Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է քիչ, բայց՝ լավ

Հունիս 30,2009 00:00

Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը

Երեւանի ավագանու ընտրությունների անցկացումից հետո կարելի է ասել, որ ավարտվեց ակտիվ քաղաքական պայքարի փուլը, եւ Հայաստանում գործող քաղաքական ուժերը կամաց-կամաց մտնում են ավելի պասիվ քաղաքական զարգացումների շրջափուլ: Նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հայտարարեց հանրահավաքների դադարեցման մասին: Սակայն վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում սկսվեց քննարկվել ՀՀ-ում նոր՝ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ստեղծման թեման: Մի կողմ թողնենք լրատվամիջոցների այն հրապարակումները, թե ինչ նպատակ ունի այս կուսակցության հիմնադրումը Հայաստանում: Փորձենք պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում պահանջարկ կա՞ նոր կուսակցության ստեղծման եւ առավել եւս կայացման համար: Կարծում ենք, որ նման պահանջարկ իրոք կա եւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Բազմիցս, հենց քաղաքական ուժերի ղեկավարների, քաղաքագետների, փորձագետների շուրթերից ենք լսել, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռեւս գտնվում է կայացման փուլում եւ որ Հայաստանը գտնվում է անցումային ժողովրդավարացման փուլում: Մեր հասարակությունը արդեն իսկ տարակուսում է. իսկ երբ է վերջիվերջո ավարտվելու այդ կայացման փուլը եւ երբ Հայաստանի քաղաքական համակարգը կարելի է համարել կայացած: Ցավոք, այդ նույն քաղաքական կուսակցությունների ղեկավարները մինչեւ հիմա չեն կարողանում կամ, ավելի ճիշտ, չեն ուզում ընդունել այն, որ քաղաքական համակարգի կայացման համար մեծ կարեւորություն ունի քաղաքական համակարգի ամենակարեւոր ինստիտուտներից մեկի՝ կուսակցության կամ կուսակցական համակարգի կայացումը: Եվ քանի դեռ մեր երկրում գործող կուսակցությունների վերնախավը չի հասկացել կուսակցության դերն ու նշանակությունը քաղաքական համակարգի կայացման գործում, մեծ հույսեր չպետք է փայփայել քաղաքական համակարգի կայացման առումով:

Իսկ ի՞նչ է կուսակցությունը եւ ո՞րն է կուսակցության դերը քաղաքական համակարգում:

Ինչպես հայտնի է քաղաքականության տեսությունից, քաղաքական համակարգն ունի մի քանի ենթահամակարգ, որոնցից է նաեւ ինստիտուցիոնալ ենթահամակարգը։ Այս ենթահամակարգի կառուցվածքային տարրերն են պետությունը, քաղաքական ենթակառուցվածքը, զանգվածային լրատվության միջոցները եւ եկեղեցին։

Սակայն այս նյութում մենք մեր ուշադրությունը հիմնականում կսեւեռենք ինստիտուցիոնալ ենթահամակարգի քաղաքական ենթակառուցվածքի վրա, որի մեջ մտնում են քաղաքական կուսակցությունները, հասարակական-քաղաքական շարժումները եւ լոբբիստական խմբերը։ Հավելենք, որ հասարակական-քաղաքական շարժումները համարվում են ոչ կայուն ինստիտուտ եւ ունեն զարգացման երկու ճանապարհ. կամ վերածվում են կուսակցության, կամ դադարում են գոյություն ունենալուց։ Ինչ վերաբերում է լոբբիստական խմբերին, ապա դրանք պայմանականորեն կարելի է համարել առանձին ինստիտուտներ՝ նայած, թե տվյալ պետությունում ինչ չափով են գործում նման խմբերը։

Կուսակցությունը այն ինստիտուտն է, որն ապահովում է կապը պետության եւ հասարակության միջեւ։ Պետությունը որքան էլ արդյունավետ գործի, միեւնույն է՝ իր տեսադաշտում չի կարող պահել հասարակությունում տեղի ունեցող բոլոր գործընթացները։ Հենց կուսակցությունը պետք է պետությանը հասցնի հասարակությունում առկա այն հիմնախնդիրները, որոնք դուրս են մնացել պետության ուշադրությունից։ Միեւնույն ժամանակ, կուսակցությունները ԶԼՄ-ների եւ ներկուսակցական խողովակների միջոցով պետք է կարողանան պետության կողմից իրականացվող գործունեության արդյունքները հասցնել հասարակությանը։ Իսկ քանի որ այս կապը Հայաստանում գրեթե չի գործում, հայաստանյան բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ի հայտ են գալիս տարաբնույթ հասարակական-քաղաքական շարժումներ («Արդարություն» դաշինք՝ 2003թ., «Իմպիչմենտ» դաշինք՝ 2007թ, «Հայ ազգային կոնգրես» դաշինք՝ 2008 թ.), որոնք փորձում են այս կամ այն եղանակով պետական իշխանությանը ներկայացնել հասարակությանը հուզող հիմնախնդիրները։ Նման նախընտրական դաշինքներ, շարժումներ դեռեւս երկար են ստեղծվելու, զարգանալու եւ մարելու կամ վերածվելու նոր քաղաքական կառույցների, քանի դեռ գործող քաղաքական կուսակցությունների ղեկավարները՝ առաջին հերթին պետական իշխանության լծակներին տիրապետող պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն գիտակցել, որ պետական իշխանության բոլոր ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է նպաստել նաեւ կուսակցությունների, դրանով իսկ՝ կուսակցական համակարգի կայացմանը։

(շարունակելի)

Արտակ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել