Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՎԵԼ Է

Հունիս 30,2009 00:00

«Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հայտնելով, որ իրենց ընկերությունը զբաղվում է «BMW» եւ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ վաճառակետի ցուցափեղկերում փակցված են այդ ավտոմեքենաների ֆիրմային նշանները: Դիմումում նշվել է նաեւ, որ իրենց է դիմել «Վիտտորիա» իրավաբանական ծառայություն» ընկերությունը, հայտնելով, որ ստանձնել է գերմանական «BMW» ընկերության իրավական շահերի պաշտպանությունը եւ նշել է, որ «BMW»-ին պատկանող ապրանքանիշը «Լաերտ եւ Ռոբերտի» կողմից օգտագործվում է ապօրինի, միաժամանակ պահանջել է դադարեցնել իրավախախտումը եւ այդ մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնել իրենց: «Լաերտ եւ Ռոբերտը» հայտնել էր նաեւ, որ հիմնականում զբաղվում է «BMW» ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ ցուցափեղկերից հանելով տվյալ ապրանքանշանը, չի կարող գովազդել եւ իրացնել պահեստամասերը, ավելին՝ այլ ցուցանակի օգտագործումը սպառողների շրջանում կարող է առաջացնել շփոթություն եւ մոլորեցում: Հաշվի առնելով նշվածը՝ «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը խնդրել է հանգամանորեն ուսումնասիրել եւ պարզել «Վիտտորիայի» գործողությունների օրինականությունը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում «Վիտտորիան» ներկայացրել է համապատասխան փաստարկներ, փաստաթղթեր եւ այլն: Իսկ «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը նոր դիմում է ներկայացրել հանձնաժողով՝ հայտնելով, որ «BMW» ապրանքային նշանը ցուցափեղկերից հանել են եւ խնդրել է դադարեցնել վարույթը:Համաձայն օրենքի, հանձնաժողովը կարճել է վարույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել