Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է նշեր Ադրբեջանի 90-ամյակը»

Հունիս 30,2009 00:00

Պնդում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:

«Իսպանացի, պորտուգալացի, իտալացի, ֆրանսիացի, անգլիացի տարբեր հեղինակներ դարերով գծել են իրենց անցնելիք եւ անցած ճանապարհների քարտեզները եւ նշել՝ «Արմենիա մինոր», «Արմենիա մաժոր»: Ու մենք չենք, որ այս տարածքը կոչել ենք Մեծ եւ Փոքր Հայաստան: Այդ քարտեզներից որեւէ մեկում, որեւէ եվրոպացի որեւէ դարաշրջանում Ադրբեջան բառը չի գործածել այս տարածաշրջանի համար»,- պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը: Ադրբեջանը, նրա խոսքով, Հյուսիսային Պարսկաստանի Ատրպատական նահանգի անունն է՝ Թավրիզ կենտրոնով, որ այսօր էլ կա:

Առաջին անգամ այս տարածաշրջանում Ադրբեջան բառը լսվել է 1918թ.-ից. «Մեր հայրենիքի մի մասն են վերցրել ու մեր հողի վրա հարեւան պետության մի նահանգի անունը կպցնելով՝ հորինել են պետություն: Մեկ դարի ընթացքում էլ 3 անգամ գիր փոխեցին. մինչեւ խորհրդային շրջանը արաբատառ թուրքերենով էին գրում, այնուհետեւ ռուսատառ ադրբեջաներեն կոչվածը 91-ին փոխեցին լատինատառ թուրքերենի: Դեռ մեկ դար չի բոլորել, որ Ադրբեջան անունն այս հողի վրա կպած է: Ես անընդհատ առաջարկում էի, որ անցյալ տարի մենք նշեինք Ադրբեջանի հիմնադրման 90-ամյակը, նշենք եւ ի ցույց դնենք, որ ձեր անունը այս հողի վրա 90 տարի է, որ կա՝ 1918-2008: Այն ցեղը, որ հիմա այդ պետության բնակչության կորիզն է կազմում՝ մինչեւ 1918-ը կոչվում էր կովկասյան թաթարների ցեղ: 1918-ից նրանց անուն կպցրեցին՝ ադրբեջանցի, ընդ որում, ուշադրություն դարձնենք՝ նախկինում ադրբեջանցի՝ չէր նշանակում միայն կովկասյան թաթար, ինչպես ամերիկացին չի նշանակում կոնկրետ մի ազգ»:

Ի դեպ, կովկասյան թաթարներին նստակյացություն պարտադրել է ռուսական կայսրությունը. երկրի, կայսրության սահմաններից արտաքսման խնդիրն էր դրված, եթե նստակյացության չանցնեին: Եվ հենց նրանց տեղաշարժումների պատճառով էլ պատմության մեջ մարդահամարի աբսուրդ փաստեր են գրանցվել: Այսպես՝ եթե չկա արտագաղթ եւ չկան կոտորածներ, բնականաբար բնակչության թիվը գնալով պետք է աճի: Սակայն ցարական իշխանությունների իրականացրած մարդահամարի տվյալներով, օրինակ, 1886-ին կովկասյան թաթարներն այդ տարածաշրջանում ավելի շատ են եղել, քան 1897-ին, իսկ 1897-ին ավելի շատ, քան 1914-ին: Այսինքն՝ գնում է նվազման տենդենց, մինչդեռ չի եղել ոչ կոտորած, ոչ արտագաղթ: Թուրքերը, ադրբեջանցիները, եթե անդրադառնում են մարդահամարին, միշտ հենվում են 1886-ի տվյալների վրա: Բայց ո՞րն էր իրականությունը, որի վրա աչք են փակում նրանք: «Տարօրինակ մի բան է, բայց շատ պարզ է եւ հասկանալի:

1865-ին Թիֆլիսում լույս տեսնող «Կավկազ» թերթում հոդվածաշար է հրապարակվել: Հեղինակը՝ Մեւեսը, Գանձակ էր գործուղվել (այն ժամանակվա՝ Ելիզավետպոլ), որպեսզի ուսումնասիրեր տարածաշրջանի բոլոր ազգերին: Եվ պարզել է, որ այդ կովկասյան թաթարների քոչերից ամեն մեկը մի քանի անգամ մարդահամարի մեջ ներառվել են, որովհետեւ անընդհատ տեղից տեղ են շարժվել, նույն քոչը մինչեւ 3 անգամ տարբեր տեղեր արձանագրվել է, որովհետեւ ինքը նստակյաց չի, որ միանգամից վիճակագրության մեջ անցկացնեն՝ վերջանա: Եվ դրա համար շատ մեծ թիվ է ստացվել, նույնիսկ ավելի, քան հայերը՝ 50%-ից ավելի թաթարներ էին փաստորեն գրանցվել: Ռուսների կողմից նույնիսկ պայման եղավ, որ կարտաքսեն Պարսկաստանի տարածք, եթե նստակյացության չանցնեն: Ռուսական իշխանությունների ճնշման տակ կովկասյան թաթարները ստիպված անցան նստակյացության»,- նշում է պարոն Կարապետյանը:

Արդյունքում՝ ինչքան դրանց նստակյաց մասը թվով մեծացավ, այնքան ավելի պակասեց ընդհանուր մարդահամարի թիվը: Այսինքն, նույնիսկ բնական աճի ավելացման պայմաններում ավելի ճիշտ արձանագրվելով՝ փոքր թիվ է ստացվել, քան նախկինում գրանցվել էր: Մինչդեռ հայերը բնական աճով նորմալ ավելանում էին: 1914 թ.-ին, օրինակ, Հյուսիսային Արցախում մեծ մասամբ հայ գյուղեր էին: Սա՝ ըստ ռուսական իրազեկ եւ չեզոք աղբյուրների («Կավկազկի կալենդար»): Այս բոլոր փաստերը, ըստ պրն Կարապետյանի, մեզ համար զենք են, պետք է վերցնենք ու հրատարակենք թեկուզ հենց ռուսերեն՝ բնագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել