Ախր ինչ է ուզում բնությունն էս լոռեցիներից
Այս տարվա ամառնամուտը դժվար թե ջնջվի լոռեցիների հիշողությունից։ Լոռու մարզը թիրախ ընտրած բնական աղետները դեռեւս չեն շտապում եզրափակել իրենց ավերածությունների շարանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի ու վարչապետի այցը Լոռու մարզ՝ բնավ էլ չմեղմեցին բնության քմայքները։
Հունիսի 15-ից սկսված աղետաբեր անձրեւներին գումարվեց հունիսի 28-ին մեկ ժամ տեղացած հորդառատ, Լոռու մարզպետի բնորոշմամբ՝ «անհասկանալի» անձրեւը եւ ավարտվեց հերթական ավերածություններով Լոռու մարզի Շահումյան, Գուգարք գյուղերում եւ Վանաձորի Երեւանյան ու Խնձորուտ թաղամասերում։
Եթե երկու շաբաթ առաջ անձրեւաջրերից վարարած գետերը, հունից դուրս գալով, ավերում էին գյուղամիջյան ճանապարհներն ու փողոցները, եթե հեղեղը հորձանքի մեջ էր առնում բնակելի տներն ու մշակելի ցանքատարածությունները, ապա այս անգամ այն չխնայեց կարեւոր նշանակության որոշ հաստատություններ՝ վթարվել են Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, Վանաձորի թիվ 24 դպրոցը։ Աղետը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին՝ քշելով նրանց բերքն ու անասուններին։ Գուգարք գյուղի բնակիչները վերջին 40 տարում նման աղետ չեն հիշում։ Գյուղի ջրահեռացման համակարգն աղետի ժամանակ չի գործել: Հեղեղատարը նախատեսված է փոքր քանակությամբ ջրի համար եւ չի հաղթահարել ջրի մեծ հոսանքը։
Խոսելով ավերածությունների մասին՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը դժվարացավ գնահատել աղետի պատճառած վնասի չափը։ Եվ քանի որ միայն բնակիչների եւ տեղական իշխանությունների ուժերով շատ բան անել հնարավոր չէ, ուստի մարզպետը ակնկալում է պետական աջակցություն։ Մեր տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը կրկին մեկնելու է Լոռի: Հունիսի 20-ի այցի ժամանակ Մհեր Շահգելդյանը լոռեցիներին խոստացել էր տեղական եւ հանրապետական ջանքերի մեկտեղմամբ՝ լուծումներ գտնել: Իսկ մենք տեղեկացրել ենք, որ գերմանական «Ջիթիզեթ» ընկերությունը պատրաստ է աղետների կանխարգելման ոլորտում ներդրումներ անել, սակայն Հայաստանը չի շտապում ծրագիր ներկայացնել: