Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզը վտանգավոր հիվանդությունների ցանկում է

Հունիս 30,2009 00:00

Պատճառներց մեկը՝ իշխանությունների կողմից ուշադրության պակասն է

Հունիսի 27-28-ը Ծաղկաձորում «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» թեմայով սեմինարի կազմակերպիչներն էին առողջապահության նախարարությունն ու Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի (ՏՊԱԾ) գրասենյակը, որի նպատակը հիվանդության մասին ԶԼՄ ներկայացուցիչներին ու նրանց միջոցով հանրությանը ճիշտ ինֆորմացնելն էր:

ՏՊԱԾ-ի գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանն ու նույն գրասենյակի համաճարակաբան Նարինե Հովհաննիսյանը մանրամասն նկարագրեցին, թե ինչ է տուբերկուլյոզը, որն է ՏՊԱԾ-ի նպատակը: Ն. Հովհաննիսյանն ու Ն. Մեժլումյանն անդրադարձան տուբերկուլյոզի բուժման արդյունավետ ռազմավարությանը, ներկայացրին վիճակագրական տվյալներ: Սեմինարի ընթացքում բացատրվեց տուբերկուլյոզի հայտնաբերման, ախտորոշման ու բուժման սկզբունքները: Անդրադարձ եղավ լրատվական միջոցներում հիվանդության լուսաբանման խնդիրներին: ՏՊԱԾ-ի գրասենյակի աշխատակիցները հավաստիացրին, որ տուբերկուլյոզը բուժելի, բայց վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը «mycobacterium tuberculosis»-ն է, իսկ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի եւ խստորեն հետեւել նրա նշանակումներին: Նշենք, որ, ելնելով վտանգավորության աստիճանից, ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ տուբերկուլյոզ հիվանդությունն ընդգրկվել է «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում»: Մասնագետների ներկայացմամբ, հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, միկոբակտերիաների տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում թոքային տուբերկուլյոզով հիվանդ անձինք: Հարուցիչը շրջակա միջավայր է ընկնում տուբերկուլյոզով հիվանդի հազալու, փռշտալու, եւ խոսելու ժամանակ: Հիվանդության փոխանցումը տեղի է ունենում տուբերկուլյոզի միկոբակտերիաներով ախտահարված օդը ներշնչելիս:

Մասնագետների խոսքերով, ընդհանրապես որեւէ օրգանում տուբերկուլյոզի զարգացման համար, նրանում միկոբակտերիաների առկայությունից բացի, նշանակություն ունեն նաեւ տվյալ օրգանի արյան մատակարարման առանձնահատկությունը եւ տեղային իմուն վիճակը: Ն. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ հիվանդությունը սովորաբար վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում, որի հավանականությունն առավել բարձր է դառնում վարակից հետո՝ 1-2 տարվա ընթացքում. բուժում չստացող յուրաքանչյուր մանրէազատող հիվանդ կարող է վարակել տարեկան 10-15 մարդու, իսկ վարակի վտանգը պայմանավորված է միկոբակտերիաների քանակով, ախտահարված օդի հետ շփման տեւողությամբ ու օրգանիզմի ընկալունակությամբ: Ն. Մեժլումյանն էլ, ներկայացնելով տուբերկուլյոզի տարածման աճի գլոբալ պատճառները, առանձնացրեց աղքատությունը եւ կենսամակարդակի աճող տարբերությունը բնակչության տարբեր շերտերում, խնդրի ոչ լիարժեք գնահատումը եւ այլն: Տուբերկուլյոզի վերահսկման անարդյունավետության պատճառներն էլ, ըստ բանախոսների՝ առաջին հերթին իշխանությունների կողմից ոչ բավարար ուշադրությունն ու ֆինանսավորումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել