Տարիներ առաջ, երբ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ըմբոստացավ անօրինականության դեմ, նրա վրա «քսի տվեցին» հոգին վաճառածներից մի քանիսին՝ փորձելով վարկաբեկել եւ ընդմիշտ լռեցնել նրան:
Միանալով ազնիվ լրագրողների բանակին, մի հոդված էլ ես գրեցի՝ «Մենք էլ պաշտպանենք մարդու իրավունքների պաշտպանին» վերնագրով: Բայց նրան աշխատանքից ազատեցին: Թվում էր, թե պարտվեցինք եւ չարը հաղթեց: Բայց ոչ, մարդիկ երախտամոռ չեղան, եւ ժողովրդի բարեկամը ժողովրդի ձայնով իր զինակիցների հետ բազմեց պատգամավորի աթոռին: Ժողովուրդը, ավելի ճիշտ՝ հոգին չվաճառածները, նրան չմոռացան, նա էլ՝ ժողովրդին:
Հիմա էլ կարծես կրկնվում է այդ նույն պատմությունը, փորձում են վարկաբեկել, ասպարեզից հանել մարդու իրավունքների նոր պաշտպանին, որը, ճիշտ է, պաշտոնապես մարդու իրավունքների պաշտպան չէ, բայց կամովին լծվել է այդ ծանր, ինքնազոհություն պահանջող գործին: Այո, Զարուհի Փոստանջյանը արդեն երեք տարի բարի հրեշտակ է դարձել թշվառների համար: Նա միշտ հանիրավի ծեծվածի, անմեղ բանտարկվածի, տնից-տեղից դուրս քշվածի կողքին է: Հայաստանում չեք գտնի մի ոստիկանատուն, որ նա մտած չլինի եւ այնտեղից անմեղների՝ թեկուզ մի փոքր մասին հանած չլինի: Զարմանում ես, թե այդ փխրուն ուսերով կին-հրեշտակը ինչպես է տանում այդքան մեծ ծանրաբեռնվածությունը: Այո, նա ամենահաս է: Ունենալով մեծ կամք եւ համարձակություն, իր խելքով եւ իրավաբանի բարձր պրոֆեսիոնալիզմով մարտի է բռնվում ոստիկանի եւ «դատավորի» հետ, երբեմն էլ ենթարկվում ֆիզիկական բռնության եւ քաշքշուկի, իսկ երբ չի կարողանում մի անմեղի փրկել, հույսը չի կորցնում, շարունակում է պայքարել ամեն ձեւով՝ թեկուզ կեղտոտ եւ արդեն նեխած սպիտակեղենը տնից հանելու ու դուրս շպրտելու ճանապարհով:
Ամեն ինչի դիմում է, ամեն արժող եւ չարժողի մոտ վիզ է թեքում եւ պայքարում, միայն թե կարողանա մի անմեղի բանտից կամ ոստիկանությունից հանել եւ իր ընտանիքի եւ երեխաների մոտ ուղարկել: Այդ նույն աշխատանքը նա ԵԽԽՎ-ում արեց, ենթարկվեց տարբեր չարախոսների եւ պնակալեզների բամբասանքին:
Ասացեք, խնդրեմ, նա իր անձնական հարցե՞րն էր լուծում, նա թուրքի՞ն էր ծառայում, թե՞ ցանկանում էր օր առաջ մի քանիսին էլ բանտից ազատել: Իսկ ինչո՞ւ մեր պատվիրակության որեւէ անդամ, թեկուզ թաթերի վրա ման եկող «ընդդիմախոս» դաշնակցական Արմեն Ռուստամյանն անգամ իր ստորագրությունը չդրեց նրա խնդրանքի տակ: Հիմա խնդրում եմ ասեք. նա՞ է ազգի դավաճան, թե՞ մյուս հայ պատվիրակները, որ նրան թողել էին մենակ այդ մեծ մարդասիրական գործում եւ ռեստորաններում քեֆ էին անում:
Որոշ մարդիկ այնպես են խիղճը կորցրել, որ իրենց անմակարդակ, «միամիտ» հարցերով փորձում են նրան եւ նրա փոքրաթիվ ընկերներին մեղադրել սադիզմի մեջ՝ «տեսեք, նրանք նույնիսկ չքվեարկեցին ներման որոշման օգտին»: Մի՞թե կարծում եք, որ մարդիկ կհավատան այդ հայհոյանքին: Երեխան անգամ գիտի, որ նրանք ոչ թե անմեղ մարդկանց բանտից ազատելուն են դեմ կամ ձեռնպահ, այլ նրանք չէին ուզում, որ բանտարկյալներին համաներմամբ ազատեն (անմեղ մարդուն ի՞նչ համաներում), նրանք պահանջում էին, որ այդ մարդկանց ԱՐԴԱՐԱՑՆԵՆ եւ նրանցից ներողություն խնդրեն: Այնպես որ՝ այս ֆարսը եւս չի անցնի:
Վերջում հայտարարում եմ, որ ես էլ կուզեի դիմել թուրքերին: Այո, այո, մի զարմացեք, տասնյակ միլիոնանոց թուրքերի այն հարյուր հազար մարդկանց, որոնք Հրանտ Դինքի մահվան ժամանակ անկեղծ սգում էին, որոնք չվախեցան իրենց կեղտոտ սպիտակեղենը դուրս հանել եւ բացականչում էին. «մենք էլ ենք հայ, մեզ էլ սպանեք»:
Չգիտեմ, Զարուհին ինչ խոսք է ասել միակ թուրքին, որը ստորագրել է նրա խնդրագրի տակ, բայց ես վերը նշած հարյուր հազար թուրքի կասեմ՝ «հարգելիներս, տեսնո՞ւմ եք, ինչքան մարդասեր ու բարի է մեր նախագահը, նա ԱՄԵՆ ԳՆՈՎ ամեն ինչ անում է, որ ժողովուրդները բարեկամանան, ուրեմն նա երբ գա ձեր երկիրը՝ ֆուտբոլի խաղը դիտելու, բոլորդ մի մարդու նման ստորագրեք եւ խնդրեք, որ նա ազատ արձակի Արցախյան պատերազմի հերոսներին, թերթի խմբագիր Բաբաջանյանին եւ մյուս քսան քաղբանտարկյալներին»:
Համոզված եմ, որ դուք իմ այդ խնդրանքը կկատարեք, էլ ավելի համոզված եմ, որ մեր հարգելի նախագահը ձեզ չի մերժի…
Կառլեն ՔԱԼԱՇՅԱՆ