Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության աշխատակցի դեմ

Հունիս 30,2009 00:00

Թե ինչ պատահեց, երբ ՀՀ շարքային քաղաքացիները կարգի հրավիրեցին անվտանգության աշխատակցին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ներքին անվտանգության աշխատակից Վահան Ալոյանի դեմ մայիսի 11-ին հարուցվել էր քրեական գործ, որի դատաքննությունն այս օրերին ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Ալոյանը մարտի 7-ին ոգելից խմիչք օգտագործած վիճակում Մարգարյանի ծննդատան մոտ (Մաշտոցի 22) «անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ» է տվել: Տեսնելով, որ հայհոյանքներին վերջ չի տալիս, նրան համարձակվել է դիտողություն անել արեւածաղկի սերմ վաճառող Հայկ Պետրոսյանը: Անվտանգության աշխատակցին վերջինիս դիտողությունը դուր չի եկել (գործի նյութերով՝ «արհամարհել է նրան»- Ռ. Մ.), եւ նա սկսել է քաշքշել ու հարվածել ժողովրդի ներկայացուցչին: Բարեբախտաբար, հավաքվել է 20-22 մարդ, իսկ անվտանգության աշխատակցի խուլիգանությունը կանխվել է այդ պահին վրա հասած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներ Սուրեն Ղազարյանի եւ Ֆյոդր Մուրադյանի կողմից, որոնք Ալոյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ալոյանը սթափվելով՝ զղջացել է: Ի դեպ, ըստ շտապօգնության 033723 ակտի, անվտանգության աշխատակցի խմածությունը 3-րդ աստիճանի էր:

Դատաքննությունը կշարունակվի հուլիսի 3-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել