Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիների արկածները՝ Ախթալայում

Հունիս 30,2009 00:00

Գործատուն տեղեկանք տվել է, աշխատավարձ տալ չի ուզում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում հունիսի 26-ին, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, քննվում էր Ախթալա քաղաքի բնակիչ Սերյոժա Ամիրխանյանի հայցը ընդդեմ «Ախթալա լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրինության՝ աշխատավարձի լրիվ վերջնահաշվարկ կատարելու պարտավորեցնելու պահանջի մասին: Շաքարախտով հիվանդ Սերյոժա Ամիրխանյանին «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատել են 2006 թվականին, սակայն առայսօր նա վերջնահաշվարկ չի ստացել, ինչը ապացուցվում է ընկերության տնօրեն Մ. Թաշճյանի եւ գլխավոր հաշվապահ Ա. Սոխակյանի ստորագրությամբ, 16.06.2007թ. թիվ 2791 տեղեկանքով, ըստ որի՝ չվճարված աշխատավարձը կազմում է 583 716 դրամ: «Նշված գումարը, համաձայն ՀՀ կառավարության որոշման, եղել է ժամկետանց եւ դուրս է գրվել ընկերության հաշվապահական հաշվեկշռից», գրված է տեղեկանքում: Ի դեպ, հայցվորը եւ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը հարեւաններ են:

Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը եւ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը միմյանց նկատմամբ անզիջում էին: Ապացույցների ներկայացման փուլում ըստ էության մեկ հարցի շուրջ էր քննարկումը՝ «Ախթալա ԼՀԿ» տնօրինությունը 20.06.2006թ. հրամանով Սերյոժա Ամիրխանյանին աշխատանքից ազատելուց հետո, կատարե՞լ է նրա աշխատավարձի լրիվ վերջնահաշվարկ, թե՝ ոչ:

Ըստ հայցվորի, «Ախթալա ԼՀԿ» տնօրինությունը իր հետ աշխատանքից հետո աշխատավարձի լրիվ վերջնահաշվարկ չի կատարել եւ չի վճարել իրեն հասանելիք աշխատավարձի լրիվ գումարը: Սերյոժա Ամիրխանյանը 2006 թվականին «նախկին աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի եւ 1999, 2000 եւ 2001 թվականներին չվճարված աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջով» դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան եւ մերժվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07. 2008 թ. որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը աշխատավարձի բռնագանձման մասով բեկանվել է եւ ուղարկվել նույն դատարան քննությանը, վճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թ. որոշմամբ՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2008թ. որոշումը՝ աշխատավարձի բռնագանձման մասով, եւ այդ մասով օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի 27.07.2006թ. վճռին: Վճռաբեկ դատարանը որոշման մեջ նշել է, որ սույն գործով ընկերության՝ Սերյոժա Ամիրխանյանի 1999, 2000 եւ 2001 թվականների աշխատավարձի վճարման պարտավորությունը Ամիրխանյանի հայցադիմում ներկայացնելու պահին՝ 2006 թվականին, հայցային վաղեմության ժամկետը լրացած է եղել:

Հայցվորի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը դատավորի եւ պատասխանողի ներկայացուցիչների ուշադրությունը ամեն գնով փորձում էր հրավիրել այն փաստի վրա, որ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սերյոժա Ամիրխանյանի հայցի նկատմամբ վաղեմության ժամկետի սահմանափակումը չի տարածվում:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը վճիռը կհրապարակի հուլիսի 5-ին: Սակայն ակնհայտ է, որ ամերիկահայ գործատու Սերոբ Տեր-Պողոսյանի արկածները Ախթալայում սրանով չեն ավարտվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել