Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱԴԵՍ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Հունիս 30,2009 00:00

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված շքեղության ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների, միայն բարձրաշխարհիկ խավի համար էր:

Պարզվում է՝ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի մեծահարուստների բիզնեսի կողքով անգամ չի անցել: Դրա վկայությունը հունիսի 26-27-ը Երեւանում «Գոլդեն պալաս» հյուրանոցային համալիրում կայացած շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսն էր:

Ցուցահանդեսի մուտքը, իհարկե, ազատ չէր՝ միայն հրավիրատոմսերով կամ էլ 5000 դրամ արժողությամբ տոմսերով: Ամեն շարքային քաղաքացի չէր կարող ներս մտնել կամ թեկուզ աչքի պոչով դիտել ապրանքները, քանի որ մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներն ամենայն ուշադրությամբ հսկում էին, որ պատահմամբ որեւէ անկոչ հյուր հյուրանոցի մուտքից ներս չմտնի:

Հասարակ երեւանցին միայն կարող էր 100 մետր հեռավորությունից հիանալ հյուրանոցի բակում ցուցադրված թանկարժեք ավտոմեքենաներով, մոտորանավակներով ու շքեղ առագաստանավերով:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումից ընդամենը 10 րոպե հետո արդեն վաճառվել էր 32 մլն դրամ արժողության մոտորանավակը, որի սեփականատիրոջ անունը, իհարկե, չցանկացան բացահայտել: Մեծահարուստներից մեկի «բախտն էլ պարզապես ժպտաց», որովհետեւ, գնելով թանկարժեք ավտոմեքենաներից մեկը, նվեր ստացավ «Հոնդա» մոտոցիկլետ: Նշենք, որ տեղում առքուվաճառք, այսինքն՝ գումարային ոչ մի գործընթաց չէր լինում, այլ հետաքրքրվողները նախապես կտրոններ էին ստանում, որը նաեւ որոշակի զեղչի արտոնություն էր սահմանում, հետո խանութներում վճարումները կատարում եւ ձեռք էին բերում տվյալ ապրանքը: Փաստորեն, ցուցահանդեսը նաեւ լավ առիթ էր, որ մեծահարուստները, զեղչի հաշվին, նաեւ իրենց գումարները մի փոքր տնտեսեն:

Մոտ 50 տաղավարներում ներկայացված զարդերի գները սկսվում էին մի քանի հազար դոլարից: Ցուցադրված էր անգամ $1 մլն արժողությամբ ժամացույց: Ինչպես կազմակերպիչներն «Առավոտին» ասացին, «այս էքսպոն միայն բարձրաշխարհիկ խավի համար է»: «Եթե ժամացույցները սկսվում էին, ասենք, 50-60 հազար դոլարից, բնականաբար միջին խավն իրեն դա թույլ չի կարող տալ»,- ասաց Քրիստինե Սարգսյանը, որը ցուցահանդեսի կազմակերպիչ «Էլ սթայլ մեգ» ընկերության փոխնախագահն է: Էլիտար հյուրերի քանակն առաջին օրը նախատեսված է 1000 հոգի, իսկ 2-րդ օրը՝ 2000: Սակայն, Ք. Սարգսյանի խոսքերով, հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ առաջին օրվա այցելուները նույնիսկ 2-րդ օրն էին գնացել: Մեզ հետ զրույցում ֆիրմաների ներկայացուցիչները վստահեցնում էին, որ, ճիշտ է, շատերն են հետաքրքրվում ապրանքատեսակներով եւ այն ձեռք բերելու ցանկություն հայտնում, սակայն քիչ չէին նրանք, ովքեր եկել էին հենց իրենց ցուցադրելու:

Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել շքեղ եւ նրբագեղ ապրանքները, Ք. Սարգսյանն ասաց. «Այս ցուցահանդեսում ընտրված են այն ընկերությունները, որոնք լյուքս դասակարգի ապրանքներ են ներկայացնում, մենք բոլորի հետ համագործակցել ենք, եւ ովքեր ցանկություն են հայտնել, նրանք էլ եկել էին: Ստացվեց իսկապես շքեղ եւ նրբաճաշակ, որովհետեւ ապրանքը կարող է լինել շքեղ, բայց՝ ոչ նրբաճաշակ»: Մեր այն հարցին, թե Հայաստանում կա՞ էլիտար եւ բարձրաճաշակ խավ, եւ նման ապրանքները լայն պահանջարկ ունե՞ն, Ք. Սարգսյանը պատասխանեց. «Եթե եկել էին այդքան մարդիկ եւ հրավիրատոմսերը բաժանվել էին նման մարդկանց, ուրեմն՝ կան, ուրեմն գոյություն ունի այդ խավը: Հայաստանում գրեթե բոլորը վարում են «Ինֆինիտի» եւ «Ռենջ ռովեր»: Հայերը, ովքեր հնարավորություն ունեն, սիրում են գումարները ծախսել շքեղ բաների վրա»: Ըստ Ք. Սարգսյանի, մեծահարուստների համար ցուցահանդեսներ կազմակերպվում են ամբողջ աշխարհում, իսկ «Էլ սթայլն» էլ, մասնակցելով Մոսկվայում կայացած «Միլիոնատերերի ցուցահանդեսին», որոշեց մեր միլիոնատերերին նման անակնկալ մատուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել