Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է

Հունիս 30,2009 00:00

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված տեղեկատվության, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, աշխարհի 106 երկիր եւ տարածաշրջան պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել՝ մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 55 հազար 867 դեպքի եւ 238 մահվան ելքի մասին: Առավել ռիսկային երկրներում հիվանդների թիվն անցնում է մի քանի հազարից:

Ավստրալիայում H1N1 վիրուսով հիվանդ է արդեն 2857 մարդ, Արգենտինայում՝ 1213, Կանադայում՝ 6457, Չիլիում՝ 4315, Մեքսիկայում՝ 7847, Մեծ Բրիտանիայում՝ 2905, ԱՄՆ-ում՝ 21 հազար 449: Հիվանդների բավականին մեծ թիվ է գրանցվել նաեւ Բրազիլիայում՝ 334 մարդ, Չինաստանում՝ 906 մարդ, Կոստա-Ռիկայում՝ 189, Սալվադորում՝ 160, Ֆրանսիայում՝ 170, Գերմանիայում՝ 301, Գվատեմալայում՝ 235, Իսրայելում՝ 375, Ճապոնիայում՝ 893, Կորեայում՝ 115, Նիդեռլանդներում՝ 110, Նոր Զելանդիայում՝ 386, Նիկարագուայում՝ 220, Պանամայում՝ 330, Պերուում՝ 217, Ֆիլիպիններում՝ 445, Սինգապուրում՝ 194, Իսպանիայում՝ 539, Թաիլանդում՝ 774, Ուրուգվայում 195, Վենեսուելայում՝ 135 մարդ:

Հիշեցնենք, որ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, նկատվել է նաեւ փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: ԱՀԿ-ն մարդկանց խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով, եւ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության:

Հայաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մեր երկրում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղեւորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել