ամենեւին չի հուզում, ինքը նրանց հասկացնելով ստիպեց, որ վաղուց սրբիչ նետելու ժամանակն է եւ ռեֆերին դադարեցրեց մարտը:

Նման ասպետական պահվածք պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ, թերեւս, առաջին անգամ կատարվեց: Աբրահամի փոխարեն մեկ ուրիշը լիներ, հաստատ, կօգտվեր նպաստավոր պահից եւ իր սեւ գործը կհասցներ ավարտին: Սակայն Արթուր Աբրահամն այդպես չվարվեց՝ արժանանալով նաեւ «Max Schmeling Halle»-ում հավաքված Մահիր Օրալի երկրպագուների երախտագիտությանը:

Մարտից հետո

Մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամն ու Օրալը պահպանել են անձնական հարգալից վերաբերմունքը, որ մինչ այդ դրսեւորել են միմյանց նկատմամբ՝ խոսելով միայն իրականության մասին: Մասնավորապես, Արթուրը հայտարարել է. «Ես միշտ դանդաղ եմ մեկնարկում: Լինում է, որ ինձ իսկապես առաջ գնալու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր լինում: Հենց այդ պատճառով էի ես սկզբում Օրալին ազատ գործելու հնարավորություն տալիս: Դրանից հետո ցուցադրեցի իմ լավագույն որակները՝ տալով ճիշտ պատասխաններ: Ցանկանում եմ տեղափոխվել մեկ աստիճան բարձր քաշային կարգ: Այնտեղ էլ հետաքրքիր շատ մրցակիցներ կան: Բացի այդ, ես կկարողանամ նաեւ մարտից առաջ նորմալ սնվել»:

«Նա, իսկապես, շատ ուժեղ է հարվածում,- ասել է Մահիր Օրալը:- Ես աշխատում էի ոտքի վրա մնալ, բայց աչքերիս առջեւ միայն կայծեր էին պտտվում: Չէի ցանկանում իմ երկրպագուներին հուսախաբ անել, դրա համար էլ անընդհատ ձգտում էի մարտը շարունակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել