Ստրասբուրգում կարողանում են տոն սարքել ոչնչից
Ստրասբուրգ անվանումը մեզ համար նույնականանում է Եվրոպայի խորհրդի, Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ քաղաքական այլ խնդիրների հետ: Մինչդեռ սա իրականում բավական գողտրիկ մի քաղաք է՝ ծառերի ու ծաղիկների մեջ թաղված, մաքուր փողոցներով ու ոչ բնության հաշվին գործող սրճարաններով, բավական բարեհամբույր բնակիչներով: Ստրասբուրգի պատկերը փորձենք փոխանցել լուսանկարչական այս ռեպորտաժով, որը հունիսի 21-ին նշված «Holiday music»՝ արձակուրդի երաժշտություն տոնի մասին է: Այդ օրը քաղաքի կենտրոնական փողոցներում Ստրասբուրգում բնակվող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչները կատարում էին իրենց երգերը: Բազմաթիվ էին հեղինակային կատարողները եւ ռոք խմբերը, նվագախմբերն ու երգչախմբերը: Կամ էլ ուղղակի հնչում էին դիսկոտեկային մեղեդիներ, ու մարդիկ փողոցում պարում էին: Սրան հավելեք ախորժաբեր ուտեստների բույրը՝ սրճարաններն իրենց ճաշացանկի գներն ավելի մատչելի էին դարձրել, ու փողոցներում աշխույժ առեւտուր էր ընթանում: Եվ կստանաք իսկական տոնի մի պատկեր՝ գրեթե առանց որեւէ առիթի եւ շատ ծախսերի: