Լրահոս
Օրվա լրահոսը

Զիմ Կիլիկիա

Հունիս 30,2009 00:00

Մինչ Երեւանում «Կիլիկիա» նավի համար տեղ չի ճարվում, մարզերը պատրաստ են «կռիվ տալ» առագաստանավի ու ծովային թանգարանի կառուցման համար:

Անցած շաբաթ էջմիածինցիները հրաժեշտ տվեցին «Կիլիկիա» առագաստանավին, որն ավելի քան մեկ ամիս «խարիսխ էր գցել» հոգեւոր մայրաքաղաքում: Նավը Էջմիածնում հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ շուրջերկրյա ճանապարհորդության վերջին «նավահանգիստը»՝ Մատենադարանին հարող տարածքը, էլ հարմար չէ «Կիլիկիային»: Իմանալով այդ մասին, Էջմիածնում գործող «Իմպերիալ տուր» ՍՊԸ նախագահ Գագիկ Բիշարյանը «Կիլիկիայի» հրամանատարությանը առաջարկել է առագաստանավը տեղափոխել Էջմիածին՝ իր ընկերության տարածք: Բիշարյանի առաջարկն ընդունվել է. «հենց իրենք՝ առագաստանավի տղաներն այն բերեցին Էջմիածին», -ասաց գործարարը:

Տեւական ժամանակ ընկերության բակն էջմիածինցիների համար դարձել էր քաղաքի ամենահետաքրքիր վայրերից մեկը: Բնակիչներն այստեղ էին գալիս ոչ միայն «Կիլիկիան» մոտիկից տեսնելու, նավի հետ «անմահանալու» համար, այլեւ՝ մտովի իրականացնելու ծովային ճամփորդության իրենց երազանքները:

«Նավն ինքը հրաշք էր, ինչպես նաեւ հրաշք էր այդ գաղափարն իրականացնելը: Այդ գեղեցկուհուն մենք լույսեր «հագցրինք», որ տեսանելի լիներ նաեւ գիշերվա մեջ: Աչքի լույսի պես ենք պահել»,- ասաց Գագիկ Բիշարյանը:

2005 թվականին Գագիկ Բիշարյանը Վենետիկում է եղել, երբ իմացել է, որ «Կիլիկիան» խարիսխ է գցել Սուրբ Ղազար կղզում. կարոտն ու հետաքրքրությունը նրան տարել են Սուրբ Ղազար ու բարեկամացրել հայկական նավին ու նավի անձնակազմին: «Նույն կարոտն էլ ստիպեց ինձ Հայաստանում հանգրվանի խնդիր ունեցող նավին տեղ տալ: Մանավանդ՝ երբ իմացա, որ Մատենադարանի մատույցներում դրա կայանումը քաղաքականացվում է… բերեցի Էջմիածին»:

Թեեւ «Կիլիկիան» Էջմիածնում ժամանակավոր էր, բայց տեղափոխումը ցավ է պատճառել բնակիչներին: Մեզ հետ զրույցում Արմենակ Մարգարյանն ասաց, թե ներքին համոզմունք է ունեցել, որ հենց Էջմիածինն էլ լինելու է առագաստանավի հիմնական հանգրվանը: Ու նավը տեղափոխել են Սեւան, բայց էջմիածինցիները հույսները չեն կտրում ու համոզված են, որ «Կիլիկիան» դեռ վերադառնալու է Էջմիածին:

Հիշեցնենք, որ ծովային թանգարան կառուցելու նպատակով դեռ 2006 թվականին Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում տարածք էր հատկացրել: Բայց հետագայում պարզվել էր, որ հենց այդ տարածքում, 1,5 մ խորությամբ անցնում է կոլեկտորը, եւ թանգարան ունենալու ծրագիրը խափանվել էր:

«Իմպերիալ տուրի» նախագահը պատրաստ է իրագործել ծրագիրը: Նա իր գաղափարի եւ թաքուն ցանկության մասին նավի անձնակազմի հետ դեռ չի կիսվել, բայց մեծ հաճույքով «Կիլիկիայի» համար մշտական հանգրվան կապահովի ընկերության տարածքում, եթե համաձայնեն նավը ստեղծողները՝ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամները, որոնք բացի «Կիլիկիայի» կառուցումից, 20 տարում հարյուրավոր ցուցանմուշներ են հավաքել եւ մտադիր են թանգարանում երեխաների համար բացել նաեւ նավերի մանրակերտների կառուցման՝ նավերի վերակենդանացման արհեստանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել