Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

Հունիս 30,2009 00:00

Նախկին բարեգործի կարծիքով՝ մեղավոր են նախկին նախագահը, նախկին նախարարը, նախկին գրողը եւ ուրիշներ:

«Առավոտի» հունիսի 24-ի համարում տպագրված «Ջուղայի խաչքարերը չհուզեցին» լուրում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը պատմել էր, որ երբ 2006-ին խորհրդարանում կազմակերպվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկա էին ԵԽ 16 պատվիրակներ եւ մեր 131 պատգամավորներից ընդամենը 2-ը, որոնցից մեկն էլ, ֆիլմը սկսելուց րոպեներ անց, լքել էր դահլիճը:

«Առավոտի» հետ զրույցում նույն թեմայով իր նկատառումները հայտնեց նաեւ քաղաքական-հասարակական գործիչ, Հանրային խորհրդի «Կրոն, սփյուռք, միջազգային ինտեգրում» օղակի անդամ Խաչիկ Ստամբոլցյանը: Ավելին, նա հայտարարեց, որ Ջուղայի խաչքարերի սպանդի համար մեղավոր են կոնկրետ անձինք՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, գրող Զորի Բալայանը, «Նախիջեւան» հայրենակցական միության ղեկավար Ռաֆայել Համբարձումյանը:

«Երբ առաջին անգամ լրատվություն եղավ թերթերում, որ Ջուղայի խաչքարերը տեղի ադրբեջանցիները ջարդում են, անմիջապես կապվեցի մեր մշակույթի ջատագովներից Արմեն Հախնազարյանի հետ: Նա Արաքսի մյուս ափից նկարել էր ամեն ինչ եւ ուներ համապատասխան լուսանկարներ: Այդ ժամանակ Աստված միտք տվեց, որ ես էլ ծրագիր մշակեմ խաչքարերի փրկության համար»,- պատմում է Խ. Ստամբոլցյանը: Նա հավաստիացնում է, որ մի քանի անգամ զանգել է Ռ. Քոչարյանի ընդունարան, սակայն ոչ մի կերպ չի հաջողվել հանդիպել: ԱԳ նախարար Օսկանյանի հետ կարողացել է հանդիպել, նաեւ ներկայացրել է Ջուղայի խաչքարերի փրկության իր ծրագիրը: «Արտգործնախարար Օսկանյանին ասացի, որպեսզի կարողանանք խաչքարերի ջարդը կասեցնել, հարկ է բարձրացնել Նախիջեւանի հարցը: Մանավանդ, այն որպես պատմական հող՝ պայմանագրով հանձնված է եղել խնամակալության, այժմ Խորհրդային Միությունն այլեւս չկա, խնամակալ Ադրբեջանն էլ կերել է խնամվողներին ու նրանց հուշարձանները: Արտգործնախարարը մտավախություն ուներ, որ հարցը բարձրացնելու դեպքում կարող ենք ագրեսորի անուն վաստակել: Ասացի՝ հարցը պետությունը չի բարձրացնում: Ժամանակին կար «Նախիջեւան» հայրենակցական միություն, կգնամ ոտքի կհանեմ, ժողով կանեմ, եւ աշխարհով մեկ սփռված Նախիջեւանի հայերն էլ իրենց անունից կպարտադրեն մեր հանրապետության նախագահին: Նախագահն էլ կասի՝ ե՞ս ինչ անեմ, հայրենակցականն է պարտադրում»,- նշեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ որոշել էին իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն բրոշյուրներ հրատարակել Ջուղայի խաչքարերի մասին ու տարածել միջազգային բարձրագույն ատյաններում. «Մտածեցինք, որ տեքստը լինի մի 30 էջ, հետն էլ՝ 70-100 լուսանկար, որոնք կներկայացնեն վիճակը մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը, դրանից հետո՝ վերջին շրջանը եւ թե վերջին օրերին ինչ է կատարվել»: Այնուհետեւ, Խ. Ստամբոլցյանի պատմելով, Զորի Բալայանի միջնորդությամբ իր ծրագիրը հասցվել է Ռ. Քոչարյանին, ինքն էլ պատմության թանգարանից հանել է Արամ եւ Արտաշես Վրույրների ու այլ անձանց կողմից արված Ջուղայի լուսանկարները, պայմանավորվել բրոշյուրի տեքստը պատրաստող պատմաբանի եւ Ջուղայով զբաղվող գիտնական Արգամ Այվազյանի հետ. «70-80 լուսանկար դնելուց հետո պիտի կազմեինք գիրքը՝ սկսելով Ջրհեղեղից: Պիտի բացատրեինք, որ Նախիջեւան նշանակում է Նոյի առաջին իջեւանելու տեղ, Ագուլիսն էլ հայտնի է որպես այգուլիս՝ Նոյի առաջին գիշերատեղը: Ի դեպ, Նախիջեւանում հայկական եւ ռուսական գերեզմանոցի արանքում մի մատուռ կար, որտեղ թաղված է Նոյը: Պիտի ներկայացնեինք, որ Նոյը ջրհեղեղից փրկված առաջին մարդն է, մենք էլ՝ Նոյի ու Հաբեթի սերնդից ենք… Այսինքն՝ սա մեր պապենական տունն է… Հանդիպեցինք Ռաֆիկ Համբարձումյանի հետ եւս, ամեն ինչ պատմեցի իրեն, Օսկանյանի միջոցով կարողացանք մի քանի կոմպյուտեր գտնել, լույս տեսավ «Նախիջեւան» հայրենակցական միության թերթի մի քանի համար: Իրենք էլ ոգեւորվեցին, նախիջեւանցի երջանկահիշատակ նկարիչ Կարեն Սմբատյանն էլ…»: Ստամբոլցյանն ասում է, որ արտերկրի իր ծանոթները նույնպես խոստացել էին բուկլետը բազմացնել եւ տարածել արտերկրում: Իսկ բուն բուկլետի ստեղծման համար պահանջվում էր ընդամենը $10000: Նրա պատմելով, որոշ ժամանակ անց «Նախիջեւան» հայրենակցականի թերթը սկսում է լույս չտեսնել, Ռաֆայել Համբարձումյանը՝ խուսափել իրենից, Զորի Բալայանը՝ տրտնջալ, որ ֆինանսական հարցեր չի կարող լուծել, նույնն էլ՝ ԱԳ նախարարը: «Գնացի Օսկանյանի մոտ, ասաց՝ ցավում եմ, բայց ֆինանս չունենք: Ես խիստ զայրացա: Ասացի, շատ կներեք, եթե մենք պետություն ենք ու ազգ, 10000 դոլարը մեծ գումար չէ: Երբ ձեզնից մեկը գնում է գործուղման, դրանից շատ ավելին է ծախսում: Ի՞նչ է նշանակում չունենք, փող չունենք՝ փակեք արտգործնախարարությունը… Փաստորեն, ես ինձ պատեպատ տվեցի, բայց չֆինանսավորեցին ու ամոթով մնացի բոլորի առաջ… Այս գործելաոճը ոչ միայն փնթիություն է, այլեւ դավաճանություն, քաղաքական տգիտություն»:

«Առավոտի» հարցին՝ ի վերջո ո՞վ է մեղավոր Ջուղայի խաչքարերի եղեռնի համար, Խ. Ստամբոլցյանը նորից պնդեց. «Խաչքարերի եղեռնի համար մեղավոր են Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, որ հիմա մասսոնական կառույցների մեջ է ու պատի տակից դուրս է եկել խոսում է, Զորի Բալայանը, որ ազգային դրոշը ձեռքին՝ ապազգային գործ կատարեց եւ նախիջեւանցի Ռաֆիկ Համբարձումյանը, որ մեծ-մեծ խոսում է: Մինչեւ հիմա չեմ հասկացել՝ էդ ի՞նչ հրաման էր եւ ինչո՞ւ այդպես եղավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել