Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԻՐԱՂՅԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԸ

Հունիս 30,2009 00:00

\"\"Նոյեմբերյանի քաղաքապետը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ՀՀ կառավարությունից արտոնյալ վերաբերմունք է ակնկալում՝ դրա ընտրությունը թողնելով վերջինիս:

1996 թվականից առայսօր Նոյեմբերյան քաղաքը ղեկավարում են Ամիրաղյանները: Մինչեւ 2002-ը՝ Սերյոժա Ամիրաղյանը: Դրանից հետո Վանուշ Ամիրաղյանն է մտել ընտրապայքարի մեջ, հաղթել Սերյոժային եւ երեք տարի ղեկավարել Նոյեմբերյանը: 2005-ին Սերյոժան է հաղթել Վանուշին ու քաղաքապետ աշխատել մինչեւ 2008 թվականը: 2008-ից այսկողմ՝ էլի Վանուշ Ամիրաղյանն է Նոյեմբերյանի քաղաքապետը: Ամիրաղյանը մեծ գերդաստան է, Սերյոժան ու Վանուշն էլ ազգականներ են: Սերյոժան Հանրապետական կուսակցության անդամ է: Վանուշը նախկինում եղել է հանրապետական, հետո, երբ Արտաշես Թումանյանը \"\"(Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը) փորձեց քաղաքականության մեջ դերակատար դառնալ եւ նախաձեռնեց «Նոր Հայաստան» կուսակցության ձեւավորումը, Վանուշ Ամիրաղյանը միացել է այս շարժմանը: Չծնված՝ մահացած կուսակցությունից Վանուշ Ամիրաղյանը վերադարձել է կրկին Հանրապետական:

Գործող քաղաքապետից նախ փորձեցինք ճշտել, թե նոյեմբերյանցիները ինչպես են վերաբերվում Ամիրաղյանների երկարատեւ իշխանությանը: Քաղաքապետ Ամիրաղյանը առաջարկեց ազգանունը մի կողմ թողնել. «Դա նորմալ է: Ընտրությունների ելքը որոշում է ժողովուրդը եւ առավելագույն քվե հավաքածը հնարավորություն է ստանում ղեկավարել համայնքը, ինչը շատ պարտավորեցնող է, որովհետեւ ժողովուրդը, ղեկավարելու իրավունք տալով, նաեւ ակնկալիք ու սպասելիք ունի»: Քաղաքապետի կարծիքով, քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց ամենակարեւորը խմելու ջրի հարցն է: Խնդիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, եւ այսօր քաղաքապետը նշում է, որ սկսվել է քաղաքից 5 կմ հեռու գտնվող՝ Սրոցահանք հանդամասից դեպի Նոյեմբերյան ջրագծի կառուցումը: Սա չի բավարարի քաղաքի խմելու ջրի ողջ պահանջարկը, սակայն քաղաքապետը հույս ունի, որ հետագայում այս ջրագծին կարող են միացվել այլ աղբյուրների ջրերը: Արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին նոյեմբերյանցիները կվայելեն այս ջուրը: Իր առաջին պաշտոնավարման՝ 2002-2005 հատվածում կատարած աշխատանքներից Վանուշ Ամիրաղյանը առանձնացրեց քաղաքապետարանի հարեւանությամբ՝ քաղաքի կենտրոնում այգու նախկին տեսքի վերականգնումը: Աղբավայր դարձած այգին այժմ կրկին զբոսանքի եւ հանգստի վայր է, տեղադրվել են կարուսելներ, կա միջոցառումների համար փոքրիկ բացօթյա բեմ:

Նոյեմբերյանը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է հազիվ 5-6 կմ, կան գյուղեր, որոնց հեռավորությունը ադրբեջանական զինված ուժերի դիրքերից ուղիղ գծով 100 մետր է: «Մարդիկ այդ պայմաններում ապրում են, երեխա են ունենում, վարուցանք անում: Մեր զինվորները, իհարկե, կանգնած են սահմանին, բայց եթե զինվորը իր թիկունքում լույս չտեսնի, նրա համար էլ դժվար կլինի: Սահմանամերձ բնակավայրերում բնակվելը հերոսություն է: Ժամանակն է, որ սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տրվեն: Ես չեմ կարող ասել՝ ինչ, բայց այստեղ բնակվողին պետք է շահագրգռել, որ մարդիկ հենց այստեղ ներդրումներ անեն: Այլ գյուղերում էլ են մարդիկ հող մշակում, սահմանում հող մշակելուն զուգահեռ նաեւ սահման եւ երկիր են պահում»,- նկատեց Վանուշ Ամիրաղյանը:

Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները, մեկ-երկու բացառություններով, բոլորն էլ սահմանի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքինն էր Բերդավան գյուղի մատույցներում գտնվող Գոգվելի տարածքը, ուր դեղձի այգիներ էին: Այսօր Գոգվելին անմշակ է, ականապատված ու, բնականաբար, հողի հարկ չի գանձվում: Պետական բյուջեից լրավճարներ տրվում են, այս հողերի սեփականատերերը ազատված են հողի հարկից, բայց սրանով սահմանապահ բնակիչների խնդիրները չեն վերանում:

Նոյեմբերյանը փոքր քաղաք է, ունի հազիվ 6000 բնակիչ, բոլորը իրար ճանաչում են: Ի հավելումն՝ Ամիրաղյաններ շատ կան: Վանուշ Ամիրաղյանից հետաքրքրվեցինք, դժվար չէ՞ այդքան բարեկամ-հարազատի պարագայում ղեկավարելը, եթե ամեն բարեկամ թեկուզ մեկ հարցում ընդառաջելու խնդրանքով դիմի… «Ոչ միայն Ամիրաղյաններն են, ով մտավ իմ աշխատասենյակ՝ ես իրեն եմ ճանաչում, ինքը՝ ինձ: Բոլորի հետ էլ կա շփում, հարաբերություններ: Պարտադիր չէ Ամիրաղյան լինի, որ ես օգնեմ: Ես ուզում եմ բոլորին էլ օգնել: Ցավոք եւ անցյալում, եւ հիմա, եւ մոտ ապագայում քաղաքապետի հնարավորությունները այնքան չեն, որ կարողանա լուծել բոլոր խնդիրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել